Պոլիտեխնիկը և ՀայՓոստ ընկերությունը կնքեցին համագործակցության հուշագիր

Պոլիտեխնիկը և ՀայՓոստ ընկերությունը կնքեցին համագործակցության հուշագիր

Ս․թ․ դեկտեմբերի 14-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը և ՀայՓոստ ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր:

Հուշագրի կնքման արարողությանը ներկա էին ՀԱՊՀ պրոռեկտոր, աշխատակազմի ղեկավար Էլբակ Էլբակյանը, Կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Մարինկա Բաղդասարյանը, Միջազգային համագործակցության և կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Սարգիս Ասատրյանցը, Գիտության և գիտատեխնոլոգիական համագործակցության գծով պրոռեկտոր Արեգ Գրիգորյանը, Տնտեսական գործունեության և ենթակառուցվածքների սպասարկման գծով պրոռեկտոր Կարապետ Թոռչյանը, ինստիտուտների տնօրեններ, դեկաններ, դասախոսներ, ուսանողներ։

ՀԱՊՀ ռեկտոր Գ․ Վարդանյանն իր գոհունակությունը հայտնեց փոխշահավետ կապի ձևավորման և նոր համագործակցության սկիզբ դնելու համար։ «Մենք հետևում ենք Հայփոստ ընկերության ծրագրային բարեփոխումներին, որոնք արտահայտվում են թվային տեխնոլոգիաների կիրառման և ընդհանուր փոստային ծառայությունների մեջ թվային համակարգերի ներգրավմամբ։ Լիահույս ենք, որ այս համագործակցությամբ հնարավորություն ենք ունենալու նոր գաղափարների սկիզբ դնել։ Պոլիտեխնիկական համալսարանը պատրաստակամ է իր ծրագրային, ենթակառուցվածքային, բովանդակային ողջ ներուժը օգտագործել արդյունավետ համագործակցության համար»,-նշեց Գ․ Վարդանյանը։ Ռեկտորը կարևորեց ուսանողների համար գործնական, մասնագիտական փորձառության այնպիսի հնարավորությունների ստեղծումը, ինչպիսին կարող է ապահովել Հայփոստ ընկերության հետ գործակցությունը: Ռեկտորը նշեց, որ Պոլիտեխնիկական համալսարանը և ՀայՓոստը, իրենց ոլորտում լինելով եզակի ազգային կառույցներ, կարող են նոր որակ թելադրել երկրի տնտեսությանը և ազգային ենթակառուցվածքների զարգացմանը։

Գոռ Վարդանյան

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր

 

«Շնորհակալ ենք նոր համագործակցության համար Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանին, որի շրջանակում ուսանողները կկարողանան ՀայՓոստում ստանալ պրակտիկ գիտելիքներ մեր iNovation դուստր ընկերության  բարձրակարգ ծրագրավորողների կողմից: Լավագույն ուսանողներին հնարավորություն կտանք աշխատանքի անցնել ՀՀ ամենամեծ ցանցն ունեցող և արագ զարգացող ընկերությունում»,- նշեց ՀայՓոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:

Հայկ Կարապետյան

ՀայՓոստի գլխավոր տնօրեն

 

Հուշագրի ստորագրումից հետո Հ. Կարապետյանը ուսանողներին և դասախոսական կազմին ներկայացրեց ՀայՓոստի ձեռքբերումները, թվայնացման գործընթացը, iNovation դուստր ընկերությունը, մշակված ծրագրային լուծումները և սպասվող նորությունները:

Հուշագիրը միտված է ուսանողների կրթության որակի բարձրացմանը, ինչպես նաև գործնական փորձի հարստացմանը: Այն արդյունավետ հարթակ կծառայի համատեղ ծրագրերի իրականացման համար, որի գլխավոր շահառուն հենց ուսանողն է։

Համագործակցության հուշագրի համաձայն Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողները կկարողանան ընկերությունում ստանալ պրակտիկ գիտելիքներ iNovation դուստր ընկերության բարձրակարգ ծրագրավորողների կողմից: Լավագույն ուսանողները հնարավորություն կունենան աշխատանքի անցնել ՀՀ ամենամեծ ցանցն ունեցող և արագ զարգացող ընկերությունում։

Հուշագրով նախատեսվում է ուսանողների ուսումնաարտադրական և գիտահետազոտական պրակտիկաների անցկացումը, ինչպես նաև բաց դասերի, սեմինարների և մասնագիտական քննարկումների կազմակերպումը ՀայՓոստում։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը և ՀայՓոստը նախատեսում են մշտապես քննարկել և մշակել համագործակցության առավել արդյունավետ այլ ձևաչափեր` կրթական ծրագրերի կատարելագործման և գործարար մակարդակում դրանց կիրառման նպատակով։