Պոլիտեխնիկն ու Շուշիի տեխնոլոգիական համալսարանը ազդարարում են համագործակցությունների նոր մեկնարկ: Գոռ Վարդանյանն ու Նվեր Միքայելյանը ստորագրել են համաձայնագիր

Պոլիտեխնիկն ու Շուշիի տեխնոլոգիական համալսարանը ազդարարում են համագործակցությունների նոր մեկնարկ: Գոռ Վարդանյանն ու Նվեր Միքայելյանը ստորագրել են համաձայնագիր

Շուշիի տեխնոլոգիական համալսարանը հյուրընկալվեր էր Հայաստանի ինժեներական կառույցում՝ Պոլիտեխնիկում: Հիմք ընդունելով միջբուհական համագործակցության ապահովման, գիտատեխնիկական և կադրային ներուժի արդյունավետ օգտագործման և առաջավոր փորձի փոխանակման անհրաժեշտությունը, համալսարանների ռեկտորներ Գոռ Վարդանյանն ու Նվեր Միքայելյանը կնքել են համագործակցության հուշագիր: ՀԱՊՀ ռեկտորը հյուրերին տեղեկացրեց, որ նախապես քննարկել են համագործակցության ուղղություններն ու բովանդակությունը: Գոռ Վարդանյանը վստահեցրեց, որ ստեղծված վիճակում ՀԱՊՀ-ն կարող է իր մասնակցությունն ու ազդեցությունն ունենալ Արցախի բարձրագույն կրթության համակարգում, ինչպես նաև մասնակցել արդյունավետ կրթության կազմակերպմանը և հավելեց. «Միջազգային համագործակցությունը, որ ունի Պոլիտեխնիկը աշխարհի առաջատար գիտակրթական հաստատությունների հետ, հնարավորություն է տալիս ներգրավել նաև Արցախի գիտական համայնքին, տարբեր հարթակներում բարձրաձայնել տարաբնույթ խնդիրներ»:

Իր հերթին Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր Նվեր Միքայելյանը ուրախությամբ փաստեց, որ մեկնարկում է երկար սպասված համագործակցությունը: «Ես շատ ուրախ եմ և մեծ հույսեր եմ կապում այս համագործակցության հետ: Արցախի կրթագիտական ոլորտի հետագա զարգացման գործում մեծ նշանակություն ունի նաև այս համագործակցությունը: Շնորհակալ եմ այս փուլին հասնելու համար, վստահ եմ ավելի սերտ ենք աշխատելու ուսանողների, դասախոսների հետ և մյուս ծրագրերում»,- շնորհակալության խոսքում նշեց Միքայելյանը:

Համագործակցությունը թույլ կտա կազմակերպել կլոր սեղաններ, վարպետության դասեր, իրականացնել ակադեմիական փոխանակում և մի շարք կարևոր միջոցառումներ:

Միջոցառմանը ՀԱՊՀ ռեկտորը նշեց, որ համագործակցությունը լավ հնարավորություն է գիտական համայնքի և ուսանողների հետ համատեղ, այս բարդ իրավիճակում բարոյահոգեբանական վիճակի մեջ որոշ փոփոխություններ մտցնել: Գոռ Վարդանյանը լիահույս է, որ ստորագրվող համագործակցությունից հետո գիտական համայնքի և ուսումնական ստորաբաժանումների ներկայացուցիչները պատրաստակամ ձևով ներգրավված կլինեն արդյունավետ համագործակցության մեջ: