ՀԱՊՀ ավագ դպրոցը առանցքային դեր խաղաց իմ ակադեմիական ճանապարհին․ նամակ Արա Մխոյանից՝ արևմտյան կիսագնդից՝ Միացյալ Նահանգներից

ՀԱՊՀ ավագ դպրոցը առանցքային դեր խաղաց իմ ակադեմիական ճանապարհին․ նամակ Արա Մխոյանից՝ արևմտյան կիսագնդից՝ Միացյալ Նահանգներից

Ողջույն, Ես Արա Մխոյանն եմ, գրում եմ Ձեզ ԱՄՆ-ի Միներվա համալսարանից: Հայաստանից բացի ապրել և սովորել եմ 6 տարբեր երկրներում, բայց ինչպես յուրաքանչյուր ճանապարհ` սկիզբ ունի, իմը սկսվեց հենց ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցից:

2015 թվականին, երբ ես ավարտեցի միջնակարգ դպրոցը, ծնողներս ավագ դպրոց էին փնտրում` իմ և քրոջս համար: ՀԱՊՀ Ավագ դպրոցը մեր առաջին ընտրություններից մեկն էր:  Երբ մենք առաջին անգամ այցելեցինք դպրոց, այն տեսնելու և խորհրդատվություն ստանալու համար, ես և քույրս այնքան էլ ոգևորված չէինք, բայց այն պահին, երբ տեսա նոր ձևավորված համակարգչային լաբորատորիան՝ 3-րդ հարկում, ես հասկացա, թե որքան առաջադեմ կարող է լինել այս դպրոցը.  չէի սխալվում:  Այցելությունից հետո մայրս կարիք չուներ շատ համոզելու.  փոխարենը միաձայն որոշեցինք, որ ես և քույրս ընդունելության քննություն ենք հանձնելու:  Քննության արդյունքները շուտով հրապարակվեցին, և մենք երկուսս էլ գնացինք տուն՝ վայելելու ամառվա մնացած մասը՝ իմանալով, որ սեպտեմբերին կվերադառնանք մեր նոր դպրոց:

Հիմնական բաները, որ գրավեցին ինձ այս դպրոցում, հմուտ ուսուցչական կազմն էր, արտադասարանական նախագծերը և այլ կազմակերպությունների հետ ներգրավվածությունը: Գիտակցելով այսքանը և իմանալով, որ ուզում եմ ավագ դպրոցից հետո սովորել արտերկրում, ես շատ նպատակաուղղված էի ծախսում իմ ժամանակը և մեծ ուշադրություն դարձնում երեք հիմնական կողմերին՝ ակադեմիական գիտելիքների, մասնագիտական ​​զարգացման և քաղաքացիական ներգրավվածության։

Սկզբում ակադեմիական դասընթացները բարդ էին։  Հիշում եմ, որ դժվարանում էի մաթեմատիկայի որոշ խնդիրներից և ցանկանում էի փոխել իմ մասնագիտական ​​ուղղությունը, բայց դպրոցի ղեկավարության շնորհիվ ես մնացի նույն դասարանում:  Ավագ դպրոցում սովորելու երեք տարիների ընթացքում կարողացա ստանալ մաթեմատիկայի և ֆիզիկայի խորացված գիտելիքներ: Դասախոսներ Ս. Եպիսկոպոսյանը և Ա. Մուրադյանը առանցքային դեր խաղացին իմ ակադեմիական ճանապարհի վրա՝ նրանք միշտ պատասխանում էին դասընկերնրիս ու իմ բոլոր հարցերին, ցույց էին տալիս անհավանական աջակցություն և մեզ առաջարկում էին ավելի դժվար խնդիրներ։

Բացի մաթեմատիկայի և ֆիզիկայի դասընթացներից, դպրոցն ուներ շատ յուրահատուկ ակադեմիական կառուցվածք, և մեզ առաջարկում էր Ծրագրավորման և Տեղեկատվական Տեխնոլոգիաների լրացուցիչ դասընթացներ: Ծրագրավորման դասին մենք օգտագործում էինք C++ ծրագրավորման լեզուն և վարժեցնում մեր մտածողությունը ավելի ալգորիթմական խնդիրների լուծման ուղղությամբ:  Նման մտածելակերպի ձևավորումը ավելի վաղ ուսման և կարիերայի ընթացքում կարևոր քայլ է.  հատկապես այն ուսանողների համար, ովքեր պատրաստվում են սովորել համակարգչային գիտություն:  Վերջապես, ուսումնական ծրագիրը ներառում էր նոր ՏՏ դասընթացի փորձարկում, որը մեզ սովորեցրեց մեր ժամանակակից բջջային և անալոգային կապերի հիմքում ընկած հիմնական տեխնոլոգիաների մասին:

Իմ դպրոցի կապերն ու արտադասարանական գործունեությունը ևս մեկ հնարավորություն էին ինձ համար սովորելու և զարգացնելու նոր հմտություններ:  Նախ, Ռոբոտաշինության ակումբը մեզ համար հիանալի վայր էր ռոբոտներ կառուցելու, ծրագրավորելու, խաղալու, սովորելու և փորձարկելու համար:  Կախված հետաքրքրություններից և հմտություններից, մեզանից ոմանք կենտրոնացան ավելի ծրագրավորման ասպեկտների վրա, մինչդեռ մյուսներն աշխատում էին ինժեներական կողմի վրա. այսպես մենք սովորեցինք աշխատել թիմում:  Ես հիշում եմ, որ մեր կառուցած ռոբոտներից մեկը աղբահանության, տարանջատման և վերամշակման մոդել էր, որը ներկայացրեցինք Ռոբոտների Միջազգային Օլիմպիադայի ազգային փուլում: Բացի զվարճանալուց, մենք մտածում էինք ռոբոտների միջոցով լուծել գլոբալ տաքացման մեծ խնդիրը:  Ես և իմ ընկերներից ոմանք նույնպես գրանցվել էինք լրացուցիչ դասերի գործընկեր Քվանտ դպրոցում՝ սովորելու, թե ինչպես պատրաստել հրթիռներ:  Այս ծրագիրը ընդլայնեց մեր կապերը և բացեց նոր հնարավորություններ, օրինակ՝ զրուցել իրական ռուս տիեզերագնացի հետ:

Դպրոցի քաղաքացիական ներգրավվածությունը ևս մեկ հնարավորություն էր ինձ նման ուսանողների համար ունենալու ավելի հասարակական ներգրավվածություն: Որոշ ձեռքբերումներ, որոնք ես և իմ ընկերները ունեցանք, ներառում էին ՏՏ լավագույն ուսանողի նախագահական մրցանակը, մենք մեր պատվիրակությունն ունեցանք Եվրոպական Երիտասարդական Պարլամանետի համաժողովներից մեկում և հաքաթոնում կազմակերպված խոշոր ընկերությունների կողմից, ինչպիսիք են Microsoft-ը Վանաձորում և Ծաղկաձորում:  Ոչ բոլոր ավագ դպրոցներն ունեն նման նախաձեռնությունների մասնակից լինելու արտոնություն, և դպրոցի թիմում լինելը մեծ պատիվ էր:  Մեր փոխտնօրեն Ն. Համբարձումյանը միշտ հետևում էր տարածաշրջանում տեղի ունեցող յուրաքանչյուր մրցույթին, իրադարձությաններին, համաժողովներին և խրախուսում մեր մասնակցությունը:  Այս կերպ մենք ոչ միայն սովորեցինք և մշակեցինք օգտակար ապրանքներ, այլև նոր կապեր հաստատեցինք մեր ոլորտի մասնագետների հետ:

Բացի դպրոցից, ներգրավված էի նաև այլ կազմակերպությունների և նախագծերի մեջ:  Ավագ դպրոցում սովորելու ընթացքում ես շատ եմ կամավոր աշխատել Երևանում և մարզերում, մասնակցել եմ Ավստրիայում անցկացվող կոնֆերանսի որպես Էրազմուս+ ծրագրի մաս, և ԱՄՆ դեսպանատան լիարժեք կրթաթոշակով 2017 թվականի ամառս անցկացրել եմ ԱՄՆ-ում՝ սովորելով համայնքային քոլեջում:  Տարիներ շարունակ աշխատել եմ նաև EducationUSA Հայաստանյան գրասենյակի հետ, և երբ ժամանակն էր դիմել ԱՄՆ տարբեր բուհեր Միներվան այն եզակի համալսարաններից էր, որն ուներ մանկավարժական մոդերն մոտեցում կրթությանը, և հավաքում էր ուսանողներին ամբողջ աշխարհից՝ ընդամենը 1,2% ընդունելության հավանականությամբ:

Միներվա ընդունվելուց հետո խորհրդակցեցի իմ մենթորների և դպրոցի հետ, և որոշեցի ընդունել ուսման հրավերը:  Իմ առաջին տարին անցկացրել եմ Կալիֆորնիա նահանգի` Սան Ֆրանցիսկո քաղաքում, մասնակցելով ընդհանուր կրթության դասընթացներին և ավելի շատ մտածելով իմ կարիերայի ուղու մասին:  Սան Ֆրանցիսկոյում նաև ներգրավված էի տարբեր կազմակերպություններում, ես և 3 դասընկերներս կազմակերպեցինք Սիլիկոնային հովտի Արհեստական ​​Ինտելեկտի մեծ կոնֆերանս համալսարանիս աջակցությամբ:  Իմ երկրորդ կուրսի առաջին կիսամյակի ընթացքում ես գնացի Սեուլ՝ Կորեա, և աշխատելով տեղական ընկերության հետ մեքենաների ճանաչման հավելվածի մշակման վրա, համալսարանում սկսեցի վերցնել խորը համակարգչային գիտության դասեր:  Անցկացրեցի իմ հաջորդ կիսամյակը Հնդկաստանի` Հայդերաբադ քաղաքում, և այստեղ որոշեցի ընդլայնել իմ ընտրած ոլորտը` ավելացնելով բիզնես մասնագիտությունը:  Հնդկաստանում ես նաև աշխատեցի տեղացի ֆերմերների հետ և փորձեցի օպտիմալացնել նրանց նպատակակետային ուղիները:  Դրանից հետո տեղափոխվեցի Լոնդոն՝ Մեծ Բրիտանիա, և մինչ շարունակում էի համակարգչային գիտության և բիզնեսի դասերը, ես աշխատում էի տեղական ընկերության հետ, որն օգնում է փախստականներին սովորել ծրագրավորում Լոնդոնում:  Մասնագիտական ​​աճի համար վերադարձա Սան Ֆրանցիսկո, ևս մեկ կիսամյակ անցկացրեցի այստեղ: Իսկ ամռանը աշխատում էի երկու խոշոր ընկերությունների հետ՝ որպես ծրագրային ապահովման ինժեներ:  Ես աշխատում էի Splunk-ի հետ, որը տվյալների մեծ ընկերություն է, և Viasat-ի հետ, որը արբանյակային ինտերնետ էր տրամադրում ԱՄՆ կառավարությանը, բանակին և ինքնաթիռներին:  Սկսեցի իմ վերջին տարին Բեռլինում՝ Գերմանիա, և ավարտելով իմ բուն մասնագիտական դասընթացները, սկսեցի աշխատել իմ ավարտական ​​թեզի վրա, որը ծրագիր է, որն օգնում է ընկերություններին ավելի լավ կազմակերպել իրենց ծրագրային ապահովման ճարտարագիտության թիմերը:  Բեռլինից հետո վերադարձա Սան Ֆրանցիսկո և ավարտեցի Minerva-ն նոր փորձով, հմտություններով և գաղափարներով:  Առաջ շարժվելով՝ ես կաշխատեմ որպես ծրագրային ապահովման ինժեներ մի ընկերությունում, որը տրամադրում է հեռարձակային կապի ծառայություններ ԱՄՆ-ում և Եվրոպայում ինքնաթիռներին.  այնպես որ, հաջորդ անգամ, երբ ինքնաթիռում միանաք ինտերնետին, հիշեք ինձ ։

Իմ ճանապարհի ամեն քայլը միտումնավոր էր տանում այնտեղ, որտեղ ես հիմա եմ:  Ես անհամբեր սպասում եմ տեսնելու, թե ինչ է սպասվում ինձ ապագայում, բայց այս ամենը հնարավոր չէր լինի առանց իմ ուսուցիչների, ընկերների, դպրոցի և բոլոր մյուս ընկերությունների, որոնց հետ աշխատել եմ:  Եվ այդ ամենի համար` Ես Շնորհակալ եմ: