Պոլիտեխնիկը և ՀՀ Ուսանողական մարզական ֆեդերացիան կնքեցին համագործակցության հուշագիր

Պոլիտեխնիկը և ՀՀ Ուսանողական մարզական ֆեդերացիան կնքեցին համագործակցության հուշագիր

Ս․թ․ հունիսի 10-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը և «Ուսանողական մարզական ֆեդերացիա» ՀԿ նախագահ Հովհաննես Գաբրիելյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր։ Համագործակցության առանցքում համալսարանական սպորտի զարգացումն է, մարզական, կրթական միջոցառումների իրականացումը և ուսանող մարզիկների միջազգային հարթակներում մրցունակության բարձրացումը։

Հանդիպմանը ներկա էին ՀԱՊՀ Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնի վարիչ Արարատ Ղոչիկյանը, Ուսանողական խորհրդի նախագահ Գևորգ Հարությունյանը։

Ողջունելով «Ուսանողական մարզական ֆեդերացիա» ՀԿ-ի նախաձեռնությունը, ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը կարևորեց հուշագրի կնքումը։ Ռեկտորը իր խոսքում նշեց բուհական մարզական միջոցառումների կազմակերպման, ինչպես նաև բուհի ուսանող-մարզիկների միջազգային և հանրապետական առաջնություններում ներգրավվածության մեծացման անհրաժեշտության մասին։ Գ․Վարդանյանը հույս հայտնեց, որ համագործակցությունը կծառայի իր նպատակին և կողմերը կունենան սպասվող արդյունքները։

Ուսանողական խորհրդի նախագահ Գ․Հարությունյանը, նույնպես կարևորեց համալսարանական սպորտի զարգացումը, ուսանողների ներգրավվածությունը, ինչպես նաև ողջունեց ֆեդերացիայի համագործակցությունը Համալսարանական սպորտի եվրոպական ասոցիացիայի և համանման եվրոպական կառույցների հետ։

Երկկողմ զրույցում կողմերը հաստատեցին հուշագրի նպատակին ուղղված իրենց պատրաստակամությունը։

Հուշագրի համաձայն հնարավորություն է ստեղծվում նաև Պոլիտեխնիկի ուսանողների մասնակցությունը համալսարանական սպորտի միջազգային ֆեդերացիայի (FISU), եվրոպական ասոցիացիայի (EUSA) մարզական և կրթական միջազգային միջոցառումներին։

Ուսանողական մարզական ֆեդերացիան միջազգային համալսարանական սպորտի ֆեդերացիայի լիիրավ անդամ է, և խրախուսում է շահառու կազմակերպությունների հետ հուշագրերի կնքումը։