Պոլիտեխնիկի պատվիրակությունը Վիլնյուսի համալսարանում մասնակցեց «Դոկտորական կրթության ինստիտուցիոնալ կարգավորման շրջանակը. Վիլնյուսի համալսարանի փորձը» խորագրով աշխատաժողովին

Պոլիտեխնիկի պատվիրակությունը Վիլնյուսի համալսարանում մասնակցեց «Դոկտորական կրթության ինստիտուցիոնալ կարգավորման շրջանակը. Վիլնյուսի համալսարանի փորձը» խորագրով աշխատաժողովին

«Էրազմուս+ ARMDOCT» կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում մայիսի 3-5-ը Պոլիտեխնիկական համալսարանի պատվիրակությունը՝ ՀԱՊՀ Միջազգայնացման և բարեփոխումների գծով պրոռեկտոր Ս․Ասատրյանցը, Թվային տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար Ռուբեն Աղգաշյանը, Քոլեջի տնօրենի պաշտոնակատար Ռաֆֆի Քարամյանը, համալսարանի դասախոս Գոհար Սարգսյանը մասնակցեցին Վիլնյուսի համալսարանում կայացած «Դոկտորական կրթության ինստիտուցիոնալ կարգավորման շրջանակը. Վիլնյուսի համալսարանի փորձը» խորագրով աշխատաժողովին։ Վերջինիս մասնակցում էին նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ԵՄ և ՀՀ գործընկեր բուհերի, հետազոտական ինստիտուտների ավելի քան 40 ներկայացուցիչներ՝ ինստիտուցիոնալ ղեկավարներ և հետազոտողներ։

Աշխատանքային այցի երրորդ օրը ՀԱՊՀ գիտական ռազմավարության և դոկտորական կրթության վերաբերյալ զեկույցով հանդես եկավ պրոռեկտոր Ս․Ասատրյանցը։ Որպես ասպիրանտական կրթություն իրականացնող խոշոր բուհի ներկայացուցիչ, պրոռեկտորը ներկայացրեց Պոլիտեխնիկում գործող հետազոտական քաղաքականությունը, ասպիրանտուրայի կրթական ծրագրերը, ցույց տալով ARMDOCT ծրագրով ներդրված կետերը, ինչպես նաև ձեռք բերված փորձը։ Այսպիսի հնարավորություն տրվել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանին, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանին, Երևանի պետական համալսարանին և Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամին։ Խոսելով Պոլիտեխնիկական համալսարանի արդյունքների, հետազոտական ռազմավարության մասին, Ս․ Ասատրյանցը նշել է, որ Պոլիտեխնիկական համալսարանը հավատում է, որ ասպիրանտական և դոկտորական կրթության արդյունավետ մեխանիզմներ կիրառելու համար, պետք է սկսել ճիշտ գիտական, հետազոտական, գիտելիքահենք և շուկայական քաղաքականությունից։

Ըստ Ս․ Ասատրյանցի բուհի գիտական հետազոտություններում խրախուսվում են միջավայրի գործոններից ելնող թեմաներով հետազոտությունների իրականացումը, որոնք միտված են մեր երկրի, ինչու ոչ, նաև համաշխարհային օրակարգում նոր արժեք ձևավորելուն, այդ արժեքի մասսայականացմանը և կիրառմանը։

Ս․ Ասատրյանցը ներկայացրել է նաև, հետազոտական աշխատանքների հիմնական ուղղությունները և մարտահրավերները, մինչ այս պահը հետազոտական նախագծերում և նախաձեռնություններում Պոլիտեխնիկական համալսարանի հաջողությունները, բերել է որոշ վիճակագրական տվյալներ։ Խոսել է նաև պատենտների մասին․ թե Հայաստանում գրանցված գործող գյուտերից քանիսն են Պոլիտեխնիկական համալսարանինը եղել և այլն։ Այնուհետև ներկայացվել է բուն ասպիրանտական կրթությունը և կրթական ծրագրերը։

Այցը թիրախավորում էր Զալցբուրգյան սկզբունքներից երեքը, մասնավորապես՝ դոկտորական ծրագրերի բազմազանության, նորարարական կառուցվածքների և շարժունության խթանումը։

Աշխատաժողովին բացման խոսքով հանդես եկան Վիլնյուսի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի դեկան Արունաս Պովիլիունասը, ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Կարեն Քեռյանը և ARMDOCT ծրագրի համակարգող Արևիկ Օհանյանը։

Ողջունելով մասնակիցներին, Արունաս Պովիլիունասը ընդգծեց դոկտորական կրթության բարեփոխումների և միջազգային համադրելիության ապահովման կարևորությունը՝ նշելով, որ այս գործընթացում ի դեմս Վիլնյուսի համալսարանի ARMDOCT ծրագիրն ունի հուսալի և պատրաստակամ գործընկեր։

Կարեն Քեռյանի խոսքով՝ միջազգայնացման և գիտական աշխարհին համընթաց քայլելու համար Հայաստանում բարձրագույն կրթության երրորդ մակարդակի բարեփոխումներն այլընտրանք չունեն։ Վերջինս կարևորեց ARMDOCT ծրագրի, ինչպես նաև դոկտորական կրթության բարեփոխմանն ուղղված ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացված մյուս ծրագրերի դերը և հավելեց, որ ARMDOCT ծրագրի մեկնարկից ի վեր աշխատախմբի կողմից արդեն իսկ հսկայական աշխատանք է իրականացվել։

Արևիկ Օհանյանը ներկայացնելով ARMDOCT ծրագրի շրջանակներում մինչ օրս իրականացված աշխատանքների ընթացքը և ակնկալվող արդյունքները հույս հայտնեց, որ ծրագրի շրջանակներում կստեղծվեն ապագամետ նոր դոկտորական ծրագրեր՝ գրավիչ նաև միջազգային ուսանողների համար։

Լիտվայի կառավարության, Եվրոպական համալսարանների ներկայացուցիչների և ՀՀ ԲՈԿ նախագահի մասնակցությամբ տեղի ունեցավ նաև պանելային քննարկում՝ նպատակ հետապնդելով բացահայտել դոկտորական կրթության կազմակերպման լավագույն փորձը, վերջինս տեղայնացնել հայաստանյան բուհերում, ինչպես նաև իրականացնել բարեփոխումներ ազգային և ինստիտուցիոնալ մակարդակներում:

Այցի շրջանակներում, մասնակիցների համար կազմակերպվել էին շրջայցեր, փորձի փոխանակման հանդիպումներ Վիլնյուսի համալսարանի դոկտորական դպրոցներում և այլ կառուցվածքային միավորներում (ինկուբատորներ, գրադարաններ, հետազոտական կենտրոններ, լաբորատորիաներ և այլն)։

ARMDOCT նախագիծը Հայաստանում ֆրանսիական համալսարանի նախաձեռնությունն է, որի հիմքում ընկած է Էրազմուս+ «Եվրոպական ինտեգրացիային համահունչ բարձրագույն կրթության 3-րդ աստիճանի որակի ապահովման համակարգի ներդրում՝ խթանելու հետազոտությունների միջազգայնացումը» (C3QA) նախագծի փորձը և հիմնական արդյունքները։ Նպատակն է բարեփոխելու Հայաստանում բարձրագույն կրթության երրորդ աստիճանը և վերամշակելու ազգային քաղաքականությունը, իրավական կարգավորող փաստաթղթերը և ինստիտուցիոնալ ընթացակարգերը։