ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը ընդունել է «Կոնսէլ» ընկերության տնօրեն Արման Փափազյանին

ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը ընդունել է «Կոնսէլ» ընկերության տնօրեն Արման Փափազյանին

Հուլիսի 9-ին ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանն ընդունեց Չիլիի Հանրապետության պատվո հյուպատոս, «Կոնսէլ» ընկերության տնօրեն Արման Փափազյանին:

Հանդիպմանը ներկա էին Չեռնոգորիայի պատվո հյուպատոս Հրաչյա Մուսայելյանը, ՀԱՊՀ Կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Մարինկա Բաղդասարյանը,  Մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտի տնօրեն Գագիկ Մուսայելյանը:

Աշխատանքային հանդիպման ընթացքում «Կոնսէլ» ընկերության տնօրեն Ա. Փափազյանը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրեց իրենց ընկերությունը, խոսելով այն ակնկալիքների մասին, որոնք այսօր ունի կազմակերպությունը ինժեներներին աշխատանքի ընդունելու հարցում:

«Կոնսէլ» ՍՊԸ-ն սպառողին է առաջարկում առավել համալիր լուծումներ ինչպես օդափոխման և օդակարգավորման, այնպես էլ ջեռուցման, լուսավորման և անվտանգության ոլորտներում: Ընկերությունը շուկայում ներկայանում է որպես ոլորտի համաշխարհային հսկաներից մեկի` Mitsubishi Electric-ի, ինչպես նաև Toshiba & Carrier ընկերությունների պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում:

Ողջունելով հյուրերին ռեկտոր Գ. Վարդանյանը նշեց, որ համալսարանը էապես կարևորում է մասնավոր ոլորտում գործունեություն ծավալող ինժեներական կազմակերպությունների հետ համագործակցությունը։ Հենց այս համատեքստում չափազանց կարևոր է կողմերի միջև արդյունավետ կապը, ուսումնական պլանների կազմման, առարկայական ցանկի վերանայման, պրակտիկաների անցկացման և երիտասարդ մասնագետների ներգրավման ուղղություններով։ Ռեկտորը առաջարկեց կազմակերպել շրջայց Պոլիտեխնիկի լաբորատորիաներում, ծանոթանալ  հնարավորություններին, որից հետո ձևավորել ուսումնական լաբորատորիա ստեղծելու համատեղ քայլերը:

Պրոռեկտոր Մ. Բաղդասարյանը նշեց, որ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետներ պատրաստելու նպատակով կարելի է յուրաքանչյուր առարկայի համար մշակել հանձնարարությունների ցանկ, որոնք կարտացոլեն գործատուների պահանջը: «Օրինակ՝ կուրսային կամ դիպլոմային աշխատանքներ հանձնարարելիս թեմաները լինեն ոչ թե վերացական կամ հնացած, այլ գործնական` նվիրված այսօրվա ակտուալ խնդիրներին, որոնք լուծման կարիք ունեն, իսկ ուսանողները աշխատեն խմբերով: Բացի այդ ուսանողը պետք է պրակտիկա ունենա, որն էլ կապահովի մասնագիտական վարքագծի ձևավորումը: Այս տեսակետից կարելի է համագործակցել ՀԱՊՀ Քոլեջի «Արդյունաբերական և քաղաքացիական շենքերի էլեկտրասարքավորումների տեղակայում և շահագործում» մասնագիտության շրջանակներում ևս»,-նշեց պրոռեկտորը:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց համագործակցության խորացման և հստակ քայլերի մշակման նպատակով` կազմակերպել Պոլիտեխնիկական համալսարանի ներկայացուցիչների այց «Կոնսէլ» ընկերություն: