«Հավատում եմ, որ համալսարանից դուրս եք գալիս Հայաստանն ամեն օրվա հետ ավելի լավը դարձնելու առաքելությամբ»․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքը Պոլիտեխնիկի թվով 89-րդ շրջանավարտների ավարտական երեկոյին

«Հավատում եմ, որ համալսարանից դուրս եք գալիս Հայաստանն ամեն օրվա հետ ավելի լավը դարձնելու առաքելությամբ»․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքը Պոլիտեխնիկի թվով 89-րդ շրջանավարտների ավարտական երեկոյին

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի սիրելի շրջանավարտներ, Հոգաբարձուների խորհրդի հարգելի անդամներ, ղեկավարներ, Ռեկտորատի հարգելի ներկայացուցիչներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, Կառավարության, Ազգային ժողովի ներկայացուցիչներ, հարգելի հյուրեր։ Նախ ուզում եմ բոլորիս և, հատկապես, շրջանավարտներին շնորհավորել այս հիրավի հիշարժան օրվա առիթով։ Մեր շրջանավարտներին այսօր կուզեի ասել հետևյալը․ մենք գտնվում ենք մի բուհում, որը, ըստ էության, կանխորոշել է Հայաստանի այսօրվա դիմագիծը՝ բառի բուն իմաստով: Ի՞նչ նկատի ունեմ. երբ Հայաստանի երկրորդ հանրապետությունում սկսվեց ինդուստրալիզացիայի պրոցեսը, ամեն տարի այս բուհից դուրս էին գալիս հազարավոր ինժեներներ, ճարտարագետներ, որոնք ամեն օր վերափոխում էին, վերակառուցում էին Հայաստանը: Այն, ինչ այսօր մենք ունենք՝ սկսած էներգետիկայի ոլորտից, ենթակառուցվածքների, քաղաքաշինության, հաղորդակցության, տրանսպորտային համակարգերի ոլորտներով, դրանց մեծ մասը սաղմնավորվել է այս պատերի ներսում: Սա շատ կարևոր է արձանագրել։ Երրորդ հանրապետության հիմնադրմանը զուգընթաց հետաքրքիր մի գործընթաց տեղի ունեցավ, տարօրինակ կերպով մեր գիտակցության մեջ սկսեցին վախեր հայտնվել տեխնոլոգիաների նկատմամբ։ Այն ամենը ինչ տեխնոլոգիական էր հանկարծ անհասկանալի մի գործընթացով սկսեց ասոցացվել երկիրը, մեր ազգային հատկանիշներին, մեր ապագային վնասելու և անօգտակար լինելու տրամաբանությամբ։ Ի վերջո, երրորդ հանրապետության պատմության մեջ առկա պրոբլեմների մի հսկայական մասը կապված է տեխնոլոգիական այն բացերի հետ, կամ տեխնոլոգիական ժամանակակից պահանջներից և թրենդներից հետ մնալու հետ, որը, ցավոք, մենք ունեցանք: Ես ուզում եմ և հույս ունեմ, որ այս նոր ժամանակներում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, ավելի ճիշտ՝ նրա շրջանավարտները կվերգտնեն այն երբեմնի գործառույթը՝ ամեն օր Հայաստանն ավելի ու ավելի տեխնոլոգիական երկիր դարձնելու, որ ժամանակին ունեցել է այս համալսարանը և ընդհանրապես՝ մեր բուհական համակարգը: Կարծում եմ՝ մենք Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, ընդհանրապես՝ մեր բուհական համակարգը պետք է դիտարկենք այս տեսանկյունից, որ Հայաստանը մեր բուհական համակարգի միջոցով պիտի օր առաջ դառնա առավել մրցունակ հենց տեխնոլոգիական ոլորտում: Մեր կառավարությունը հռչակել է Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու ուղեգիծը և սա չափազանց կարևոր է: Հենց Ազգային պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ամենակարևոր առաքելությունն է՝ հաղթահարել այն պոտենցիալ վախերը, որ կարող են դեռ գոյություն ունենալ տեխնոլոգիաների նկատմամբ, որովհետև մենք տեսնում ենք, որ տեխնոլոգիաները գալիս են մարդկանց, հասարակություններին ծառայելու: Տեխնոլոգիաների այս ժամանակաշրջանում մենք տեսնում ենք անսպասելի միտումներ, երբ տեխնոլոգիայի դարում մարդը փորձում է ավելի ու ավելի մոտիկ լինել բնությանը, ավելի ու ավելի մոտիկ լինել իր ծագմանը և ավելի ու ավելի մեծ ջանքեր գործադրել շրջակա միջավայրը պահպանելու, պաշտպանելու, բայց մյուս կողմից՝ շրջակա միջավայրը մարդուն, հասարակությանը, պետությանը, երկրին ծառայեցնելու: Հարգելի շրջանավարտներ, ես շնորհավորում եմ ձեզ և ուզում եմ հավատալ, որ բուհից դուրս եք գալիս Հայաստանն ամեն օրվա հետ ավելի լավը դարձնելու առաքելությամբ, Հայաստանը շարունակաբար տեխնոլոգիական զարգացող և ի վերջո՝ զարգացած երկիր դարձնելու առաքելությամբ: Ես ուզում եմ ձեզ կանաչ ճանապարհ, բարի երթ մաղթել այս հիրավի դարակազմիկ առաքելությունն իրականացնելիս: Շնորհավորում եմ ձեզ, շնորհավորում եմ ձեր ծնողներին, ձեր ընտանիքի անդամներին, ձեր ուսուցիչներին, ձեր դասախոսներին և ձեզ համար կյանքի ճանապարհ բացած Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանին: Շնորհավորում եմ մեզ` բոլորիս, որ մեր երկիրը զարգացման ճանապարհին ահա այսպիսի նոր ներուժ, նոր ավյուն և նոր ոգևորություն պիտի ստանա»: