Ավարտվեց «Միասնության ուժը 2021» ուսանողական-երիտասարդական, ռազմահայրենասիրական հավաքը

Ավարտվեց «Միասնության ուժը 2021» ուսանողական-երիտասարդական, ռազմահայրենասիրական հավաքը

Հայաստանի և Արցախի բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները օգոստոսի 2-7-ը Հանքավանի «Պոլիտեխնիկ» ուսումնամարզաառողջարարական ճամբարում արդեն հինգերորդ անգամ մասնակցեցին «Միասնության ուժ» երիտասարդական-ուսանողական հավաքին: Հավաքը կազմակերպվում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ուսանողական խորհրդի ջանքերով:

«Միասնության ուժ» ուսանողական-երիտասարդական հավաքը Հայաստանի և Արցախի բարձրագույն ուսումնական հաստատությունների և այլ կառույցների երիտասարդ ուսանողներին հնարավորություն է ընձեռում ոչ միայն մասնակցել մշակութային, ինտելեկտուալ և մարզական մրցույթների, այլև ընկերական մթնոլորտում ծանոթանալ, շփվել տարեկիցների հետ:

«Հզոր ենք, երբ միասին ենք» կարգախոսի ներքո այս տարի նույնպես ավելի քան 200 երիտասարդ մրցեցին 3 ճակատներում, որոնք անվանակոչվել են Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում «Մարտական խաչ» առաջին աստիճանի ասպետի կոչման արժանացած Ժորժ Գևորգյանի, Տիգրան Բադալյանի և Կարապետ Անտոնյանի անուններով:

Հավաքի օրերին, մասնակիցներին են այցելել և քննարկումներ ունեցել ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյան, պրոռեկտոր, աշխատակազմի ղեկավար Էլբակ Էլբակյանը, Շիրակի նախկին մարզպետ, պոլիտեխնիկցի Տիգրան Պետրոսյանը, Տեր Մարկոս Քահանա Մանգասարյանը, Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից հերոսների հարազատներ, ՀՀ Պաշտպանության և Արտակարգ իրավիճակների նախարարությունների մասնագետներ։

Հուլիսի 7-ին կայացավ «Միասնության ուժ» երիտասարդական-ուսանողական հավաքի փակման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀԱՊՀ Տնտեսական գործունեության և ենթակառուցվածքների սպասարկման գծով պրոռեկտոր Կարապետ Թոռչյանը, Ընդունելության կենտրոնի տնօրենի տեղակալ, պատասխանատու քարտուղար Կարապետ Կոգարովը, Քոլեջի տնօրենի պաշտոնակատար Ռաֆֆի Քարամյանը և Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս, կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ Համեստ Ներսիսյանը։ Հավաքի ավարտին մասնակիցներին հանձնվեցին միջճակատային մրցույթների պատվոգրերն ու մրցանակները։ Ցուցաբերած «Լավագույն աջակցության» համար պարգևատրվեց նաև Կարապետներ ճակատի Ալբերտ Դադոյանի անվան ջոկատը։

Համալսարանի կողմից «Միասնության Ուժ» 2021 ուսանողական-երիտասարդական, ռազմահայրենասիրական հավաքը բարձր մակարդակով կազմակերպելու, «Ուսանողական շինարարական ջոկատներ» կազմավորելու և հավաքի կայացման գործում մեծ ավանդ ունենալու համար Պատվոգրով պարգևատրվեց ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի նախագահ Գևորգ Հարությունյանը, իսկ շնորհակալագրերով հավաքի կազմակերպչական թիմը։

«Միասնության Ուժը 2021» ուսանողական միջբուհական հավաքում հաղթող ճանաչվեց Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում «Մարտական խաչ» առաջին աստիճանի ասպետի կոչման արժանացած Տիգրան Բադալյանի անունը կրող ճակատը, ինչի համար շնորհավորում ենք ճակատի բոլոր մասնակիցներին և մաղթում նորանոր վերելքներ ու հաղթանակներ։ Երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրին Ժորժ Գևորգյանի և Կարապետ Անտոնյանի ճակատները։

Շնորհավորում ենք «Միասնության Ուժը – 2021» հավաքի բոլոր մասնակիցներին և վստահաբար ասում, որ կրկին հաղթեց միասնության ուժը։

 

***

«Միասնության ուժը» հավաքին մասնակցում է ավելի քան 200 երիտասարդ ՀՀ-ից և Արցախից: Հավաքի համակարգող-ղեկավարող մարմինը, միջոցառման հիմքում դնելով ազգային արժեքները, մասնակիցներին, միասնության ակնկալիքով, ՀՀ դրոշի խորհրդանշական գույների ներքո առանձնացրել է երեք ճակատների, անվանելով նրանց Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում «Մարտական խաչ» առաջին աստիճանի ասպետի կոչման արժանացած Ժորժ Գևորգյանի, Տիգրան Բադալյանի և Կարապետ Անտոնյանի անուններով, իսկ ջոկատները, որոնցից կազմված են ճակատները կկրեն պոլիտեխնիկցի 27 զոհված հերոսների անունները։