Ս․թ․ մարտի 2-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում անցկացվեց տեղեկատվական օր՝ «Ճարտարապետության և քաղաքացիական ճարտարագիտության կրթության վերափոխումը կայուն մոդելի» (TACEESM) խորագրով, որն իրականացվում է Erasmus+ նախագծի շրջանակներում։ Հանդիպման նպատակն էր համալսարանի և այլ շահակիցների լայն լսարանին ներկայացնել Եվրամիության կողմից ֆինանսավորվող 16 գործընկեր համալսարանների և կազմակերպությունների կողմից իրականացվող TACEESM Erasmus+ նախագծի նպատակները, խնդիրները և ակնկալվող արդյունքները: ՀԱՊՀ-ն որպես շահառու հանդես է գալիս ի դեմ ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի՝ հիմք ընդունելով «Շինարարական ճարտարագիտություն» մասնագիտությունը և մասնաճյուղի սերտ համագործակցությունը «Արխիդաչ» հոլանդական ընկերության հետ։
TACEESM Erasmus+ ծրագրի շրջանակներում նախատեսվում են «Շինարարական ճարտարագիտություն» մասնագիտության բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի մեկական առարկաների ծրագրային փոփոխություն՝ հաշվի առնելով գործատուների առաջարկները։
Մասնաճյուղի աշակերտներին, ուսանողներին, պրոֆեսորադասախոսական կազմին ողջունեց ՀԱՊՀ միջազգային համագործակցության և կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Սարգիս Ասատրյանցը, ով նաև պատասխանեց ուսանողների հարցերին, թե ինչպես կարելի է ընդգրկվել միջազգային ծրագրերում, և ինչ չափորոշիչներ են պետք վերջինիս դիմելու համար։ ՀԱՊՀ Տեղեկատվական անվտանգության և ծրագրային ապահովման ամբիոնի վարիչ Գևորգ Մարգարովը հանգամանալից ներկայացրեց ծրագրի բովանդակությունը, սպասվող ակնկալիքները և խոսեց մասնաճյուղի ներգրավվածության կարևորության մասին։
Հանդիպման ընթացքում ներկաներին ողջունեց նաև Թվային տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Ռուբեն Աղգաշյանը նշելով, որ ծրագրի նպատակներից մեկը ճարտարապետական և քաղաքաշինական ոլորտում գործող կրթական ծրագրերի վերափոխումն է՝ ուղղված արդի կայուն մոդելների ձևավորմանը:
Տեղեկատվական օրը ՎՏԿ-ում մեզ ողջունեց ՎՏԿ ծրագրերի համակարգող Աննա Հովհաննիսյանը, հանդիպմանը հրավիրված էր նաև «Արխիդաչ» ընկերության աշխատակիցները և տնօրեն Կարինե Աբրահամյանը։ Ընկերության տնօրենը ողջունեց ներկաներին և խոսեց հետագա բարեփոխումների և համատեղ ծրագրերի մասին։
Մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը շնորհակալություն հայտնեց ՀԱՊՀ ներկայացուցիչներին՝ տեղեկատվական օրը Վանաձորում իրականացնելու համար, կարևորեց միջազգային ծրագրերում ներգրավվածությունը, օտար լեզվի իմացությունը և ոգևորեց ուսանողներին և աշխատակազմին առավել ինտեգրված լինել նման ծրագրերում։ Պարոն Ա․ Խառատյանը շնորհավորեց բոլորիս ՀԱՊՀ հիմնադրման օրվա առթիվ, նշեց, որ ինչպես մարտի մեկը հանդիսանում է գարնան առաջին օր, զարթոնքի օր, այնպես էլ Պոլիտեխնիկի ծնունդը մեր երկրի համար եղավ տեխնոլոգիական կրթության և արդյունաբերության զարթոնքի և զարգացման սկիզբ։
Հանդիպման վերջում հյուրընկալվեցինք մեր գործընկեր «Արխիդաչ»-ում, որտեղ Մասնաճյուղի «Շինարարություն» բաժնի շրջանավարտ, ընկերության աշխատակից Սասուն Ղազարյանը ներկայացրեց գործիքակազմը և ծրագրերը, որով նրանք աշխատում են եվրոպական և տեղական շուկայի համար։