Քայլ առաջ՝ տեսնել աննկատն ու ձեռք մեկնել: Մեկնարկել է աջակցող տեխնոլոգիաների նախագծման մրցույթի եզրափակիչ փուլը

Քայլ առաջ՝ տեսնել աննկատն ու ձեռք մեկնել: Մեկնարկել է աջակցող տեխնոլոգիաների նախագծման մրցույթի եզրափակիչ փուլը

Աշխարհում աջակցող տեխնոլոգիաները հասանելի չեն կարիք ունեցող անձանցից շատերին: Քիչ երկրներ կան, որոնք ունեն ազգային քաղաքականություն կամ ծրագիր: Մարզահամերգային համալիրում մեկնարկել է աջակցող տեխնոլոգիաների նախագծման ինժեներական մրցույթի եզրափակիչ փուլը: Առաջին անգամ անցկացվող միջոցառումը մարտահրավեր է երիտասարդ ինժեներական և հետազոտական թիմերին՝ մշակելու աջակցող տեխնոլոգիաներ, որոնք կթեթևացնեն հաշմանդամություն ունեցող մարդկանց կյանքը:

Մրցույթն ունի երկու ուղղություն՝ աջակցող էլեկտրոնային սարքեր և աջակցող ծրագրեր: Դրանք ներառում են լսողական, տեսողական, խոսքի խնդիրների լուծումներից մինչև տրանսպորտային միջոցները հասանելի դարձնող գաղափարներ: Նախաձեռնությունը իրականացնում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ՝ բարելաված ծառայություններ, հավասար մասնակցություն և ներառական զարգացում ծրագրի շրջանակում:

Մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել մոտ 150 թիմ՝ յուրաքանչյուրում 2-5 մասնակից: Ծրագրին կարող էին դիմել 13-30 տարեկան միջակայքում գտնվող բոլոր ցանկացողները: Եզրափակիչ է անցել 22 թիմ, որոնք ժյուրիին պետք է ներկայացնեն իրենց նորարար լուծումները:

ՀԱՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը վստահ է, որ առաջարկվող լուծումները համապատասխանում են արդի պահանջներին: Կարևոր խնդիրը՝ աջակցել գաղափարներին՝ դարձնելով կիրառական արդյունք:

Մրցույթի տրամաբանությունը և ապագայի տեսլականը համընկնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բարեփոխումների քաղաքականությանը: Նախարար Նարեկ Մկրտչյանը կարծում է՝ պետք է պարբերաբար ընդլայնել աջակցող միջոցների հասանելիության շրջանակը: Նախարարությունը պատրաստ է ամեն ինչ անել, որ գաղափարից մինչև արտադրանք ցիկլը հաջողությամբ տեղի ունենա, և Հայաստանում ունենալ աջակցող նոր միջոցներ:

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանը կարծում է, որ կրթությանը զուգահեռ թիմերը պետք է տեսնեն, թե այն ինչպես է կիրառվում բիզնեսում: Եթե գաղափարը անգամ բիզնես չէ, միևնույնն է՝ այն օգնում է մարդկանց, որոնք խնդիրներ ունեն:

ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը հատուկ տեսակետ ունի՝ պետք է օգնել, որ գաղափարները հասնեն վերջնարդյունքի, ապահովել կապեր մասնավոր հատվածի հետ, ստեղծել էկոհամակարգ:

Ըստ վերջին հետազոտության, աշխարհում մեկ միլիարդ մարդ կարիք ունի աջակցող տեխնոլոգիաների: Միջին և ցածր եկամուտ ունեցող երկրներում աջակցող տեխնոլոգիաները հասանելի են 10-15 տոկոսին: Հայաստանը առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ  իրականացնում է գնահատում՝ պարզելու, թե մեր երկրում բնակչության քանի տոկոսն ունի աջակցող տեխնոլոգիաների կարիք:

Եզրափակիչ դուրս եկած թիմերը ունեն երեք օր՝ առաջարկած գաղափարները  շոշափելի արդյունք դարձնելու համար: Սահմանվել է երեք անվանակարգ՝ 1.5 մլն, 1մլն 250 հազար և 1 մլն դրամ պարգևներով: Եվ գլխավոր մրցանակ՝ 2,5 մլն դրամ: Ժյուրին հաղթողներին կհայտարարի այս կիրակի:

Շնորհակալություն ենք հայտնում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին (ՄԱԶԾ): Նրա և մեր գործընկերների հետ համատեղ աշխատանքի արդյունքում մեկնարկեց «Աջակցող տեխնոլոգիաների նախագծման ինժեներական մրցույթ (#ATDEC 2021)»-ի եզրափակիչ փուլը:

Մրցույթը իրականացվում է ՄԱԶԾ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Բարելավված ծառայություններ հավասար մասնակցության և ներառական զարգացման համար» համատեղ ծրագրի Tech2Life նախաձեռնության շրջանակներում: