Պոլիտեխնիկական համալսարանում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի հավաքագրման մասնագետների հետ

Պոլիտեխնիկական համալսարանում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի հավաքագրման մասնագետների հետ

Ս․թ․ դեկտեմբերի 20-ին «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը ՀԱՊՀ Աշխատաշուկայի ուսումնասիրման և մասնագիտական կարիերայի կենտրոնի հետ՝ ի դեմ կենտրոնի տնօրեն Կարապետ Կոգարովի, կազմակերպել էր տեղեկատվական հանդիպում՝ Պոլիտեխնիկական համալսարանի ավարտական կուրսերի և մագիստրատուրայի ուսանողներին «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Առաջնորդության զարգացման ծրագրին ծանոթացնելու նպատակով:

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի երկամյա Առաջնորդության զարգացման ծրագիրը նպատակ ունի ուսուցիչ-առաջնորդների շրջանում ձևավորել կրթության անհավասարության և դրա արմատական պատճառների մասին խորը գիտելիքներ, որն անհրաժեշտ է դպրոցներում և համայնքներում առավելագույն արդյունքի հասնելու, ինչպես նաև երիտասարդների կարողությունների հզորացման համար։

Հանդիպման ընթացքում «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի  համալսարանական հավաքագրման թիմի ղեկավար Անժելա Գալստյանը և հավաքագրման մասնագետ Արամայիս Սիմոնյանը մանրամասն տեղեկություններ հաղորդեցին Առաջնորդության զարգացման երկամյա ծրագրի, STEM կրթաթոշակի, ընձեռվող հնարավորությունների ու առավելությունների վերաբերյալ, ծանոթացրին մասնակցության համար դիմելու կարգին, պատասխանեցին ուսանողների հարցերին:

Ուշադրություն դարձվեց այն հանգամանքին, որ ծրագիրը բացառիկ հնարավորություն է ստեղծում երիտասարդներին՝ անկախ մասնագիտությունից, միանալ  շարժմանը, աշխատել լավագույն մասնագետների հետ՝ միևնույն ժամանակ նպաստելով Հայաստանում կրթության որակի բարձրացմանն ու գյուղական համայնքների զարգացմանը։ Ծրագրի մասնակիցները սեփական օրինակով սահմանում են դասավանդման նոր չափանիշ, կարողանում են նոր մեթոդների շնորհիվ առավել արդյունավետ դարձնել ուսումնական գործընթացն ու աշակերտների ներգրավվածությունը դրանում։

Ըստ Ա․ Գալստյանի՝ ծրագիրը մասնակիցներին անձնային աճի բազում հնարավորություններ է ընձեռում: Սկսելով իրենց դասարաններից՝ նրանք այնուհետև կարող են փոքրիկ փոփոխություններ կատարել տվյալ համայնքի կյանքում, իսկ հետագայում, ինչո՞ւ ոչ, նաև համակարգային փոփոխությունների մասնակիցը դառնալ:

Հանդիպման ավարտին Ա․ Գալստյանը հույս հայտնեց  որ Պոլիտեխնիկի ուսանողների մեջ ևս կգտնվեն մարդիկ, ովքեր կցանկանան ծրագրի մասնակիցը դառնալ: