Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցի վերջին զանգի հանդիսավոր արարողությունը մեկ հարկի տակ էր համախմբել կրթական գործընթացում ներգրավված բոլոր մասնակիցներին: Ավարտական օրը, կարևորելու աշակերտների տոնը, ներկա էր ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը, պրոռեկտորները, դասախոսները, ուսուցիչները, ծնողները:
Այս տարի ՀԱՊՀ ավագ դպրոցը ավարտում է 273 աշակերտ: Տոնական համերգ, ողջույնի խոսքեր, ուրախության ու տխրության միաձուլումից ծնված ժպիտներ, մինչև երեկո շարունակվող ավարտական միջոցառումների շարք:
Ոչ միայն աշակերտները, հուզված են նաև ծնողները, որոնք բեմ բարձրանալիս և երախտիքի խոսք ասելիս ակամայից դառնում են հուզված և բառերը կորցնում են իմաստը, որովհետև երեխաներին վստահել են ՀԱՊՀ ավագ դպրոցին և հիմա տեսնում են փայլուն արդյունք:
«Դպրոց ընտրելիս, ծնողը իր ուսերին է կրում երեխայի կրթության պատասխանատվությունը: Վստահեցնում եմ, որ ճիշտ ընտրություն ենք կատարել, ՀԱՊՀ ավագ դպրոցը ապահովում է փայլուն արդյունք: Այս դպրոցը իսկական հենարան է երեխաների համար, նաև՝ կրթության իսկական դարբնոց: Երջանկություն է լինել Պոլիտեխնիկի մեծ ընտանիքի անդամը»,- տպավորություններով կիսվում են ծնողները:
Ավագ դպրոցի տնօրեն Ալֆրեդ Պետրոսյանը աշակերտներին ու ծնողներին շնորհավորեց կարևոր օրվա առիթով: Նշնեց, որ Պոլիտեխնիկի ավագ դպրոցը մեծ դեր ունի աշակերտների ոչ միայն կրթության, նաև՝ դաստիարակության հարցում: Շեշտեց, որ վստահաբար ազդարարում են նոր ճանապարհի մեկնարկ՝ հարուստ գիտելիքներով:
Պրոռեկտոր Էլբակ Էլբակյանը կարևոր համարեց, որ աշակերտները կրթություն են ստացել հենց Պոլիտեխնիկի միջավայրում, որտեղ ձևավորվում են ապագայի իրատեսական գաղափարներ: Իսկ այդ գաղափարները հաստատ կիրառություն կստանան հանուն երկրի զարգացման: Հատուկ շնորհակալություն հայտնեց ուսուցիչներին իրական արժեքների ներդրման համար: Ուրախությամբ նաև փաստեց, որ մեծ մասը ընդունվելու է հենց Պոլիտեխնիկ:
Ամփոփիչ ելույթում ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը, դիմելով մանկավարժներին, ծնողներին, Պոլիտեխնիկի մեծ ընտանիքի կրտսեր անդամներին, շնորհավորանքին զուգահեռ հատուկ ընդգծեց, որ մեծ ձեռքբերում է սովորել 90-ամյա կրթօջախում:
«Առանձնահատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել դպրոցի մանկավարժներին, տնօրինությանը, մրցունակ կրթություն կազմակերպելու համար: Ուզում եմ ընդգծել, որ Պոլիտեխնիկը ձեզ համար այն կառույցն է, որտեղ կարող եք ցանկացած հարցում, ցանկացած դժվար պահի հիշեք՝ ունեք աջակցություն մի ամբողջ համայնքի: Մեր ցանկությունն է ձեզ տեսնել ապագայում՝ մեծ հաջողություններով: Ձեր հաջողությունները նաև մերն է: Հիշեք, որ դուք Պոլիտեխնիկի դեսպաններն եք ամբողջ աշխարհում։ Շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում բարի երթ»,- ռեկտորի մաղթանքն էր ամբիոնից:
Տոնական օրը ռեկտորը նաև շնորհակալագրեր հանձնեց ուսուցիչներին՝ անձնուրաց աշխատանքի ու նվիրումի համար: