Տեղի ունեցավ Պոլիտեխնիկի Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը

Տեղի ունեցավ Պոլիտեխնիկի Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը

Հուլիսի 2-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 2-րդ մասնաշենքի Մեծ դահլիճում տեղի ունեցավ Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի 2020-2021 ուսումնական տարվա բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։

Ներկա էին Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն Ալբերտ Ֆրանգուլյանը, ինստիտուտի գիտական, գիտատեխնոլոգիական համագործակցության և արտաքին կապերի գծով տնօրենի տեղակալ Արտաշես Թադևոսյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողների ծնողներ և հյուրեր։

Շրջանավարտներին շնորհավորեց և բարեմաղթանքի խոսք ասաց Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն Ա.Ֆրանգուլյանը․ «Սիրելի պրոֆեսորադասախոսական անձնակազմ, ուսանողներ, ներկաներ ուզում եմ մեր ողջ կոլեկտիվի անունից շնորհավորել բոլորիդ այս նշանակալից օրվա կապակցությամբ։ Այսօր որևէ երկիր չի կարող ունենալ առաջընթաց, եթե չունի լիարժեք բուհական կրթություն և որակյալ մասնագետ։ Այս տեսակետից մեր համալսարանի և, ինչու չէ, մեր Լեռնամետալուրգիա և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի դերն անգնահատելի է։ Ցանկանում եմ, որ մեր համալսարանում ստացած գիտելիքներն ու հմտությունները ծառայեցնեք ի շահ մեր երկրի»,- ասաց ինստիտուտի տնօրենը։ Ա․ Ֆրանգուլյանը  շրջանավարտներին հորդորեց բարձր պահել Պոլիտեխնիկի պատիվը՝ որտեղ էլ որ լինեն։

Այս տարի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտը բակալավրի կրթական ծրագրով ավարտել է 37, իսկ մագիստրոսական կրթական ծրագրով՝ 19 ուսանող։

Հաջորդող օրերին համալսարանում շարունակվելու են ուսանողների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունները։