Պոլիտեխնիկական համալսարանում մեկնարկեց նոր ուսումնական տարին

Պոլիտեխնիկական համալսարանում մեկնարկեց նոր ուսումնական տարին

Սեպտեմբերի 1-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում մեկնարկեց նոր ուսումնական տարին:

Պոլիտեխնիկցիներն առաջին կուրսեցիներին դիմավորեցին նախապես կազմված ժամանակացույցով։ Ողջույնի խոսքով հանդես եկան ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը, ռեկտոր Գոռ Վարդանյանը, պրոռեկտորները և ինստիտուտի տնօրենները։

Ռեկտոր Գ. Վարդանյանը ողջունելով առաջին կուրսեցիներին, շնորհավորեց նրանց Պոլիտեխնիկական համալսարան ընդունվելու առթիվ։ «Կարևորում ենք Ձեզ հետ համագործակցությունը, քանզի այն փոփոխությունները, որ պլանավորել է Պոլիտեխնիկի ղեկավարությունը, էապես կախված է Ձեզ հետ ունեցած հետադարձ կապից։ Ձեր ուսումնառության տարիների ընթացքում, դուք սովորելու եք մտածելակերպ, Պոլիտեխնիկում ձեռք եք բերելու Ձեր կյանքի լավագույն ընկերներին, ինչպես նաև ինժեներական կրթության հետ մեկտեղ ստանալու եք այնպիսի հնարավորություններ, որպեսզի Ձեր գիտելիքները կիրառեք նաև գիտության ոլորտում։ Մաղթում եմ Ձեզ բազմաթիվ հաջողություններ և առողջություն, իսկ մեր երկրին՝ խաղաղություն»,-նշեց Գ.Վարդանյանը։

Համալսարանի ղեկավարությունը, նշեց, որ Պոլիտեխնիկը շարունակելու է ապահովել այն բոլոր անհրաժեշտ նախադրյալները, որոնց միջոցով առաջին կուրսեցիները և համալսարանի ուսանողները կարող են ստանալ բարձրակարգ բուհական կրթություն, ձեռք բերել մասնագիտական խոր գիտելիքներ, հմտություններ, ինչպես նաև ակտիվ դերակատարում ունենալ համալսարանի ստեղծագործ կյանքում։

Անհատական հանդիպումների ընթացքում ուսանողները ծանոթացան առկա եղանակով անցկացվելիք դասապրոցեսներին, ստացան իրենց անհրաժեշտ տեղեկությունները։

Դասերը համալսարանում անցկացվելու են առկա ձևաչափով՝ հստակ պահպանելով առողջապահության նախարարության և կառավարության կողմից սահմանված հակահամաճարակային կանոնները: