Ավարտական միջոցառում․ Պոլիտեխնիկի Հոգաբարձուների խորհրդի նախագահն ու համալսարանի ռեկտորը շնորհավորել են փոքրիկ պոլիտեխնիկցիներին

Ավարտական միջոցառում․ Պոլիտեխնիկի Հոգաբարձուների խորհրդի նախագահն ու համալսարանի ռեկտորը շնորհավորել են փոքրիկ պոլիտեխնիկցիներին

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մանկապարտեզում ավագ խմբի սաների ավարտական հանդեսն էր։ Փոքրիկները հրաժեշտ էին տալիս նախակրթարանին։ Շնորհավորելու և բարի երթ մաղթելու համար միջոցառմանը եկել էին ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը, ռեկտոր Գոռ Վարդանյանը, Մինչբուհական կրթության գծով պրոռեկտոր Էլբակ Էլբակյանը, Տնտեսական գործունեության և ենթակառուցվածքների կառավարման գծով պրոռեկտոր Կարապետ Թոռչյանը, ՀԱՊՀ մանկապարտեզի վարիչ, հոգեբան-մանկավարժ Նարինե Բախչինյանը, ծնողներ, հարազատներ և հյուրեր:

Միջոցառման բացումն ուղեկցվեց ավարտական խմբի փոքրիկների գեղեցիկ պարով։ Երեխաներն իրենց հրաշալի կատարումներով լցրեցին դահլիճը և մանկական պարզ ու անկեղծ էությամբ վարակեցին ներկաներին։ Երեխաներն արտասանում էին մաքուր հայերենով․ հայրենասիրական ասմունքներով, երգերով, հեքիաթային երազանքներով ներկաներին տանում դեպի մանկություն՝ զարմացնելով իրենց ունակություններով։

Մանկապարտեզի ողջ անձնակազմին, տնօրեն Բաղչինյանին և դաստիարակ Ավագյանին  իրենց շնորհակալական և երախտիքի խոսքն ուղղեցին փոքրիկների ծնողները, մարդկանց, ովքեր մշտապես իրենց ուշադրության կենտրոնում են պահել մանկապարտեզն ու այդտեղ դաստիարակվող  յուրաքանչյուր սանի։

Մանկապարտեզի տնօրենը ջերմորեն շնորհավորեց երեխաներին մանկապարտեզն ավարտելու առթիվ՝ ցանկանալով նրանց    մանկական ու պատանեկան անհոգ տարիներ, խաղաղ հայրենիք, ծնողական անսպառ սեր ու գուրգուրանք։

Շնորհավորանքի և  բարեմաղթանքի խոսքում ռեկտոր Գոռ Վարդանյանը շնորհակալություն հայտնեց մանկապարտեզի անձնակազմին, դաստիարակներին, ծնողներին կատարված աշխատանքի համար՝ ընդգծելով մանկապարտեզի դերը երեխաների համար։ Ռեկտորը  նշեց, որ ՀԱՊՀ մանկապարտեզի սաներն արդեն գիտեն, թե ինչ է հայրենիքը, ձեռք են բերել գիտելիքների մեծ պաշար և պատրաստ են դպրոցի։ Յուրաքանչյուր մանուկի համար կյանքը սկսվում է նախադպրոցական կրթությունից և այն շատ կարևոր է երեխաների ձևավորման, շփումների և նոր աշխարհների բացահայտման համար։ Ըստ ռեկտորի մանկապարտեզում ջանք չեն խնայել, որպեսզի մեր մանուկները պատրաստ լինեն դպրոց գնալու, նոր գիտելիքներ ձեռք բերելու, լավ մասնագետներ դառնալու և հայրենիքը հզորացնելու համար։

Երեխաներին շնորհավորեց նաև Հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան  Ավինյանը՝ մաղթելով բարի երթ։ Միջոցառման ավարտին  փոքրիկները ստացան նվերներ։