Հայաստանի ու Արցախի բուհերից մոտ 200 երիտասարդի մասնակցությամբ մեկնարկել է «Միասնության ուժ» հավաքը

Հայաստանի ու Արցախի բուհերից մոտ 200 երիտասարդի մասնակցությամբ մեկնարկել է «Միասնության ուժ» հավաքը

Հրետանավոր սերժանտ, Արցախի հերոս Էդգարին արդեն շատերն են դեմքով ճանաչում. թշնամու մոտեցող տանկերը երբ Թալիշում նկատել էին, առաջինն իրենցից հեռու էր ընդամենը 7 կմ, խոցեց, ստացվեց ու այդպես հետհաշվարկը գնաց: 10 տանկի խոցելու պահին, ասում է՝ միտքը միայն մի մարդու հետ էր:

Էդգար Մարկոսյան (Արցախի հերոս) – Ու էդ պահին հենց մաման ա աչքիդ առաջ անցնում, միանշանակ ոչ մի բան չի գալիս աչքիդ: Բոլորը մտածում էին, որ հետմահու եմ ստացել, բայց, փառք Աստծո, կարողացա ողջ-առողջ հետ գամ: Միշտ ասում եմ, որ ողջ ենք հետ եկել, ուրեմն միսիա ունենք: Իմ միսիան իմ ընկած ընկերների կյանքն արդարացնելն է:

Հիմա արդեն վերադարձել է, մտքերն այլ ուղղությամբ են. ոլորտի լավագույնը դառնալու առաքելություն ունի, վստահ է կոչումով հերոս, արդեն Պոլիտեխնիկի էլեկտրոնիկայի բաժնի մագիստրոսը, որ իր հաջողությունը նորից բանակ ուղարկի:

Էդգար Մարկոսյան – Իմ երկրին ես վճարելու եմ հարկեր, որոնք գնալու են բանակի հզորացմանը:

Լավագույնը դառնալու ու հայրենիքին օգնելու համար Հայաստանի ու Արցախի բուհերի մոտ 200 ուսանողի համախմբել է «Միասնության ուժ» ուսանողական-երիտասարդական հավաքը: Զոհված տղաների, նրանց երազանքների մասին չմոռանալու համար ճամբարում բոլորը խոսուն շապիկներով են:

Արցախցի ուսանողուհիներն էլ նաև պատմում են՝ Երևանի բուհերի հետ գործակցության պայմանավորվածությամբ կգնան Հանքավանի ճամբարից:

Գևորգ Հարությունյան (ՀԱՊՀ ուսանողական խորհրդի նախագահ) – Մենք ընտրել ենք ազգ, կրոն, բանակ երեք հենասյուները, կարծում ենք, որ յուրաքանչյուր երիտասարդ դրանով առաջնորդվի, շարժվի: Այն հերոսները, այն կերպարները, որոնց մասին մենք գիտենք, որոնք իրենց կյանքը տվել են մեզ բոլորիս, պետք էր նրանց փառաբանել, նրանց մասին իմանալ, հասկանալ՝ ինչ էր նրանց համար հայրենասիրությունը և, իհարկե, այն գործը, որը նրանք արել են:

Գոռ Վարդանյան (ՀԱՊՀ ռեկտոր)  – Ամբողջ աշխարհում հայ մարդն առանձնացել է իր գիտելիքով, իր ստեղծագործ մտքով, իր հայրենասիրությամբ, բայց չեմ կարող ասել, որ մեր պատմության ընթացքում միասնական ենք եղել, միասնության ուժը հենց այդ նպատակն ունի, որ տարբեր մասնագիտության մարդկանց համախմբել մի հարկի տակ:

Տղաներին չմոռանալու խոստում նաև հավաքի բացման օրը տվեցին՝ կյանքը հայրենիքին նվիրած մեր տղաների ծնողների ներկայությամբ:

Մինչև օգոստոսի 7-ը մեկ հարկի տակ հավաքված երիտասարդները նաև պաշտպանության ու արտակարգ իրավիճակների նախարարությունների հետ կսովորեն ռազմատեղագրություն, կրակային պատրաստություն, ինչպես հանգցնել կրակը անկանխատեսելի իրավիճակներում ու, իհարկե, չեն մոռանում ազգային, ռազմական հնչյունները: