Կայացավ «Բուհ ընդունելության և որակավորումների ճանաչման վերաբերյալ հայ-նորվեգական համագործակցություն» (NACAR) ծրագրի ամփոփիչ համաժողովը

Կայացավ «Բուհ ընդունելության և որակավորումների ճանաչման վերաբերյալ հայ-նորվեգական համագործակցություն» (NACAR) ծրագրի ամփոփիչ համաժողովը

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում մայիսի 13-ին տեղի ունեցավ  «Բուհ ընդունելության և որակավորումների ճանաչման վերաբերյալ հայ-նորվեգական համագործակցություն» (NACAR) ծրագրի ամփոփիչ համաժողովը: Համաժողովին մասնակցում էր նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Դրամաշնորհային ծրագրերի և ֆոնդահայթայթման բաժնի պետ Ա․ Մամիկոնյանը։

NACAR ծրագիրը ֆինանսավորվել է Նորվեգիայի կառավարության և Կրթության միջազգային համագործակցության նորվեգական գործակալության (HK-dir) կողմից: Ծրագրի հայաստանյան գործընկերներն են Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնը (ԱՓՇԱՏԿ), Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը (ԲՊՀ) և Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, իսկ նորվեգական կողմից`Կրթության որակի ապահովման նորվեգական գործակալությունը (NOKUT) և Հարավարևելյան Նորվեգիայի համալսարանը (USN – University of South-Eastern Norway):

NACAR ծրագրի նպատակն է Հայաստանում և Նորվեգիայում ակադեմիական ներուժի զարգացումը և երկու երկրների բուհերի միջև համագործակցության խթանումը`օտարերկրյա ուսանողների ընդունելության և ճանաչման ինստիտուցիոնալ թափանցիկ չափանիշների և ընթացակարգերի կիրառմամբ:  Ծրագիրն ուղղված է որակավորումների ճանաչման ինստիտուցիոնալ ընթացակարգերի մշակմանը:

Համաժողովին ողջույնի խոսքով հանդես եկավ ԲՊՀ ռեկտոր Կարինե Հարությունյանը, ով կարևորեց հայ-նորվեգական բազմամյա բարեկամությունը, ինչպես նաև NACAR ծրագրի վերջնարդյունքները: Ռեկտորը հավելեց, որ այսօրինակ արդյունավետ համագործակցությունների շարունակականությունը  կնպաստի երկու երկրների միջբուհական ծրագրերի իրականցամանը և նոր հնարավորությունների ստեղծմանը:

Կրթության որակի ապահովման նորվեգական գործակալության ղեկավար  Դագ Հովդհագենը իր հերթին շնորհակալություն հայտնեց հայ գործընկերներին կայացած համագործակցության համար՝ հուսալով, որ ծրագրի շրջանակներում մշակված միջազգային ուսանողների ընդունելության լավագույն փորձի վերաբերյալ ձեռնարկը և փախստականների որակավորումների ճանաչման մեթոդաբանությունը և անձնագրերի տրամադրումը կծառայեն իրենց նպատակին:

ԱՓՇԱՏԿ-ի տնօրեն Գայանե Հարությունյանը, ով նախաձեռնել է այս ծրագիրը Կրթության որակի ապահովման նորվեգական գործակալության հետ համատեղ ջանքերով, ներկայացրեց ծրագրի հիմնական նպատակները և կատարված աշխատանքները:

Համաժողովին ելույթներով հանդես եկան ծրագրի հայ և նորվեգացի գործընկերները, ներկայացվեց Նորվեգիայի կրթական համակարգը, հայկական կրթական որակավորումների ավտոմատ ճանաչման մեխանզիմները, ծրագրի ընթացքում մշակված մեթոդաբանական ձեռնարկը, փախստականների որակավորումների ճանաչման գործընթացը և այլն:

Համաժողովին մասնակցում էին ՀՀ բուհերի 40-ից ավել ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցները: