Ես Միլենան եմ, հասցես՝ Պոլիտեխնիկ, ավելի ստույգ՝ ավագ դպրոց

Ես Միլենան եմ, հասցես՝ Պոլիտեխնիկ, ավելի ստույգ՝ ավագ դպրոց

«Մայրս, պապիկներս սովորել են Պոլիտեխնիկում: Ես տանը միայն լսում էի այստեղի կրթության, այստեղ ճիշտ մասնագետ կայանալու փայլուն հնարավորությունների մասին»:

Միլենայի հետ երկխոսությունը միանգամից ստացվեց, առանց պատրաստվելու: Ավագ դպրոցի աշակերտական խորհրդի նախագահը այս տարի ավարտում է և մասնագիտական հմտությունները շարունակելու է խորացնել նույն տարածքում՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում: Համարձակ և ինքնուրույն լինելու գործում միջավայրն է օգնել, որտեղ տնօրեն, փոխտնօրեն, ուսուցիչ…բոլորը աշակերտի ընկերներն են, երկրորդ տան մտերիմները:

«Պոլիտեխնիկի մասին շատ եմ լսել, բայց չեմ իմացել ավագ դպրոցի մասին: Դասընկերուհիս դիմելու էր ավագ դպրոց, այնքան գունավոր էր ներկայացնում ամեն ինչ, այնքան նպատակներ էր ներկայացնում այստեղի հետ կապված, մի պահ փորձում էի հասկանալ՝ որտեղ է սկսվում և ավարտվում անհավանական իրականությունը: Ես էլ եկա, եկա ու մնացի»,-անկեղծ զրուցում է Միլենան:

Եկավ ՀԱՊՀ ավագ դպրոցի մաթեմատիկայի ու ֆիզիկայի նախապատրաստական դասընթացին, որոշեց հստակեցնել կարևորը՝ ապագայի ինժեներական մասնագիտություններից մեկի կրողը հենց ինքն է լինելու: Աշակերտական խորհրդի նախագահ Միլենա Թովմասյանը ընդունվեց ֆիզիկամաթեմատիկական ենթահոսք: Խոստովանում է՝ մի քանի ամսվա նախապատրաստական դասընթացը տվեց ավելին, քան դպրոցական տարիների կուտակածը:

«Մինչև այստեղ գալս պատկերացումներս այլ էին, որովհետև նախորդ դպրոցում ամեն ինչ շատ սովորական էր՝ միայն քարացած դասաժամեր և վերջ: Ավելին, աշակերտն ու ուսուցիչը չունեին երկխոսություն, բայց յուրաքանչյուր աշակերտ ուզում է ինքնարտահայտվել: Այստեղ ամեն ինչ հակառակն էր: Դասարանը՝ ազատ ու գրկաբաց աշակերտներով, որտեղ չկա իմն ու քոնը, կա ընդհանուր՝ մենք: Այստեղ ամոթ չէ սովորելը, բոլորը սիրում են սովորել: Միջավայրն ինձ զարմացնում էր: Գիտե՞ք ինչու, ամեն օր նորություն կար, կար խմբային մտածելակերպ, և կարևորը՝ կա ընդհանուր ուժերով ստեղծված շոշափելի հաջողություն»,- հետահայաց հիշում է Միլենան:

Մաթեմատիկա և ֆիզիկա պարապելիս Միլենային շրջապատում ասել են, որ դրանք «մեռնող» առարկաներ են: Հիմա վստահաբար ասում է՝ ավագ դպրոցի միջավայրը ապացուցեց, որ բնագիտական առարկաները բոլոր մասնագիտությունների հիմքն են:

Անկախ իր կամքից, ընդգրկվել է դպրոցի տարբեր աշխատանքներում՝ կամավորության սկզբունքով: Մյուսների պես ցանկացել է ինչ-որ գործ անել, որպես փոքրիկ շնորհակալություն դպրոցին:

«Չէ՞ որ ապագայիս հիմքերը դրվում են այսօր և այստեղ». Միլենա

Միլենան կրթությունը շարունակելու է ՀԱՊՀ-ում՝ տեղեկատվական տեխնոլոգիաներում:

«Հիմա, առավել քան վստահ ասում եմ՝ ես պոլիտեխնիկցի եմ: Ինժեներական կրթությունն իմ ապագան է: Երեք տարի այստեղ սովորում եմ, տեսել եմ ուսանողների անբացատրելի էներգիայով լեցուն օրերը: Իսկական ուսանողական անկյուն՝ Երևանի սրտում: Հաճախ ենք լինում ընթերցասրահում, տեսնում, թե ինչպես են ուսանողները պարապում: Ես չեմ տեսել անգործ ուսանող: Համալսարանում ևս լինելու եմ ուսանողական խորհրդում, մասնակցելու ուսանողական կյանքի ակտիվացմանը: Եվ կարևորը՝ այստեղ ուսուցիչն ու դասախոսը մեր ընկերներն են, իսկ դա մեծ ձեռքբերում է»,- ժպտում է Միլենան: