ՀԱՊՀ քոլեջում քննարկվեց կրթական որակի բարելավման վերաբերյալ հարցեր

ՀԱՊՀ քոլեջում քննարկվեց կրթական որակի բարելավման վերաբերյալ հարցեր

ՀԱՊՀ Մինչբուհական կրթության գծով պրոռեկտոր Էլբակ Էլբակյանը հանդիպում ունեցավ Քոլեջի վարչական անձնակազմի հետ։

Հանդիպման նպատակն էր ծանոթացնել բուհի քաղաքականության փոփոխությունների հետ, վերհանել Քոլեջի ուսումնական գործընթացում առկա բացթողումները, կրթական ոլորտի խնդիրներն ու անելիքները, առաջարկել դրանց լուծման տարբերակները։

Միջին մասնագիտական կրթական համակարգում Պոլիտեխնիկի Քոլեջն այսօր բարձր վարկանիշ ունեցող տեխնոլոգիական ուսումնական հաստատություն է, որտեղ արվում է ամեն ինչ որակյալ և ժամանակի պահանջներին համապատասխան կրթություն ապահովելու համար և այդ  ուղղությամբ տարվող աշխատանքներն անընդհատ են։ Համակարգող պրոռեկտորը հանդիպման սկզբում խոսեց Քոլեջի վարչական անձնակազմի աշխատավարձերի բարձրացման մասին, հույս հայտնելով, որ արժանապատիվ աշխատավարձը կդիտվի որպես մոտիվացիա։

Հաջորդ հարցը, որին անդրադարձավ Է․ Էլբակյանը Քոլեջի մասնաշենքի տեղափոխման և մեկտեղման խնդիրն է, որը դժվարություններ է առաջացնում համակարգման և կառավարման տեսակետից։ Մեկտեղումը ինքնանպատակ չէ, նոր լաբորատոր բազաներ են լինելու՝ առանձնացված քոլեջի համար, ինչպես նաև այսպիսով հնարավոր կլինի ավելի արդյունավետ ուսուցում կազմակերպել։ Ոգևորիչ է այն հանգամանքը, որ Քոլեջի ուսանողների տրամադրության տակ կլինի Պոլիտեխնիկի ողջ նյութատեխնիկական բազան։  Ուսանողը ավելի արդյունավետ կերպով կարող է օգտվել բուհի ցանկացած լաբորատորիայից, մասնագիտական բլոկի ուսանողները իրենց լաբորատոր դասընթացները համալսարանի տարածքում կիրականացնեն։ Պրոռեկտորը հայտնեց, որ նախատեսվում է սեպտեմբերի 1-ից Քոլեջի ուսումնական գործընթացը հանրակրթական բլոկից սկսած լիարժեք իրականացնել Տերյան 105 հասցեում։

Է․ Էլբակյանը անդրադարձ կատարեց պրակտիկաների կազմակերպման հարցին։ Պրակտիկայի հնարավորությունները շարունակում են կարևոր դեր խաղալ ուսանողներին կարիերայի նախապատրաստման գործում, թույլ են տալիս ուսանողներին մասնագիտական միջավայրում կիրառել այն, ինչ սովորել են լսարանում՝ միաժամանակ ընդլայնելով իրենց գիտելիքները։ Այդ իսկ պատճառով, ըստ պրոռեկտորի, տարբեր ընկերությունների հետ համագործակցությունները պետք է ընդլայնել, որի արդյունքում կբարելավվի պրակտիկաների որակը։ Գործատուները և մասնավոր ընկերությունները հստակ տեղեր կհատկացնեն յուրաքանչյուր տարվա համար։ Նպատակ կա նաև մասնավոր ընկերությունների միջոցով ներգրավել նոր դասախոսների, ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի մեջ փոքր շեղումներ անելով ժամանակակից աշխատաշուկայում ավելի պահանջված մասնագետներ պատրաստելու համար։ Է․ Էլբակյանը նշեց, որ մեր ուսումնական հաստատության հիմնական արժեք ստեղծողը դասախոսն է լսարանում, հետևաբար պետք է ջանք ներդնել նոր մասնագիտական բարձր որակներով և մանկավարժական անհրաժեշտ հմտություններով դասախոսներ ներգրավելու համար: Նշենք, որ Քոլեջում դասավանդում են Պոլիտեխնիկական համալսարանի բազմափորձ դասախոսները, որոնց շնորհիվ ուսանողները ձեռք են բերում բարձր մասնագիտական որակավորում։

Է․ Էլբակյանը խոսեց նաև նորաստեղծ հումանիտար և բնագիտական ոլորտի երկու ամբիոնների մասին, որոնք հնարավորություն կտան հանրակրթական բլոկի դասաբաշխումների լիարժեք իրականացնի քոլեջը՝ թարմացնելով Քննարկվեցին աշխատաշուկայի պահանջներին համապատասխանող  ինժեներական և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նոր մասնագիտությունների ներդրման մասին հարցեր։

ՀԱՊՀ Քոլեջը հնարավորինս ապահովում է մասնագիտական ուսուցման պատշաճ միջավայր՝ արդիական արվեստանոց-արհեստանոց լաբորատորիաներով։ Նախատեսվում է ֆիզիկայի, քիմիայի, ռոբոտատեխնիկայի, ինֆորմատիկայի նոր լաբորատորիաների ստեղծում։

Պրոռեկտորը անդրադարձավ նաև Քոլեջում մշակութային միջոցառումների կազմակերպման, դպրոցներ այցելության, գովազդային և այլ հարցերի։ Նշեց, որ բոլոր միջոցառումների նպատակը որակյալ կրթությունն ու ամուր կրթական համակարգի ստեղծումն է։

Հանդիպման ավարտին պրոռեկտորը նշեց, որ Քոլեջը բուհի կարևորագույն օղակներից մեկն է և նման հանդիպումները կլինեն շարունակական։ Հույս հայտնեց, որ քննարկված հարցերը ուղենիշ կլինեն հետագա բարելավման և խնդիրների լուծման համար։