Պոլիտեխնիկի Ճարտարագիտական գրաֆիկայի ամբիոնում բացվեց գրաֆիկական դիզայնի մասնագիտական երկու նոր լսարան

Պոլիտեխնիկի Ճարտարագիտական գրաֆիկայի ամբիոնում բացվեց գրաֆիկական դիզայնի մասնագիտական երկու նոր լսարան

Փետրվարի 8-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Մեխանիկա մեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտի «Ճարտարագիտական գրաֆիկա» ամբիոնում տեղի ունեցավ գրաֆիկական դիզայնի մասնագիտական երկու լսարանների բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը, պրոռեկտոր, աշխատակազմի ղեկավար Էլբակ Էլբակյանը, Կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Մարինկա Բաղդասարյանը, Միջազգային համագործակցության և կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Սարգիս Ասատրյանցը, Տնտեսական գործունեության և ենթակառուցվածքների սպասարկման գծով պրոռեկտոր Կարապետ Թոռչյանը, Մեխանիկա մեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտի տնօրեն Գագիկ Մուսայելյանը, Ճարտարագիտական գրաֆիկայի ամբիոնի վարիչ Կարինե Թումանյանը, ինստիտուտների տնօրեններ, դեկաններ, դասախոսներ և ուսանողներ։

Ռեկտոր Գ. Վարդանյանը ողջունելով ներկաներին մասնագիտական լսարանի բացման կապակցությամբ, ընդգծեց որ ծրագիրը պիլոտային է և առաջիկայում ժամանակակից տեխնիկական միջոցներով վերազինվելու են նոր մասնագիտական լսարաններ։ «Ցանկանում եմ նշել, որ այս լսարանում առկա է ճարտարագիտական գրաֆիկայի ամբիոնի պահանջներին համապատասխան համակարգչային տեխնիկա և ծրագրային միջոցներ, որը կօգնի մեր մասնագետներին և ուսանողներին առավել արդյունավետ ու որակյալ կազմակերպել ուսումնական գործընթացը։ Հուսով եմ, որ առաջիկայում ամբիոնի անձնակազմի և ուսանողների հետ համատեղ հանդես կգանք նոր նախաձեռնություններով և կունենանք այն արդյունքը, որը անհրաժեշտ է որակյալ և ժամանակակից կրթության համար»,- նշեց ռեկտորը։

Ճարտարագիտական գրաֆիկայի ամբիոնի վարիչ Կ․ Թումանյանը շնորհակալություն հայտնելով ժամանակակից սարքավորումներով և ծրագրային ապահովմամբ հագեցած լսարանների բացման կապակցությամբ, նշեց, որ ամբիոնը սպասարկում է ողջ համալսարանը և հանդիսանում է թողարկող ամբիոն, իսկ նորագույն սարքավորումներով համալրումը թույլ է տալիս ուսանողների հետ աշխատել առավել արդյունավետ։ «Մասնագիտական լսարանների վերազինումը, ինչպես նաև միջավայրի կահավորումը, իր հետ ստեղծում է նաև տրամադրություն, դասապրոցեսները անցկացնելու ավելի ջերմ ու հաճելի մթնոլորտում։ Այսօր համալսարանի ղեկավարության աջակցությամբ, այդ պայմանները ապահոված են և մեր ամբիոնի թիմը կշարունակի աշխատել նոր եռանդով և պատասխանատվությամբ»,-ամփոփեց ամբիոնի վարչը։

Ճարտարագիտական գրաֆիկայի ամբիոնի մասնագիտական երկու նոր լսարանները համալրվել են վերջին սերնդի տեխնիկական միջոցներով՝ շուրջ երկու տասնյակ գերհզոր, գրաֆիկական ծրագրերի համար նախատեսված համակարգիչներով։