Պոլիտեխնիկում բացվել է ՀՀ վաստակավոր ինժեներ Սպարտակ Խաչատրյանի անունը կրող լսարան

Պոլիտեխնիկում բացվել է ՀՀ վաստակավոր ինժեներ Սպարտակ Խաչատրյանի անունը կրող լսարան

Մայիսի 11-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտում հանդիսավոր կերպով բացվեց ՀՀ վաստակավոր ինժեներ Սպարտակ Խաչատրյանի անունը կրող Էլեկտրաէներգետիկա ամբիոնի համակարգչային լսարանը։ Ս․Խաչատրյանը երկար տարիներ հանդիսացել է «Էներգետիկական ցանցեր և համակարգեր» ամբիոնի պետական քննական հանձնաժողովի նախագահ:

Բացման արարողությանը ներկա էին «Ջերմաէներգետիկա և շրջակա միջավայրի պաշտպանություն» ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ո․ Մարուխյանը, ՀԱՊՀ կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Մ. Բաղդասարյանը, Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի տնօրեն Ե. Շամամյանը, Էներգետիկայի և Էլեկտրատեխնիկայի ինստիտուտի փոխտնօրեն Վ. Համբարյանը, Էներգետիկայի և Էլեկտրատեխնիկայի ինստիտուտի փոխտնօրեն Ա. Գևորգյանը, Ջերմաէներգետիկայի և շրջակա միջավայրի պաշտպանության ամբիոնի վարիչ Մ. Ղազարյանը, Էներգետիկայի և Էլեկտրատեխնիկայի ինստիտուտի Էլեկտրաէներգետիկայի ամբիոնի վարիչի պ/կ Մ. Թամրազյանը, Պոլիտեխնիկ ինստիտուտի շրջանավարտ, հայ քաղաքական և պետական գործիչ, 1991-1999 թվականներին՝ «Հայէլեկտրամեքենա» բաժնետիրական ընկերության նախագահ, գործադիր տնօրեն, ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի որդին՝ Ստեփան Դեմիրճյանը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր»” ՓԲԸ Տեխնիկական քաղաքականության մշակման, նոր բաժանորդների միացման բաժնի պետ, տ.գ.թ. Նարեկ Հովհաննիսյանը, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ, Անձնակազմի կառավարման բաժնի պետ Հրանտ Մանվելյանը, «Կասկադ-Էներգո» ՍՊԸ-ի տնօրեն Ռ. Կադարյանը, «Կասկադ-Էներգո» ՍՊԸ-ի տեխնիկական տնօրենի տեղակալ Ռ. Երիցյանը, «Ռեդինետ» ՓԲԸ-ի ՏՏ բաժնի ղեկավար Գ. Նալբանդյանը, «Ռեդինետ» ՓԲԸ-ի Կոմերցիոն տնօրեն  Տ. Եղոյանը, «Արեվ էներջի» ՍՊԸ-ի տնօրեն Հ. Հովհաննիսյանը, ՀԱՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, Ս․ Խաչատրյանի ընտանիքի անդամներ և ուսանողներ։

Ճանաչված ինժեներ-գյուտարար, տեխնիկական գիտությունների թեկնածու, հանրապետության վաստակավոր ինժեներ Սպարտակ Կարապետի Խաչատրյանը ծնվել է 1925թ. Կիրովական քաղաքում:

Անցել է մարտական փառավոր ուղի, Հայրենական Մեծ պատերազմի տարիներին ուսանել է Մախաչկալայի ռազմահետևակային ուսումնարանում, այնուհետև մեկնել լենինգրադյան ճակատ, մարտնչել ամենաթեժ կետերում, ղեկավարել 63-րդ գվարդիական դիվիզիայի հետախուզական դասակը: Ս․ Խաչատրյանի մարտական փառքի վկայությունը նրա վեց շքանշաններն են և քսան մեդալները: Պատերազմից հետո՝ 1950թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը և տարիներ շարունակ եղել է նույն ինստիտուտի «Էներգետիկական ցանցեր և համակարգեր» ամբիոնի պետական քննական հանձնաժողովի նախագահ: Այնուհետև աշխատանքի է անցնում «Հայհիդրոէներգոնախագիծ» ինստիտուտում՝ ի հայտ բերելով իր մասնագիտական փայլուն ունակությունները, անմիջական մասնակցություն ունենալով Սևան-Հրազդան ՀԷԿ-ի նախագծման աշխատանքներում:

1958-1961 թթ. «Երևաննախագիծ» ինստիտուտում ղեկավարում է էլեկտրատեխնիկական բաժինը, կազմում է Երևան քաղաքի էլեկտրամատակարարման առաջին նախագիծը, ստեղծում ստորգետնյա հաղորդակցման միջոցների կոռոզիայից պաշտպանումն ապահովող լաբորատորիան, որը առաջինն էր Հայաստանում:

1964 թվականից աշխատում է «Էներգացանցնախագիծ» ինստիտուտում որպես համալիր նախագծման հայկական բաժնի ղեկավար, ապա «Էներգացանցնախագիծ» փորձաարտադրական միավորման հայաստանյան մասնաճյուղի գլխավոր տնօրեն:

Այդ շրջանում մեծ էր նրա ներդրումը մեր հանրապետության և Սարատովի շրջանի էլեկտրահամակարգերի նախագծման ու զարգացման գործում: Նա նաև մշակում ու պատրաստում է նոր բացառիկ սարքեր ու սարքավորումներ ԽՍՀՄ ողջ տարածքի և Արևելյան Եվրոպայի երկրների էլեկտրահամակարգերի համար:

1977-1982 թթ. Սպարտակ Խաչատրյանը ղեկավարում է «Երևաննախագիծ» ինստիտուտը, զբաղվում բնակարանաշինարարական, քաղաքացիական և վարչական կառույցների, ինչպես նաև մետրոպոլիտենի զարգացման սխեմայի նախագծմամբ:

Մինչև 1990 թվականը նա Երևանի քաղխորհրդում էր որպես քաղխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ նախագծման ու շինարարության գծով: Նրա ղեկավարմանն էր հանձնված քաղաքի բոլոր շինարարական և նախագծվող կազմակերպությունների գործունեությունը:

1990-1992 թթ. Ս. Խաչատրյանը աշխատում էր «Հայէլեկտրասարքավորում» ընկերությունում որպես գլխավոր տնօրենի տեղակալ գիտության գծով: Հանդիսանում է մի շարք գյուտերի հեղինակ: Կյանքից հեռացել է 2008 թվականին՝ 83 տարեկան հասակում: