Հանուն «Միասնության ուժ»-ի․ Մեկնարկեց ամենամասշտաբային, ուսանողական-երիտասարդական, ռազմահայրենասիրական հավաքը

Հանուն «Միասնության ուժ»-ի․ Մեկնարկեց ամենամասշտաբային, ուսանողական-երիտասարդական, ռազմահայրենասիրական հավաքը

Հայաստանի և Արցախի բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչ ուսանողների, երիտասարդների համար «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Ուսանողական խորհուրդը Հանքավանի «Պոլիտեխնիկ» ուսումնամարզաառողջարանական ճամբարում օգոստոսի 2-7-ը անցկացնում է «Միասնության ուժը» ուսանողական-երիտասարդական, ռազմահայրենասիրական հավաք` նպատակ ունենալով երկրում գերակա դարձնել խելացի երիտասարդների միասնության գաղափարը՝ ելնելով նաև Հայաստանի համար բոլոր ժամանակների ռազմաքաղաքական իրավիճակից:

Հավաքի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը, պրոռեկտորներ, ապրիլյան քառօրյա և Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսների ընտանիքի անդամներ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քարոզչական բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ․Գարեգին վարդապետ Համբարձումյանը, ՀՀ ՊՆ նվագախումբը,  պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, հյուրեր և ուսանողներ:

Բացման խոսքով հանդես եկավ ռեկտոր Գ․ Վարդանյանը: Ողջունելով ներկաներին` ռեկտորը իր շնորհակալանքի խոսքն ուղղեց ապրիլյան քառօրյա և 44-օրյա պատերազմի հերոսների ընտանիքի անդամներին, հավաքի բացմանը ներկա գտնվելու համար, խոսեց հավաքի և նրա նշանակության մասին։ «Սիրելի մասնակիցներ, «Միասնության ուժը» միջոցառումն ինքնանպատակ չէ․ այս տարի առաջին անգամ է, որ երեք ճակատներից բացի, ջոկատները կրում են մեր անմահացած հրաշալի երիտասարդների անունները։ Մասնակիցների տեսակից, ընկալումից և մոտեցումներից է կախված լինելու մեր երիտասարդներին ապրեցնելու, միասնությամբ հայրենիքը հզորացնելու և, ըստ էության, բովանդակալից օրեր ունենալու հարցը։ Եվս մեկ անգամ խոնարհվելով մեր ընկած բոլոր հերոսների ծնողների առջև, իրենց հիշատակի առջև՝ ես ուզում եմ ասել, որ մեր համալսարանը քաջ գիտակցում է իր առաքելությունը ոչ միայն ինժեներական կադրերի պատրաստման, այլև երիտասարդների դաստիարակության, հայրենասիրության, գաղափարների փոխանցման գործում։ Ցանկանում եմ, որ այս օրերի ընթացքում դուք, լինելով տարբեր ջոկատների մասնակիցներ, ճակատի ղեկավարներ, մրցելով իրար հետ, միաժամանակ այդ մրցակցության մեջ ունենաք կարևոր այս գաղափարը՝ միասնությամբ ստացած գիտելիքները մեկ ճակատով կիրառելը մեր հայրենիքի համար։ Ողջունում եմ Ձեզ, վստահ եմ Ձեր ինտելեկտուալ և առանձնահատուկ կերպարի շնորհիվ, 2021 թվականին տեղի ունեցող այս միջոցառումն իր ուրույն տեղն է ունենալու պատմության մեջ և իր տեսակով առանձնանալու է նախորդ միջոցառումներից։ Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում ՀՀ Պաշտպանության և Արտակարգ իրավիճակների նախարարություններին»,-նշեց ռեկտորը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Ուսանողական խորհրդի նախագահ Գևորգ Հարությունյանը: Շնորհակալություն հայտնելով համալսարանի ղեկավարությանը աջակցության համար՝ ՈւԽ նախագահը հավաքի բոլոր մասնակիցներին մաղթեց միասնության ուժով, ոգով և առողջ մրցակցությամբ լի օրեր: «Մարտի 27-ից Ուսանողական խորհուրդը վերափոխել է իր ողջ ռազմավարությունը։ Փոխելով մեր միջոցառումների բովանդակությունը՝ մենք յուրաքանչյուր տեղում ներգրավում ենք մեր այն եղբայրներին, որոնք այսօր մեզ հետ չեն, բայց որոնց մենք կապրեցնենք մեզ հետ։ Սիրելի ուսանողներ, դիմում եմ Ձեզ խնդրանքով, որ իմանաք այն արժեքն ու գինը, որ վճարել են մեր եղբայրները Հայաստանի և Արցախի սահմանները պաշտպանելիս։ Ես ուզում եմ, որ դուք հպարտությամբ և զգույշ կրեք այս շապիկները, որովհետև նրանց վրա պատկերված են այն լուսավոր տղաները, ովքեր մեկնել են ծառայության ոչ միայն իրենց ընտանիքի և բարեկամների համար, այլ բոլորիս։ Սիրելի ծնողներ և հարազատներ, այս 6 օրերի ընթացքում մենք մեր երախտագիտության խոսքն ենք հայտնելու մեր հերոսներին՝ խոսելով նրանց սխրանքների մասին։ Մենք խոնարհվում ենք Ձեր առաջ և խոստանում ևս մեկ անգամ, որ մնացած մեր ողջ կյանքի ընթացքում մեր ընկերներին մշտապես մեզ հետ ապրեցնելու ենք։»,-նշեց Գ․Հարությունյանը։

Ելույթներով հանդես եկան նաև 44-օրյա պատերազմում քաջաբար զոհված պոլիտեխնիկցի զինծառայողների՝ Կարապետ Անտոնյանի, Տիգրան Բադալյանի և Ժորժ Գևորգյանի հարազատները։

Ելույթներից հետո ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի «Երախտագիտության» մեդալներ տրվեցին 44-օրյա պատերազմում Պոլիտեխնիկցի զոհված հերոսների ծնողներին։

Հոգեշնորհ Տ․Գարեգին վարդապետ Համբարձումյանը ծնողներին և ուսանողներին փոխանցեց զինվորական կազմով Աղոթագրքեր և Նոր Կտակարան։

Հանդիսավոր բացմանը հաջորդեց հավաքի ընտրական փուլը։

 

***

«Միասնության ուժը» ուսանողական-երիտասարդական հավաքը հզոր գաղափարախոսական միջոցառում է «Հզոր ենք, երբ միասին ենք» կարգախոսով, միասին դեպի բարձունքը ձգտող երկու երիտասարդների նմանվող տարբերանշանով, որտեղ երիտասարդներից մեկը՝ ՀՀ դրոշի կապույտով պատկերվածը, նմանեցված է «Պ» տառին՝ խորհրդանշելով Պոլիտեխնիկցուն, իսկ մյուս երիտասարդը, անշուշտ, մնացյալ համալսարանների, երիտասարդական կառույցի ներկայացուցիչ ուսանողներն ու երիտասարդներն են։

«Միասնության ուժը» հավաքին մասնակցում է ավելի քան 170 երիտասարդ ՀՀ-ից և Արցախից: Հավաքի համակարգող-ղեկավարող մարմինը, միջոցառման հիմքում դնելով ազգային արժեքները, մասնակիցներին, միասնության ակնկալիքով, ՀՀ դրոշի խորհրդանշական գույների ներքո առանձնացրել է երեք ճակատների, անվանելով նրանց Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում «Մարտական խաչ» առաջին աստիճանի ասպետի կոչման արժանացած Ժորժ Գևորգյանի, Տիգրան Բադալյանի և Կարապետ Անտոնյանի անուններով, իսկ ջոկատները, որոնցից կազմված են ճակատները կկրեն պոլիտեխնիկցի 27 զոհված հերոսների անունները։

Հավաքի վեց օրերի ընթացքում մասնակիցները մրցելու են 15 մարզաձևերում։ Հանդիպումներ, քննարկումներ են ունենալու հասարակական, պետական, քաղաքական գործիչների, համալսարանի ղեկավարության և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ։

Հիշեցնենք, որ առաջին «Միասնության ուժը» ուսանողական, երիտասարդական, ռազմահայրենասիրական հավաքը անցկացվել է 2016 թվականի օգոստոսի 8-11-ը: