Հիշատակի օր Պոլիտեխնիկում՝ նվիրված Կարապետ Թահմազյանին

Հիշատակի օր Պոլիտեխնիկում՝ նվիրված  Կարապետ Թահմազյանին

Հունիսի 22-ը քիմիական, կենսատեխնոլոգիական և բնապահպանական տեխնոլոգիաների կրթության կազմակերպման մեծ երախտավոր, ՀԱՊՀ Պատվավոր պրոֆեսոր Կարապետ Թահմազյանի հիշատակի օրն է:

Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի Ընդհանուր քիմիայի և քիմիական տեխնոլոգիաների ամբիոնի ընդլայնված նիստի առաջին հարցը  նվիրված էր հենց պրոֆեսորի հիշատակին: Նիստին ներկա էին Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը, 1988-2006թթ. ՀԱՊՀ-ի ռեկտոր, ակադեմիկոս Յուրի Սարգսյանը, երկարամյա  պրոռեկտորներ Միքայել Հարությունյանն ու Սուրեն Աղբալյանը,  պրոռեկտոր Արեգ Գրիգորյանը, Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Վանդունցը,  Նաիրիտ ԳԱՄ-ի գլխավոր տնօրեն Գ․Մարգարյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՔՏ ու ԲՃ/քիմաիական տեխնոլոգիաների և բնապահապանության ճարտարագիտության/ ֆակուլտետի շրջանավարտ Ալխազ Ղազարյանը, ՀՀ հանրագիտարանի գլխավոր խմբագիր, պրոֆեսոր Հ․Այվազյանը,  համալսարանական բազմաթիվ գործընկերներ, այլ բուհերից ու գիտական կենտրոններից քիմիկոս գործընկերներ, Պոլիտեխնիկի քիմիականն ավարտած բազմաթիվ շրջանավարտներ:

Բացման խոսքում ամբիոնի վարիչ պրոֆեսոր Գագիկ Թորոսյանը, նշելով Թահմազյանի հիշատակը, ժողովականներին  հիշեցրեց  հանրապետությունում «քիմիկոսի» մասնագիտական-կրթական  ուղղվածության  ներկայիս խիստ անկումային վիճակը: Նա, ինչպես նաև հաջորդ ելույթ ունեցողները, նշեցին հատկապես այն իրողությունը, որ Երկրում շարունակվում են զարգանալ  քիմիական ուղղվածության արտադրական, ավելին, ռազմական արդյունաբերության ուղղությունները, կա մասնագետների պահանջարկի իրատեսական խնդիր:

Ամբիոնի վարիչն իր ելույթում կարևորեց նաև փաստը, որ նման խնդիր եղել է անցյալ դարի 90-ականներին, երբ օրվա հոբելյարը, Պոլիտեխնիկի այն ժամանակվա ղեկավարության ու պատկան մարմինների գործնական աջակցության շնորհիվ, կարողացավ վերապրեցնել Ֆակուլտետը: Ճգնաժամի լուծման արդյունքն արտացոլվեց հետագա 20 տարիներին ֆակուլտետի նոր ծաղկմամբ: Սկսեցին զարգանալ ուսումնա-գործնական աշխատանքներն  ու դրա շնորհիվ Երկիրն ունեցավ այսօրվա քիմիական, կենսաքիմիական, դեղագործական, բնապահպանական տեխնոլոգիաների հիանալի մասնագետներին, արտադրության և կրթական համակարգի ղեկավարներին ու ակտիվ մասնակիցներին:

Թահմազյանին նվիրված խոսքով հանդես եկան Յուրի Սարգսյանը, Գ․ Հովհաննիսյանը, Արտաշես Թադևոսյանը և մյուս ներկաները: ՀՀ ԱԺ պատգամավոր Ա․ Ղազարյանն առաջարկեց համատեղ քննարկել այդ հարցը Խորհրդարանի համապատախան հանձնաժողվի նիստում՝ ներկայացնելով իրատեսական ծրագիր ՀԱՊՀ-ում սույն մասնագիտական ուղղության ուսումնական խնդիրների նորովի կայացման համար:

Հնչեցին նաև ողջույններ արտասհմանում բնակվող ֆակուլտետի բազմաթիվ աշխատակիցներից ու շրջանավարտներից: Նամակ էր ուղարկել նաև Կանադայում բնակվող ՀՊՃՀ ՔՏ և ԲՃ ամբիոնի դոցենտ Ալիսա Կալպակյանը. «Քիմիականի բազմաթիվ երախտավորներիս համար, այդ թվում դուստրերիս՝ Խաչատրյան Հասմիկ և Լուսինե, Կարապետ Ծերունի Թահմազյանը եղել է որպես նպատակասլաց, աշխատասեր, կարգապահ, մեծահոգի, պատրաստակամ, օրինակելի մարդ և ընդմիշտ կմնա այդպիսին մեր հիշողություններում»: