Պոլիտեխնիկի ռեկտորատի նիստի անդամներին ներկայացվեց Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատարին և Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի նորընտիր տնօրենին

Պոլիտեխնիկի ռեկտորատի նիստի անդամներին ներկայացվեց Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատարին և Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի նորընտիր տնօրենին

ՀԱՊՀ ռեկտորատի սեպտեմբերի 28-ի նիստում ռեկտոր Գոռ Վարդանյանը ներկայացրեց ռեկտորատի երկու նոր անդամներին՝ Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Տիգրան Պետրոսյանին և Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի նորընտիր տնօրեն Արմեն Հովհաննիսյանին՝ վստահություն հայտնելով, որ նրանք իրենց մասնագիտական փորձն ու գիտելիքները կծառայեցնեն համալսարանի զարգացմանը։

Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Տիգրան Պետրոսյան

Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի նորընտիր տնօրեն Արմեն Հովհաննիսյան

Համագործակցելու առաջարկությունը ընդունելու համար շնորհակալություն հայտնելով և շնորհավորելով Տ․ Պետրոսյանին, ռեկտորը նշեց, որ Երևանի կրթահամալիրը պատրաստակամ է հնարավորինս աջակցելու մասնաճյուղի նոր ղեկավարի պաշտոնակատարին, աշխատակազմին և ուսանողությանը` կրթական, գիտական ու վարչարարական բոլոր ծրագրերի իրականացման գործում: «Տ․ Պետրոսյանը Պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի, այնուհետև Երևանի կրթահամալիրի շրջանավարտ է։ Մասնաճյուղում դասախոսում է արդեն 17 տարի և տիրապետում է մասնաճյուղի ներքին անցուդարձին։ Վստահ եմ, որ ձեր մասնագիտական, գիտական, կառավարչական և մարդկային որակների շնորհիվ նոր շունչ և նոր տրամաբանություն է լինելու մասնաճյուղում», – նշեց Գ․ Վարդանյանը։

Ռեկտորը նշեց նաև, որ Տ․Պետրոսյանը վերջին տարիներին զբաղեցրել է նաև Շիրակի մարզպետի բարձր պաշտոնը և տիրապետում է մարզում առկա կրթական, սոցիալական ոլորտների մի շարք խնդիրների։ Գ․Վարդանյանը համոզմունք հայտնեց, որ նոր պաշտոնում Տ․Պետրոսյանի աշխատանքը, կնպաստի մարզային կրթական խնդիրների լուծմանը և մասնաճյուղի բարձրագույն ուսումնական հաստատության համար որակապես նոր ցուցանիշի սահմանմանը։

Շնորհավորելով Ա․ Հովհաննիսյանին ռեկորը նշեց․ «Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրենի ընտրությունները վերջերս են տեղի ունեցել և մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ տպավորիչ հաղթանակի համար։ Այդ հաղթանակը խոսում է նրա մասին, որ ինստիտուտի գիտական հանրույթի և աշխատակազմի կողմից ունեք ճնշող աջակցություն։ Վստահ եմ, որ ձեր գործունեությունը առաջընթաց կապահովի ինստիտուտի համար, որը առաջին հերթին կարտահայտվի ուսանողական թվակազմի ավելացմամբ, ընդունելության որակի բարձրացմամբ, տարբեր միջազգային և գիտական ծրագրերի իրականացմամբ»։

Տ․ Պետրոսյանը և Ա․ Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեցին վստահության համար, նշելով, որ ջանք չեն խնայի կրթության որակը բարձրացնելու համար։

Այնուհետև ռեկտոր Գ. Վարդանյանը «Վի Իքս Սոֆթ» ընկերության ներկայացուցիչ Լեռնիկ Նիկողոսյանին պարգևատրեց ՀԱՊՀ Շնորհակալագրով՝ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամում «Mulberry 2․0» էլեկտրոնային համակարգի ներդրման մասնագիտական աշխատանքները կատարելու և աշխատակիցներին մշտապես աջակցելու համար։

Ռեկտորի դիտարկմամբ Լ․ Նիկողոսյանի պատրաստակամ վերաբերմունքը, աշխատակիցներին մշտապես մասնագիտական աջակցություն ցուցաբերելը խոսում է նրա Ալմա Մատերի հանդեպ ունեցած սրտացավության և հոգատարության մասին։

Շնորհակալություն հայտնելով պարգևի համար, Լ․ Նիկողոսյանը  նշեց․ «Անչափ շնորհակալ եմ գնահատականի համար։ Իմ քայլերը սկսել եմ այս բուհից և հպարտ եմ, որ այն հիմքը և գիտելիքները, որ ստացել եմ Պոլիտեխնիկում, այսօր հնարավորություն ունեմ կիրառել հենց իմ բուհում՝ համալսարանի աշխատանքները ավելի արդյունավետ և դյուրին դարձնելու համար»։