Պոլիտեխնիկի Կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետի շրջանավարտները հանդիսավոր կերպով ստացան դիպլոմները

Պոլիտեխնիկի Կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետի շրջանավարտները հանդիսավոր կերպով ստացան դիպլոմները

Հուլիսի 2-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 2-րդ մասնաշենքի Մեծ դահլիճում տեղի ունեցավ Կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետի 2020-2021 ուսումնական տարվա բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։

Ներկա էին ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը, պրոռեկտոր, աշխատակազմի ղեկավար Էլբակ Էլբակյանը, Կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Իշխան Հովհաննիսյանը, Ուսումնամեթոդական վարչության պետ Գրիգորի Բաղրամյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողների ծնողներ և հյուրեր։

Շրջանավարտներին ողջունեց և շնորհավորեց ՀԱՊՀ ռեկտոր Գ․ Վարդանյանը․ «Կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետի սիրելի՛ շրջանավարտներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ հաջողությամբ Պոլիտեխնիկն ավարտելու, պոլիտեխնիկցու բարձրագույն կոչմանն արժանանալու և իրապես հայ երիտասարդ, հայ քաղաքացի դաստիարակվելու համար։ Վստահաբար ուզում եմ ասել, որ ձեր ստացած ճշգրիտ մաթեմատիկական գիտելիքներից են կախված մեր երկրի ապագան, տնտեսությունը և աշխատաշուկայի որակը։ Ցանկանում եմ կյանքի հաջորդ փուլում ունենաք բազում հաջողություններ, ինչպես որ պլանավորել էիք Պոլիտեխնիկում կրթություն ստանալով։ Այսուհետև որտեղ էլ որ լինեք, լինելու եք Պոլիտեխնիկը ներկայացնող դեսպանները։ Մենք ուրախ կլինենք այդ ընթացքում  ձեզ տեսնել, որպես հաջողակ, կայացած, հմուտ մասնագետների։ Շնորհավորում եմ ևս մեկ անգամ և բարի երթ մաղթում։»,-նշեց ռեկտորը։

Շրջանավարտներին շնորհավորեց և բարեմաղթանքի խոսք ասաց նաև Կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ի. Հովհաննիսյանը․ «Սիրելի՛ շրջանավարտներ, ես նույնպես միանում եմ դահլիճում հնչած շնորհավորանքներին, ցանկանում եմ ձեզ հետագա աշխատանքային և անձնական հաջողություններ։ Հուսով ենք, որ դուք բուհից հեռանում եք միայն լավ տրամադրությամբ ու տպավորություններով, գիտելիքների մեծ զինանոցով և որպես մասնագետ ինքնահաստատվելու աննկուն վճռականությամբ։»,-նշեց դեկանը։ Ի․ Հովհաննիսյանը նշեց, որ ֆակուլտետն ունի իր անվամբ սոցիալական խումբ, որտեղ երևում են շրջանավարտների հաջողությունները և կատարած աշխատանքները, կազմակերպվում են օնլայն դասընթացներ, հանդիպումներ։ Նա ցանկություն հայտնեց, որ այս տարվա շրջանավարտները, որքան հնարավոր է շուտ ներառվեն այդ խմբում և դառնան խմբի մի մասը։

Այս տարի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետը բակալավրի կրթական ծրագրով ավարտել է 34, իսկ մագիստրոսական կրթական ծրագրով՝ 9-ը ուսանող։ ՀԱՊՀ Կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետը բուհի թվաքանակով փոքրաթիվ ուսանող ունեցող կառույցն է։

Հաջորդող օրերին համալսարանում շարունակվելու են ուսանողների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունները։