Պոլիտեխնիկի Ավագ դպրոցում հանձնվեցին ավարտական վկայականները

Պոլիտեխնիկի Ավագ դպրոցում հանձնվեցին ավարտական վկայականները

Հուլիսի 7-ին ՀԱՊՀ Ավագ դպրոցում տեղի ունեցավ շրջանավարտների ատեստատների հանձնման արարողությունը, որին մասնակցում էին ՀԱՊՀ պրոռեկտոր, աշխատակազմի ղեկավար Էլբակ Էլբակյանը, Ավագ դպրոցի տնօրեն Ալֆրեդ Պետրոսյանը, Ավագ դպրոցի տնօրենի տեղակալ Նելլի Համբարձումյանը և այլք։

Ողջունելով աշակերտներին՝ Է․ Էլբակյանը նշեց, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ավագ դպրոցն այսօր մեծ կյանք է ճանապարհում նոր սերունդ՝ օժտված գիտելիքներով և անհրաժեշտ հմտություններով: «Դուք ամփոփում եք դպրոցական կրթության շրջափուլը, որը խիստ կարևոր է յուրաքանչյուր մարդու կյանքում: Կարծում եմ ձեզ մեծ հաջողություններ են սպասվում բուհական կրթության ընթացքում, բնագիտական և ինժեներական ոլորտներում։ Դուք հետագայում ևս կզգաք, թե ինչ մեծ դեր ունի այս դպրոցը ձեր կյանքում։ Վստահ եմ, շատերիդ հետ դեռ առիթներ կունենամ հանդիպելու՝ արդեն որպես Պոլիտեխնիկի ուսանողներ»,-նշեց Է․ Էլբակյանը։ Ամփոփելով խոսքը՝ պրոռեկտորը շնորհավորեց բոլոր շրջանավարտներին և մաղթեց հաջողություններ:

Աշակերտներին շնորհավորեց և կանաչ ճանապարհ մաղթեց նաև դպրոցի տնօրեն Ա․ Պետրոսյանը։ «Սրտանց շնորհավորում եմ ձեզ առաջին լուրջ քայլի համար։ Դպրոցական կրթությունը հիմնարար կրթություն է, ձեր գիտելիքների հետագա հարստացումը հիմնվելու է դպրոցում ստացած կրթության վրա։ Հուսով եմ, որ դուք դպրոցից հեռանում եք անհրաժեշտ գիտելիքներով և անմոռանալի տպավորություններով, որոնք կօգնեն ձեզ կյանքում գտնելու ձեր արժանի տեղը։ Բարի ճանապարհ եմ մաղթում»,-նշեց Ա․ Պետրոսյանը։

Ավարտական վկայականներ հանձնվեցին Պոլիտեխնիկի Ավագ դպրոցի 272 շրջանավարտների: