Հունիսի 30-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 2-րդ մասնաշենքի Մեծ դահլիճում տեղի ունեցավ Մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտի 2020-2021 ուսումնական տարվա բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։
Ներկա էին ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը, պրոռեկտոր, աշխատակազմի ղեկավար Էլբակ Էլբակյանը, Մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտի տնօրեն Գագիկ Մուսայելյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողների ծնողներ և հյուրեր։
Շրջանավարտներին ողջունեց և շնորհավորեց ՀԱՊՀ ռեկտոր Գ․ Վարդանյանը․ «Սիրելի՛ շրջանավարտներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ հաջողությամբ Պոլիտեխնիկն ավարտելու, ինժեների որակավորում ստանալու և պոլիտեխնիկցու բարձր կոչմանն արժանանալու կապակցությամբ։ Մեր հայրենիքի ապագան մեծապես կախված է ձեր մասնագիտական ու գիտական գործունեությունից։ Ցանկանում եմ՝ ձեզ ապագայում տեսնել որպես կայացած մասնագետներ, ովքեր Պոլիտեխնիկի համբավը բարձր պահելու կարևոր առաքելությունը վերցրել են իրենց ուսերին և կարողանում են պատվով իրականացնել այն։ Ցանկանում եմ, որ դուք ձեր մասնագիտական հետագա գործունեության մի անկյունում առանձնացնեք Պոլիտեխնիկը և իմանաք, որ Պոլիտեխնիկում էլ յուրաքանչյուրիդ համար առանձնացված անկյուն կա, որտեղ ձեր ուրույն տեղը ունեք և որքան ցանկանաք, այն ընդլայնելու հնարավորություն կունենաք։ Վստահ եմ՝ ձեզնից շատերը ապագայում ձեր կրթությունը շարունակելու եք հաջորդ կրթական մակարդակում և ցանկանալու եք ձեր գործունեությունը ծավալել Պոլիտեխնիկում։ Մենք ուրախ կլինենք այդ ընթացքում ձեզ տեսնել, որպես հաջողակ, կայացած, հմուտ մասնագետների։ Հաջողություն եմ մաղթում ձեզ։ Շնորհավորում եմ ևս մեկ անգամ։ Հաջողակ և լուսավոր մնացեք, ինչպես որ կաք և ձեր գործունեությունը շարունակեք հայրենիքում»։
Շրջանավարտներին շնորհավորեց և բարեմաղթանքի խոսք ասաց նաև Մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտի տնօրեն Գագիկ Մուսայելյանը՝ նշելով, որ իրեն բախտ է վիճակվել ՀԱՊՀ Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի կարգավիճակով չորս տարի առաջ ծանոթանալ դահլիճում ներկա գտնվողների մեծ մասի հետ՝ երբ նրանք դեռ դիմորդներ էին։ «Այսօր ուրախ եմ, որ հաջողությամբ ավարտում եք ձեռ ուսումնառությունը։ Կցանկանամ, որ Պոլիտեխնիկում ստացած ձեր որակավորումը օգտագործեք ի նպաստ ձեր բարեկեցության, մասնագիտական առաջխաղացման և նպատակասլաց աշխատանքի։ Կցանկանամ, որ ստացած գիտելիքները օգտագործեք մեր հայրենիքի զարգացման համար՝ այսօր և ապագայում իրականացվող գործընթացներում։ Եղեք ակտիվ, պոլիտեխնիկցին երբևէ իրեն պասիվ չպետք է պահի»,- նշեց Գ․ Մուսայելյանը։ Նա ծառայության մեկնողներին մաղթեց խաղաղ երկինք ու հաջողություններ՝ վստահություն հայտնելով, որ դահլիճում ներկա գտնվողների որոշ մասին հանդիպելու է սեպտեմբերի 1-ին՝ որպես մագիստրոսներ։
Այս տարի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտը բակալավրի կրթական ծրագրով ավարտել է 142 ուսանող, իսկ մագիստրոսական կրթական ծրագրով՝ 21-ը։
Հաջորդող օրերին համալսարանում շարունակվելու են ուսանողների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունները։