Պոլիտեխնիկի ուսանողները մասնակցում են Բյուրականի աստղադիտարանի կողմից կազմակերպված ամառային դպրոցին

Պոլիտեխնիկի ուսանողները մասնակցում են Բյուրականի աստղադիտարանի կողմից կազմակերպված ամառային դպրոցին

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի երկու տասնյակ ուսանողներ օգոստոսի 23-ից օգոստոսի 26-ը, ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանի հրավերով մասնակցում են ամառային դպրոցին։

Ամառային դպրոցի ընթացքում մասնակիցները համատեղում են իրենց հանգիստն ու գործնական պարապմունքները։ Վերջիններս մեծամասամբ անցկացվում են աստղադիտարանի մեխանիկական արհեստանոցում, որտեղ առկա են մետաղահատ հաստոցներ՝ ֆրեզերային, խառատային, ռանդման, հարթ հղկման, գայլիկոնման, օպտիկական դետալների մշակման և եռակցման ագրեգատներ։

Ամառային դպրոցի ընթացքում մասնակիցները դասախոսություններ են ունենում պատկերավորում (վիզուալիզացիա), մեքենայական ուսուցում, մոդելավորում, շարժավորում (անիմացիա), սիմուլացիա, խաչաձև համապատասխանեցումներ (cross-matching), աստղավիճակագրություն, մեծ տվյալներ (big data), թվայնացման նախագծին ծանոթացում և այլ թեմաներով:

Դպրոցի շրջանակներում քննարկումներ են կազմակերպվում համագործակցության ուղիների, միջճյուղային հետազոտությունների և աստղադիտարանի ենթակառուցվածքներում առկա եզակի նմուշներ հանդիսացող ինժեներական և կոնստրուկտորական սարքավորումների ուսումնասիրությունների արդյունքում նոր նախագծերի մշակման վերաբերյալ։

Պոլիտեխնիկի ուսանողների խոսքով դպրոցը լավ հնարավորություն է ծանոթանալու այնպիսի հետազոտական արդյունքների և տեխնոլոգիաների հետ, որոնք կարող են նպաստել ինժեներական մտքի, գործնական գիտելիքների զարգացմանը և հիմք հանդիսանալ դպրոցի սաների հետ նոր փոխադարձ համագործակցությունների։

Դպրոցի հիմնական նպատակն է մեկ ոլորտի շուրջ համախմբել սկսնակ աստղագետների, ինժեներների և մի շարք այլ մասնագետների, նպաստել նրանց գիտական առաջընթացին և ստեղծել լայն հաղորդակցվելու տիրույթ: