Հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը Պոլիտեխնիկական համալսարանի Միջազգային համագործակցության և դրամաշնորհային ծրագրերի վարչության աշխատակիցներ Անի Մամիկոնյանը և Արփինե Մկրտչյանը մասնակցեցին «Իրավունքի գերակայության տեսանկյունից հեռանկարային կրթական քաղաքականությունը Եվրասիական տարածաշրջանում» խորագիրը կրող սեմինարների շարքին, որը կազմակերպել էին Չինաստանի ազգային ինստիտուտը (CNISCO) և Շանհայի քաղաքագիտության և իրավաբանության համալսարանը։
Յոթնօրյա սեմինարների ընթացքում աշխատակիցները ծանոթացան արտասահմանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ Չինաստանի համագործակցության փորձին, վերոնշյալ հաստատությունների կառավարման ոլորտում իրականացրած քաղաքականությանը և զարգացման հեռանկարներին:
Աշխատանքային հանդիպումների ընթացքում ներկայացվեցին և քննարկվեցին թեմաներ, որոնք վերաբերվում էին կորոնավիրուսային վարակի վերահսկման և կանխարգելման նպատակով օրենքների, կանոնակարգերի վերանայմանը և կրթության ոլորտում հանրային քաղաքականությանը՝ աշխարհի խոշոր երկրներում, համաճարակի պայմաններում միջազգային կրթության հնարավորություններին և մարտահրավերներին, Չինաստանում կրթության արդիականացման քաղաքականությանը և կողմնորոշմանը, դրանց ներկայիս վիճակին և հեռանկարներին և այլն։
Քննարկվեցին նաև կրթության ոլորտի արդիականացմանը վերաբերվող հարցեր՝ ըստ չինական մոդելի։
Յուրաքանչյուր սեմինարի ավարտին մասնակիցները հնարավորություն ունեցան բանախոսներին ուղղել իրենց հուզող հարցերը և ստանալ սպառիչ պատասխաններ: Գործնական օրինակներով վեր հանվեցին այնպիսի արդի և համատարած խնդիրներ, ինչպիսիք են՝ հեղինակային իրավունքի խախտումները, քննությունների ընթացքում արտագրությունները, այլ ուսանողների իրավունքների ոտնահարումը և այլն:
Ներկայացվեցին վարչական, արբիտրաժային և դատական հարթակներում վերոնշյալ խնդիրների լուծման ուղիները: