Պոլիտեխնիկում անցկացվեց միասնական դաս նվիրված ԱՊՀ 30 ամյակին

Պոլիտեխնիկում անցկացվեց միասնական դաս նվիրված ԱՊՀ 30 ամյակին

Հոկտեմբերի 6-ին Պոլիտեխնիկի 1301 լսարանում տեղի ունեցավ միասնական դաս՝ նվիրված Անկախ պետությունների համագործակցության կազմակերպության ստեղծման (ԱՊՀ) 30 ամյակին: Միասնական դասի բացմանը ներկա էին ՀԱՊՀ Միջազգային համագործակցության և կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Սարգիս Ասատրյանցը, ՀԱՊՀ միջազգային համագործակցության և դրամաշնորհային վարչության պետի տեղակալ Անի Մամիկոնյանը, վարչության գլխավոր մասնագետ Հասմիկ Թալալյանը, Ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ Սեդա Ասատրյանը, Էներգետիկ ոլորտի տնտեսագիտություն և կառավարում ամբիոնի դասախոս, դոցենտ Ելենա Պետրոսյանը, Երևանի «Մոսկվայի տուն» մշակութային գործարար կենտրոնի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության «Ռուսկի դոմ» գիտության և մշակույթի կենտրոնի ներկայացուցիչներ Վահրամ Կարապետյանը, Մարիա Ալեքյանը, Սվետլանա Սամուելյանը և Մարիա Ավանեսովան։

Հյուրերին ողջունեց ՀԱՊՀ Միջազգային համագործակցության և կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Սարգիս Ասատրյանցը։ Իր ելույթում նա ընդգծեց ռուսաց լեզվի կարևորությունը և դերը ինչպես նախկին Խորհրդային Հայաստանում, այնպես էլ մեր օրերում։ Պրոռեկտորը իր ելույթը սկսեց նախ մայրենիով՝ հայերենով, ապա շարունակեց ռուսերենով։

«ԱՊՀ երկրները ժառանգությունն էին Խորհրդային միություն ձևավորված երկրների, հետևաբար, հասկանալի պատճառներով հետխորհրդային երկրներում մինչև հիմա ռուսերենը գերակայում է։ Վերաիմաստավորելով և վերաարժևորելով այն, այսօրվա միջոցառումը մեր նախաձեռնությամբ որոշեցինք անցկացնել ռուսերենով։ Սիրելի ուսանողներ միջոցառման ընթացքում կփորձենք ընդհանրացնել մեր պատկերացումները ԱՊՀ երկրների և այդ կառույցի շրջանակներում գործող երկրների համագործակցության մասին։ Կշոշափենք հարցեր այն մասին, թե ինչ կարող է ԱՊՀ-ն տալ մեզ, որ չի տվել անցնող 30 տարիներին, ինչ կարող ենք մենք ստանալ կառույցից և ինչ առավելություններ ու հնարավորություններ ունի այն։ Միջոցառմանը ներկա են պրոֆեսիոնալ բանախոսներ, որոնց հնարավորություն կունենաք ուղղել հարցեր։ Հորդորում եմ, լինել ակտիվ, նոր գիտելիքներ ստանալու համար։»,-նշեց պրոռեկտորը։

Սարգիս Ասատրյանց

ՀԱՊՀ Միջազգային համագործակցության և կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր

 

Դասի նպատակն էր Պոլիտեխնիկի ուսանողությանը ծանոթացնել ԱՊՀ-ի ստեղծման, նրա՝ որպես խոշորագույն ինտեգրացիոն կազմակերպության գործունեությանը հետխորհրդային շրջանում, ինչպես նաև ԱՊՀ երկրների համագործակցության հիմնական ուղղություններին։