ՀԱՊՀ ռեկտորն ընդունեց ՀՀ-ում Չեռնոգորիայի նորանշանակ դեսպան Դրագիցա Պոնորացին և պատվո հյուպատոս Հրաչյա Մուսայելյանին

ՀԱՊՀ ռեկտորն ընդունեց ՀՀ-ում Չեռնոգորիայի նորանշանակ դեսպան Դրագիցա Պոնորացին և պատվո հյուպատոս Հրաչյա Մուսայելյանին

Մայիսի 26-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չեռնոգորիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Դրագիցա Պոնորացին և պատվո հյուպատոս Հրաչյա Մուսայելյանին։ Հանդիպմանը ներկա էր նաև ՀԱՊՀ Ուսումնամեթոդական վարչության պետ Էլբակ Էլբակյանը և Էներգետիկայի էլեկտրատեխնիկայի ինստիտուտի երիտասարդ գիտաշխատող Ալեքս Դռնոյանը։

Շնորհավորելով և բեղմնավոր աշխատանք մաղթելով Դ․ Պոնորացին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, ՀԱՊՀ ռեկտոր Գ․ Վարդանյանը որոշ մանրամասներ ներկայացրեց Պոլիտեխնիկի ուսումնական ու գիտական գործընթացներից, ինչպես նաև այլ համալսարանների և միջազգային կառույցների հետ համագործակցության ծրագրերից:

Համագործակցության շրջանակում ռեկտորը կարևորեց նաև Պոլիտեխնիկի շրջանավարտ, պատվո հյուպատոս Հրաչյա Մուսայելյանի ներգրավածությունը քննարկվող հարցերում։ Ըստ ռեկտորի պարոն Հ․Մուսայելյանը պատկերացնում է բուհական համակարգն ու ինժեներական կրթությունը և այդ իմասով կապող կամուրջ է Չեռնոգորիայի բարձրագույն կրթական հաստատությունների հետ հնարավոր համագործակցության հարցերում: Ռեկտորը նշեց նաև որ հպարտություն է, երբ Պոլիտեխնիկի շրջանավարտները նման հաջողություններ են ունենում:

Ռեկտորը և դեսպանը մանրամասն քննարկեցին Չեռնոգորիայի պետական և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանների միջև կապերի հաստատման և զարգացման հեռանկարները։ Կողմերը նախանշեցին բոլոր այն ուղղությունները, որոնցով բուհերը կարող են ունենալ փոխշահավետ համագործակցություն։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպանը նշեց, որ կրթական համակարգի համագործակցությունը իր դերը կունենա նաև երկու երկրների միջև տնտեսական կապերն ամրապնդելու հարցում:

Հանդիպումից հետո, հյուրերը շրջայց կատարեցին Պոլիտեխնիկական համալսարանում։ Այցելեցին ՀԱՊՀ Օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոն։ Կենտրոնի գիտական ղեկավար Օլեգ Գասպարյանը նշեց, որ կենտրոնը կոչված է բարելավելու ինժեներական կրթության կազմակերպման որակը, նպաստելու համալսարանում հեռանկարային և երկրի պաշտպանունակության ամրապնդմանը միտված մասնագիտական ուղղությունների ներդրմանն ու զարգացմանը, ինչպես նաև աջակցելու տարբեր բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների և երիտասարդ գիտնականների կողմից արդիական ուսումնահետազոտական ծրագրերի իրականացմանը: Օ․ Գասպարյանը դեսպանին ներկայացրեց Օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնը, որը համալրված է շարժումը գրանցող սարքավորումների և համապատասխան ծրագրային ապահովումը մշակող անգլիական «Վիկոն» ընկերության համապատասխան համակարգերով:

Այնուհետև հյուրերը այցելեցին ՀԱՊՀ 2-րդ մասնաշենքում տեղակայված աշխարհահռչակ ֆրանսիական «Շնայդեր էլեկտրիկ»-ը, «Տաշիր» ընկերությունների խմբի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներդրմամբ ստեղծված Գերազանցության կենտրոն: Շրջայց կատարեցին կենտրոնի լաբորատորիաներով, ծանոթացան նորագույն սարքավորումներին:

Ա.Դռնոյանը նշեց, որ Պոլիտեխնիկի բազայի վրա ստեղծված Գերազանցության կենտրոնը «Շնայդեր էլեկտրիկ»-ի և ազգային գիտական համայնքի սերտ համագործակցության առաջին փորձերից մեկն է։ Տասնյակ ուսանողներ և երիտասարդ գիտնականներ կարող են զարգացնել իրազեկությունը և ծանոթանալ էներգետիկայի և ավտոմատացման ոլորտի ժամանակակից տեխնոլոգիաներին։

Շրջայցի ավարտին, դեսպան Պոնորացին ամփոփեց այցը, նշելով որ շրջայցից հետո, փոխգործակցության շրջանակների հետագա խորացման հեռանկարները առավել քան ընդգծված են և քննարկված հարցերի շուրջ համատեղ աշխատանքի արդյունքում կունենանք արդյունավետ և խորը համագործակցություն։