Ճանապարհորդություն դեպի…

Ճանապարհորդություն դեպի…

Մի՛ շտապիր, ընթերցո՛ղ, իմ  ճանապարհորդությունը դեպի տիեզերք չէ:Ճի՞շտ կռահեցի միտքդ: Չէ՞ որ մենք 21-րդ դարում ենք ապրում և երկրագնդի գիտական ներուժը կատարում է ուսումնասիրություններ՝ տիեզերքը նվաճելու ուղղությամբ:

Ուրեմն հենց սա էլ պետք է լիներ իմ ճանապարհորդության ուղղությունը:

Սակայն ես…Ավելի ճիշտ ինձ համար կա մի սրբազան,երանելի ճանապարհորդություն:Այդ ճանապարհորդությունը դեպի Սասուն է՝ ավելի կոնկրետ դեպի Հոսներ գյուղ: (Շատ ե՞մ հետ այս կյանքից):

Հոսները իմ պապերի ծննդավայրն է՝ իմ երզանքների «էրգիրը»: Իմ գերդաստանն ապրում էր Սասնո այդ գողտրիկ անկյունում:

Մեծ էր իմ գերդաստանը,շեն: Ամեն մեկն իր անելիքն ուներ. հարսներն օրորոց էին օրորում,տղամարդիկ հնձի էին գնում,հոտն արոտի տանում,պապը հետևում էր դրսի աշխատանքներին,տատը՝ ներսի անցուդարձին:

Ամեն ինչ լավ էր,ամեն ինչ խաղաղ.տպավորություն էր,թե տանը մի շունչ էր,մի բերան:

Դրախտային բնությունը ոգևորող էր:Եկամուտի հիմնական աղբյուրը անասնապահությունն էր:Արտերում գլգիլն էր հասնում: Պետք էր առևտուր անել,իջնում էին Մուշ…

Մշո դաշտեր մշուշ էր,

Ուր հողն ու ջուրն անուշ էր…

Չզարմանաք, որ պատմում եմ ականատեսի աչքերով.ախր այնքա˜ն եմ լսել այդ պատմությունները,ապրել դրանցով,երազներ տեսել դրանց մասին: Եվ դրանք դարձել են ինձ համար նվիրական,անկրկնելի:

Իմ նվիրական երազանքն է լինել այդ հող ու ջրի տիրակալ բնակիչը,որ երբ մի օր այնտեղ գնամ (իսկ դա անխուսափելի է) ,չլինեմ սոսկ ճանապարհորդ, այլ իմ հող ու ջրի լիիրավ տերը:

Հով լինի,սրով լինի՝

Պիտի գնանք վաղ թե ուշ…

Թե չէ էլ ի՞նչ ժառանգ,էլ ի՞նչ սասունցի,էլ ի՞նչ թոռ ու ծոռ…

Պապս հիմա էլ է պատմում,որ իր հայրը գաղթի ճանապարհին,հոգեվարքի մեջ,անգամ «ա˜խ մըր էրգիր» ասելով մահացավ:

Եվ ես հիմա իմ պարտքն եմ համարում լինել այդ նվիրական «էրգրի»  այն ճանապարհորդը,որը կհանգրվանի իր պապական հողում` բոլոր իր նման տեղահանված հայերին ամբարելով այնտեղ: