Պոլիտեխնիկական համալսարանի, «Թեղուտ»-ի լեռնահարստացուցիչ կոմբինատի և Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության միջև կնքվեց համագործակցության հուշագիր

Պոլիտեխնիկական համալսարանի, «Թեղուտ»-ի լեռնահարստացուցիչ կոմբինատի և Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության միջև կնքվեց համագործակցության հուշագիր

«Թեղուտ»-ի լեռնահարստացուցիչ կոմբինատում մեծ շուքով և հանդիսավորությամբ նշվեց Մետալուրգի օրը: Մասնագիտական տոնի առթիվ «Թեղուտ»-ի աշխատակիցները նշեցին իրենց ձեռքբերումներն ու խոսեցին գալիք նպատակների մասին:

Միջոցառման ներկա էին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պրոռեկտոր, աշխատակազմի ղեկավար Էլբակ Էլբակյանը և «Լեռնային գործ և շրջակա միջավայրի պահպանության» ամբիոնի վարիչ Արմեն Հովհաննիսյանը։

Հանդիսավոր ելույթներից և շնորհավորանքներից հետո «Թեղուտ»-ի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության միջև կնքվեց համագործակցության հուշագիր: Հուշագիրը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կողմից ստորագրեց պրոռեկտոր, աշխատակազմի ղեկավար Է․ Էլբակյանը, «Թեղուտ»-ի լեռնահարստացուցիչ կոմբինատի անունից` գլխավոր տնօրեն Վ․ Նալիվայկոն և Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության անունից՝ միության տնօրեն Վ․ Կիրակոսյանը:

Համաձայնագիրը պոլտեխնիկական համալսարանի ուսանողներին հնարավորություն կտա իրենց մասնագիտական գիտելիքները կատարելագործել կոմբինատում, իսկ «Թեղուտ»-ի լեռնահարստացուցիչ կոմբինատին ունենալ բարձրակարգ ինժեներական կադրային հերթափոխ:

Հուշագրի արդյունքում կողմերը համագործակցելու են ընդերքօգտագործման ոլորտի բակալավրական և մագիստրոսական կրթական ծրագրերի կատարելագործման, մասնագիտական ուսուցման գործնական բաղադրիչի ուժեղացման և շուկայի պահանջներին համահունչ ընթացիկ և հեռահար ծրագրերի մշակման հարցերում։

Հուշագրի արդյունավետ իրականացման նպատակով Կողմերը ձևավորելու են միացյալ աշխատանքային խումբ, որը մշակելու է միջոցառումների պլան-ժամանակացույց և այն ներկայացնելու Կողմերի քննարկմանն ու հաստատմանը:

Մինչ համաձայնագրի ստորագրումը «Թեղուտ»-ի լեռնահարստացուցիչ կոմբինատ այցելած հյուրերը եղել էին հանքավայրում և լեռնահարստացուցիչ կոմբինատում, ծանոթացել հանքաքարից մինչև պղնձի և մոլիբդենի խտանյութ շղթային: Կոմբինատի աշխատակիցները հյուրերին ներկայացրել էին միջազգային լավագույն ընկերությունների տեխնոլոգիաներով և սարքավորումներով հագեցած արտադրությունը, որտեղ ամեն ինչ իրականացվում է ավտոմատացման ռեժիմում, իսկ կոմբինատի աշխատակիցներն այդ ամենին հետևում են մոնիտորների վրա:

Առցանց ռեժիմում հնարավոր է հետևել հանքաքարից մետաղի կորզման արդյունավետությանը, խտանյութում պղնձի և մոլիբդենի պարունակությանը, և նույնիսկ պոչամբար գնացող հանքանյութի մեջ չկորզված մետաղի պարունակությանը:

Տեխնոլոգիական զինվածության նման բարձր մակարդակը ևս մեկ գրավականն է այն համոզման, որ կոմբինատում ուսումնաարտադրական պրակտիկա անցնող ուսանողները կկարողանան դառնալ ոլորտի լավագույն մասնագետներ:

Համաձայնագրի ստորագրումից հետո տեղի ունեցավ պարգևատրման և խրախուսման ավանդական միջոցառումը: Կոմբինատի գլխավոր տնօրեն Վ․ Նալիվայկոն արժեքավոր նվերներ և պատվոգրեր հանձնեց իրենց աշխատանքում աչքի ընկած հանքագործներին։