ՀայՓոստը և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը սկսում են նոր համագործակցություն

ՀայՓոստը և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը սկսում են նոր համագործակցություն

ՀայՓոստ ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի Գոռ Վարդանյանը նոյեմբերի տասնչորսին ստորագրեցին համագործակցության հուշագիր: Այն միտված է ուսանողների կրթության որակի բարձրացմանը, ինչպես նաև գործնական փորձի հարստացմանը: Նոր համագործակցությունը արդյունավետ հարթակ կծառայի համատեղ ծրագրերի իրականացման համար։

«Շնորհակալ ենք նոր համագործակցության համար Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանին, որի շրջանակում ուսանողները կկարողանան ՀայՓոստում ստանալ պրակտիկ գիտելիքներ մեր iNovation դուստր ընկերության  բարձրակարգ ծրագրավորողների կողմից: Լավագույն ուսանողներին հնարավորություն կտանք աշխատանքի անցնել ՀՀ ամենամեծ ցանցն ունեցող և արագ զարգացող ընկերությունում»,- նշեց ՀայՓոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:

ՀայՓոստ ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը ուսանողներին և դասախոսական կազմին ներկայացրեց ՀայՓոստի ձեռքբերումները, թվայնացման գործընթացը, iNovation դուստր ընկերությունը, մշակված ծրագրային լուծումները և սպասվող նորությունները:

Հուշագրով ամրագրվեցին ուսանողների ուսումնաարտադրական և գիտահետազոտական պրակտիկաների անցկացումը, ինչպես նաև բաց դասերի, սեմինարների և մասնագիտական քննարկումների կազմակերպումը ՀայՓոստում։

ՀայՓոստը և  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան նախատեսում են մշտապես քննարկել և մշակել համագործակցության առավել արդյունավետ այլ ձևաչափեր` կրթական ծրագրերի կատարելագործման և գործարար մակարդակում դրանց կիրառման նպատակով։