Գոռ Վարդանյան.«Բժշկական համայնքի ներգրավվածությունը չափազանց կարևոր է «կենսաբժշկական ճարտարագիտություն» կրթական ծրագրի իրականացման համար»։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն ու ազգային բժշկական պալատը ստորագրել են համատեղ հուշագիր

Գոռ Վարդանյան.«Բժշկական համայնքի ներգրավվածությունը չափազանց կարևոր է «կենսաբժշկական ճարտարագիտություն» կրթական ծրագրի իրականացման համար»։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն ու ազգային բժշկական պալատը ստորագրել են համատեղ հուշագիր

Խթանել կենսաբժշկական ճարտարագիտության ուսուցումը, ստեղծել թվային բժշկության նոր համակարգեր: Նորարար գաղափարների իրագործման համար Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն ու ազգային բժշկական պալատը ստորագրել են համատեղ հուշագիր՝ ազդարարելով համագործակցության նոր մեկնարկ՝ առաջ մղելով կենսաբժշկական ճարտարագիտության զարգացման հեռանկարային տեսլականը: Հուշագրով ազգային բժշկական պալատն ու պոլիտեխնիկը ուսանողներին կաջակցեն առողջապահության ոլորտին միտված ինժեներական նոր կրթական ծրագրերին մշակման, դրոնային առողջապահության զարգացման, առողջապահության ոլորտի թվայնացման, ուսանողական ստարտափ խմբերի աջակցման հարցերում:

 

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի դիտարկմամբ, հուշագիրը հնարավորություն կտա համատեղ կազմակերպել բժշկական ճարտարագիտության ուսումնական և գործնական ընթացքը: Ազգային բժշկական պալատի միջոցով հնարավորություն կստեղծվի կրթական գործընթացի կազմակերպման մեջ ներգրավել բժշկական համայնքի ներկայացուցիչներին: Ուսանողների համար կստեղծվի հնարավորություն տարբեր բժշկական հաստատություններում մասնագիտական գիտելիքների կիրառման համար:

«Կենսաբժշկական ճարտարագիտության կրթական ծրագրի որակյալ իրականացումը չի կարող կազմակերպվել առանց լաբորատոր անհրաժեշտ ենթակառուցվածքների: Այս գործում տեսնում ենք նաև մեր գործընկերների դերը արդյունավետ լաբորատոր գործիքակազմերի ցանկի, կամ ճիշտ միջավայրի կահավորման  ուղղությամբ կարծիքի արտահայտման, մասնագիտական խորհրդատվության հարցում: Այս կրթության հաջողությունը կախված է ոլորտը պատկերացնելուց»,- հատուկ ընդգծեց Գոռ Վարդանյանը:

Ախտորոշման, բուժման տեխնոլոգիաները մշակվում և արտադրվում են տարբեր երկրներում: Շատ  հաճախ դրանց ստեղծման հեղինակները հենց հայերն են: Ազգային բժշկական պալատի նախագահը վստահ է, որ համալսարանում ստեղծվող լաբորատորիաները ուսանողներին հնարավորություն կտան գաղափարները մասնագետների օգնությամբ դարձնել արտադրանք:

«Բժշկական համայնքի համար կարևորագույն զարգացման հնարավորություններից մեկը ճիշտ և ժամանակին ճշգրիտ ախտորոշումն է բժշկական և տեխնոլոգիական սարքավորումների միջոցով: Ես կարծում եմ այդ բժշկական սարքերը կուսումնասիրվեն, կամ կբարելավեն նախկին ուսումնասիրությունները,  և քայլ – քայլ առաջ կգնանք դեպի հայկականը, դեպի նորը ստեղծելը»,- համոզված է Նարեկ Վանեսյանը:

 

Բժշկական տեխնիկայի տեղակայում, նորոգում, սպասարկում: Բժշկական սարքավորումների կառավարում և մասնագետների համալրում բժշկական հաստատություններում: Հուշագրի նախաձեռնող կողմերը վստահ են, որ մոտ ապագայում կլինեն շոշափելի արդյունքներ կենսաբժշկական ճարտարագիտության բնագավառում: Այդ մասին են վկայում նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան ընդունվող ուսանողների թվի աճը, մասնավորապես կենսաբժշկական ճարտարագիտություն մասնագիտացմամբ: