Պոլիտեխնիկը Սարաևոյում մասնակցում է «Ակադեմիա-արդյունաբերություն դաշինքների առավելություններն ու ազդեցությունը» խորագրով աշխատաժողովին

Պոլիտեխնիկը Սարաևոյում մասնակցում է «Ակադեմիա-արդյունաբերություն դաշինքների առավելություններն ու ազդեցությունը» խորագրով աշխատաժողովին

«ERASMUS+» ծրագրի «Նորարարական և բաց համագործակցային հարթակի միջոցով ակադեմիա–արդյունաբերություն դաշինքի խթանումը հանուն հետազոտության և մշակման» նախագծի համակարգողները Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյի համալսարանում կազմակերպել էին «Ակադեմիա-արդյունաբերություն դաշինքների առավելություններն ու ազդեցությունը» խորագրով պլանավորված աշխատաժողովին նվիրված հանդիպում: Այստեղ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներկայացուցիչը Տեղեկատվական անվտանգության և ծրագրային ապահովման ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գևորգ Մարգարովն էր:

Հանդիպման առաջին աշխատանքային օրը, աշխատաժողովի բացման ողջույնի խոսքերից հետո նախագծի համակարգող պրոֆեսոր Ելենա Դումովա-Յովանոսկան՝  Հյուսիսային Մակեդոնիայի «Կիրիլ և Մեթոդիուս» համալսարանից, հանգամանալից ներկայացրեց նախագծի նպատակները և ստացված հիմնական արդյունքները: Այնուհետև նախագծի մասնակից բոլոր գործընկեր համալսարանների ներկայացուցիչները անդրադարձան իրենց համալսարաններում նոր հետազոտությունների և մշակումների բաժինների ստեղծման և շահագործման խնդիրներին: Մասնավորապես, ՀԱՊՀ պրոֆեսոր Գևորգ Մարգարովը մանրամասն ներկայացրեց Պոլիտեխնիկի Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի կազմում Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի մասնակցությամբ ստեղծված ՀԱՊՀ-ԻԱՊԻ համատեղ հետազոտությունների բաժնի կառուցվածքը, սարքավորումները, տեղեկատվական միջավայրը և աշխատանքի կազմակերպման սկզբունքները:

Հաջորդող աշխատանքային օրերին, աշխատաժողովից բացի, տեղի ունեցավ նաև «Պիլոտային փուլի գնահատում և պլանավորման կայունություն» սեմինարը, ինչպես նաև  նախագծի համակարգող հանդիպումը, որտեղ քննարկվեցին մի շարք կազմակեպչական և ֆինանսական հարցեր: