Մայքլ Օհանյանը նախատեսում է Պոլիտեխնիկական համալսարանում հիմնել ավտոմատ նույնականացման եւ գծիկային կոդավորման կրթական կենտրոն

Մայքլ Օհանյանը նախատեսում է Պոլիտեխնիկական համալսարանում հիմնել  ավտոմատ նույնականացման եւ գծիկային կոդավորման կրթական կենտրոն

Ամերիկահայ բարերար, «Intermec» ընկերության նախկին նախագահ Մայքլ Օհանյանի 2003 թվականի այցը Հայաստան մի կարևոր թիրախ ուներ՝ ավտոմատացված նույնականացման, գծիկային կոդավորման և ռադիոհաճախականային նույնականացման ուղղությունը Հայաստանում հիմնելն ու զարգացնելն էր, ինչպես կրթական և գիտական, այնպես էլ արտադրական ոլորտում: Նա ցանկանում էր ապագայում տեսնել Հայաստանը ավտոմատացված նույնականացման, գծիկային կոդավորման կենտրոն՝ տարածաշրջանի երկրների համար:

Այդ նպատակով նա այցելեց Պոլիտեխնիկական համալսարան և ներկայացրեց իր այցի նախագիծը համալսարանի նախկին ռեկտոր Յուրի Սարգսյանին, որը մեծ ոգևորությամբ ընդունեց Օհանյանի առաջարկը՝ մեծ ապագա տեսնելով այդ ոլորտի մեջ: Նախագծի իրագործումը հանձնարարվեց Կիբեռնետիկայի նախկին դեկան՝ Մ. Մուրադյանին, հաշվի առնելով վերջինիս մեծ գիտական և արտադրական աշխատանքային փորձը ԽՍՀՄ-ի ռազմական ոլորտում, ինչպես նաև Միութենական գիտաարտադրական միավորումների ղեկավարի պաշտոններում:

Մ. Մուրադյանը օգտագործելով իր դասախոսի, գիտնականի և ղեկավարի մեծ փորձը մի քանի ամսում նույն 2003 թվականին հիմնեց «Ավտոմատացված նույնականացման մեթոդների միջֆակուլտետային և ուսումնահետազոտական»  լաբորատորիան և կազմակերպեց դասընթացներ լավագույն ուսանորղների համար, որոնք ուսումնասիրում էին նոր ոլորտը մեծ հետաքրքրությանբ: Հարկ է նշել, որ լաբորատորիան հիմնվեց Մայքլ Օհանյանի միջոցներով, այն զինվեց գծային և երկչափ գծիկային կոդերի տարբեր տեսակի կարդացող սարքերով, գծիկային կոդերի լազերային և ջերմային տպիչներով, պլաստիկ քարտերի տպիչներով, ռադիոհաճախականային չիպերով և ալեհավաքներով, համակարգիչներով, անհրաժեշտ գրականությամբ: Լաբորատորիայում դասախոսություններ էին վարում Մ. Մուրադյանը, Գ. Բերբերյանը և Ա. Մուրադյանը, ապա նաև Յու. Մելիքսեթյանը: Նոր կիսամյակում Մ. Մուրադյանը ստացավ ուսանողներից մեծ քանակությամբ դիմումներ՝ այդ դասընթացներին մասնակցելու խնդրանքով, ստեղծվեցին նոր խմբեր:

2004 թ. Մ. Մուրադյանը մի քանի պոլիտեխնիկցի դասախոսների հետ մեկնեց ԱՄՆ-ի Օհայոյի համալսարան՝ վերապատրաստման: Արդյունքում Պոլիտեխնիկում բացվում է «Ավտոմատացված նույնականացման և գծիկային կոդավորման» մասնագիտացում՝ Կիբեռնետիկայի դեպարտամենտի «Չափագիտություն» ամբիոնում: 2006թ. լաբորատորիայի դասախոսները կրկին մեկնեցին ԱՄՆ վերապատրաստման:

Մ. Օհանյանը պարբերաբար գալիս է Հայաստան, այցելում լաբորատորիա՝ համալրելով այն նոր, ժամանակակից սարքավորումներով: 2007 թվականին Պոլիտեխնիկի նախկին ռեկտոր Ո. Մարուխյանի կողմից Մ. Օհանյանին շնորհվեց «Պոլիտեխնիկի լավագույն բարեկամ» մրցանակը:

Իսկ մի քանի տարի անց Մ․ Մուրադյանը Մայքլ Օհանյանի և AIDC 100 միջազգային կազմակերպության կողմից ստացավ շնորհակալագիր՝ ավտոմատացված նույնականացման կրթական կենտրոն հիմնելու և այն զարգացնելու գործում իր բացառիկ ներդրման համար:

Մյաքլ Օհանյանը, անցնել է մեծ ճանապարհ Ավտոմատացված նույնականացման և գծիկային կոդավորման ոլորտում՝ նա կանգնած էր սկզբնաղբյուրում․ մասնակցել է աշխարհում ոլորտի կայացմանը և զարգացմանը:

1995-ից 2000թթ. նա եղել է նույնականացման, գծիկային կոդերի մշակման, գծիկային կոդավորման կարդացող և տպող սարքերի աշխարհի առաջատար Intermec ընկերության նախագահը, իսկ 1997-1999թթ. միջազգային AIDC հաստատության տնօրենների խորհրդի անդամ, հրավիրված դասախոս է  MIT-ում, ինչպես նաև Վինքոնսինի համալսարանում (University of Wisconsin) և Հյուստոնի համալսարանում (University of Houston), Մերրիմաք քոլեջի տնօրենների խորհրդի անդամ է (Merrimack College), խորհրդատու է մի շարք նախագծերում և հաստատություններում:

Հայաստան հերթական այցի ժամանակ, Մայքլ Օհանյանը հանդիպեց Պոլիտեխնիկական համալսարանի ղեկավարության հետ՝ քննարկելու գծիկային կոդավորման հետագա զարգացման հեռանկարները համալսարանում և հանրապետությունում:

Գիտնականի և դասախոսի փորձ ունեցող մեծ հայը՝ Մայքլ Օհանյանը, մեծ պոտենցիալ է տեսնում Հայաստանում, Պոլիտեխնիկական համալսարանում ավտոմատացված նույնականացման և գծիկային կոդավորման զարգացման համար, և համարում է, որ զարգացումը պետք է լինի հենց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում:

Հանդիպումից հետո Մայքլ Օհանյանը կիսվեց իր տպավորություններով, նշեց, որ շատ ուրախ է համալսարանի ղեկին տեսնել երիտասարդ, գործունյա մասնագետների, որոնք հետաքրքրված են ոլորտի զարգացմամբ։  Նա հույս հայտնեց, որ Պոլիտեխնիկական համալսարանը կդառնա ավտոմատ նույնականացման և գծիկային կոդավորման կրթական կենտրոն: