«Իմ նոր կյանքի առաջին զանգ, դպրոցական վերջին զանգ»․ ՀԱՊՀ ավագ դպրոցում հնչեց վերջին զանգը

«Իմ նոր կյանքի առաջին զանգ, դպրոցական վերջին զանգ»․  ՀԱՊՀ ավագ դպրոցում հնչեց վերջին զանգը

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցի վերջին զանգի հանդիսավոր արարողությունը մեկ հարկի տակ էր համախմբել կրթական գործընթացում ներգրավված բոլոր մասնակիցներին: Ավարտական օրը, կարևորելու աշակերտների տոնը, ներկա էր ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը, պրոռեկտորները, դասախոսները, ուսուցիչները, ծնողները:

Այս տարի ՀԱՊՀ ավագ դպրոցը ավարտում է 273 աշակերտ: Տոնական համերգ, ողջույնի խոսքեր, ուրախության ու տխրության միաձուլումից ծնված ժպիտներ, մինչև երեկո շարունակվող ավարտական միջոցառումների շարք:

Ոչ միայն աշակերտները, հուզված են նաև ծնողները, որոնք բեմ բարձրանալիս և երախտիքի խոսք ասելիս ակամայից դառնում են հուզված և բառերը կորցնում են իմաստը, որովհետև երեխաներին վստահել են ՀԱՊՀ ավագ դպրոցին և հիմա տեսնում են փայլուն արդյունք:

«Դպրոց ընտրելիս, ծնողը իր ուսերին է կրում երեխայի կրթության պատասխանատվությունը: Վստահեցնում եմ, որ ճիշտ ընտրություն ենք կատարել, ՀԱՊՀ ավագ դպրոցը ապահովում է փայլուն արդյունք:  Այս դպրոցը իսկական հենարան է երեխաների համար, նաև՝ կրթության իսկական դարբնոց: Երջանկություն է լինել Պոլիտեխնիկի մեծ ընտանիքի անդամը»,- տպավորություններով կիսվում են ծնողները:

Ավագ դպրոցի տնօրեն Ալֆրեդ Պետրոսյանը աշակերտներին ու ծնողներին շնորհավորեց կարևոր օրվա առիթով: Նշնեց, որ Պոլիտեխնիկի ավագ դպրոցը մեծ դեր ունի աշակերտների ոչ միայն կրթության, նաև՝ դաստիարակության հարցում: Շեշտեց, որ վստահաբար ազդարարում են նոր ճանապարհի մեկնարկ՝ հարուստ գիտելիքներով:

Պրոռեկտոր Էլբակ Էլբակյանը կարևոր համարեց, որ աշակերտները կրթություն են ստացել հենց Պոլիտեխնիկի միջավայրում, որտեղ ձևավորվում են ապագայի իրատեսական գաղափարներ: Իսկ այդ գաղափարները հաստատ կիրառություն կստանան հանուն երկրի զարգացման: Հատուկ շնորհակալություն հայտնեց ուսուցիչներին իրական արժեքների ներդրման համար: Ուրախությամբ նաև փաստեց, որ մեծ մասը ընդունվելու է հենց Պոլիտեխնիկ:

Ամփոփիչ ելույթում ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը, դիմելով մանկավարժներին, ծնողներին, Պոլիտեխնիկի մեծ ընտանիքի կրտսեր անդամներին, շնորհավորանքին զուգահեռ հատուկ ընդգծեց, որ մեծ ձեռքբերում է սովորել 90-ամյա կրթօջախում:

«Առանձնահատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել դպրոցի մանկավարժներին, տնօրինությանը, մրցունակ կրթություն կազմակերպելու համար: Ուզում եմ ընդգծել, որ Պոլիտեխնիկը ձեզ համար այն կառույցն է, որտեղ կարող եք ցանկացած հարցում, ցանկացած դժվար պահի հիշեք՝ ունեք աջակցություն մի ամբողջ համայնքի: Մեր ցանկությունն է ձեզ տեսնել ապագայում՝ մեծ հաջողություններով: Ձեր հաջողությունները նաև մերն է: Հիշեք, որ դուք Պոլիտեխնիկի դեսպաններն եք ամբողջ աշխարհում։ Շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում բարի երթ»,- ռեկտորի մաղթանքն էր ամբիոնից:

Տոնական օրը ռեկտորը նաև շնորհակալագրեր հանձնեց ուսուցիչներին՝ անձնուրաց աշխատանքի ու նվիրումի համար: