Կյանքից հեռացել է Պոլիտեխնիկական համալսարանի դոցենտ, տ․գ․թ․ Մարատ Մուրադյանը

Կյանքից հեռացել է Պոլիտեխնիկական համալսարանի դոցենտ, տ․գ․թ․ Մարատ Մուրադյանը

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական ողջ անձնակազմը, աշխատակիցները և ուսանողները խորը վշտով հայտնում են Միկրոէլեկտրոնիկայի և կենսաբժշկական սարքերի ամբիոնի դոցենտ, տեխնիկական գիտությունների թեկնածու Մարատ Մուրադյանի մահվան մասին և ցավակցում նրա ընտանիքին, հարազատներին և ընկերներին:

Մարատ Մուրադյանը ծնվել է 1935թ․ ապրիլի 2-ին։ 1957թ․ ավարտել է Երևանի Կ․ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը։ Մ․ Մուրադյանը զբաղեցրել է մի շարք պատասխանատու պաշտոններ։ Աշխատել է որպես գլխավոր ինժեներ Մոսկվայի «Սիգնալ» գիտաարտադրական միավորման Երևանյան մասնաճյուղում, «Հայավիակոմպլեկս» արտադրական միավորման «Սիգնալ» կոնստրուկտորական բյուրոյում, Միկրոէլեկտրոնիկայի գիտաարտադրական միավորում։

1988 թվականից Մ․ Մուրադյանը դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։ 1997թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և նույն թվականին ընտրվել Միկրոէլեկտրոնիկայի և կենսաբժշկական սարքերի ամբիոնի վարիչ։  Եղել է նաև Կիբեռնետիկայի ֆակուլտետի դեկան։

Մանկավարժական գործունեությունից զատ զբաղվել է գիտական գործունեությամբ։ Մ․ Մուրադյանի ստեղծած Միկրոպրոցեսորային փոքրաչափ էլեկտրասրտագրիչ (ММ-1) սարքը հայտնի է ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Այն նախատեսված է սրտի աշխատանքի գնահատման և սրտային հիվանդությունների շտապ ախտորոշման համար ոչ հիվանդանոցային պայմաններում, արտակարգ իրավիճակներում, ինչպես բոլոր փոխադրամիջոցներում, տնային պայմաններում, աշխատանքի վայրում և այլուր։