Նոր մասնագիտություններ, ենթակառուցվածքների բարելավում. ՀԱՊ համալսարանը ներկայանում է ծրագրերով

Նոր մասնագիտություններ, ենթակառուցվածքների բարելավում. ՀԱՊ համալսարանը ներկայանում է ծրագրերով

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում լայն թափով իրականացվում են բարեփոխումներ ինչպես կրթական ծրագրերի, այնպես էլ ենթակառուցվածքների բարելավման, գիտահետազոտական գործունեության որակի բարձրացման ուղղությամբ: «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը նշեց, որ  2022 թվականի սեպտեմբերից համալսարանն ունենալու է նոր որակի ուսումնական պլան, ինչը հնարավորություն կտա ապագա ինժեներներին որակյալ, թիրախավորված կրթություն ստանալ:

«Հիմա կրթական նոր ծրագրերի լիցենզավորման գործընթացի մեջ ենք: Նոր կրթական ծրագրեր ունենալու անհրաժեշտություն կա: Մասնավորապես, տիեզերական սարքաշինություն, տվյալագիտություն, բլոկչեին տեխնոլոգիաներ: Դրանից բացի վերանայվելու են գործող կրթական ծրագրերը, որոնք տարիների ընթացքում ակտուալ չեն ժամանակակից կրթության համատեքստում: Այդ իսկ պատճառով մենք իրականացնում ենք ուսումնական պլանների փոփոխություն՝ վերանայելով առարկայական ցանկը: Դա հնարավորություն է տալու ավելի որակյալ կազմակերպել կրթության գործընթացը»,- նշեց Գոռ Վարդանյանը:

Հաջորդ կարևոր փոփոխությունը գիտահետազոտական արտադրական համալիրի հիմնումն է: Գոռ Վարդանյանի խոսքով, արդեն կազմվել է հստակ նախագիծը: Համալիրի ստեղծումը յուրաքանչյուր գիտնականին տալու է անհրաժեշտ, պատշաճ միջավայր, որտեղ հնարավոր կլինի իրացնել գիտելիքները, կատարել նոր հետազոտություններ՝ արդյունքները մղելով իրական կյանք:

«Նախատեսվում է բարձրացնել բազային գիտահետազոտական լաբորատորիաների գործունեության արդյունավետությունը, գույքագրել հիմնական խնդիրները: Եվ այդ ամբողջ գիտահետազոտական աշխատանքներում բուհի հստակ մասնակցությունն է ապահովելու՝ կատարելով ֆինանսավորում: Այսօր ասպիրանտին առավել շատ անհրաժեշտ է աջակցել համապատասխան լաբորատոր պայմաններով, գործիքակազմով, ֆինանսապես: Մենք աջակցություն ենք ցուցաբերելու լավ գաղափարներին»,-ասաց Գոռ Վարդանյանը:

Բուհը քայլեր է ձեռնարկում մեծացնելու մարզերում տեխնոլոգիական կրթության հասանելիությունը: Առանցքային նշանակություն ունի այն, որ համալսարանի Երևանի գլխամասն աջակցի մարզային մասնաճյուղերի կրթական ծրագրերի զարգացմանը, մայրաքաղաքի լավագույն մասնագետները հասանելի լինեն նաև մարզերում: Գոռ Վարդանյանը նշեց, որ համապատասխան թույլտվություն ստանալուց հետո նախատեսում են որոշ կրթական ծրագրեր, առարկաների դասավանդում իրականացվի հեռավար տարբերակով: Մարզերում կադրերի խնդիրները լուծելու համար համալսարանը հակված է կիրառել տեխնոլոգիական հնարավորությունները:

Դրանից բացի, աշխատանքների առանցքում մարզերում ինժեներական լաբորատորիաների ստեղծումն է: Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիական կենտրոնի հետ համալսարանը կնքել է հուշագիր և բարերարների աջակցությամբ մարզերում ստեղծվում են ինժեներական լաբորատորիաներ: Գյումրիում արդեն ստեղծվել է՝ առջևում Վանաձորն ու Կապանն է: Աշխատանքները շարունակվելու են այլ մարզերում ևս: Ինժեներական լաբորատորիաները բաց են յուրաքանչյուր աշակերտի համար:

Կրթական ծրագրերի բարելավումից զատ խոշորածավալ աշխատանքներ են նախատեսվում նաև ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ: Գոռ Վարդանյանի խոսքով, ունեն մեծ փոփոխությունների ծրագիր, որի իրականացման արդյունքում ունենալու են ժամանակակից լուծումներով սպորտային համալիր, հանրակացարան, շենքային պայմաններ, համալսարանական պոլիկլինիկա, սննդի համալիր, ավագ դպրոց իր բոլոր ենթակառուցվածքներով և այլն: Գոռ Վարդանյանը նկատեց, որ այս ամենը հեռու ապագայի ծրագրեր չեն: Որոշների հետ կապված նախագծերն արդեն պատրաստ են և գործնականում շինարարությունը կսկսվի մոտ ամիսներին: