Պոլիտեխնիկի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը ռեկտորատի անդամներին ներկայացրեց նորընտիր ռեկտոր Գոռ Վարդանյանին

Պոլիտեխնիկի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը ռեկտորատի անդամներին ներկայացրեց նորընտիր ռեկտոր Գոռ Վարդանյանին

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորատի ս․թ․ մայիսի 6-ի նիստում, ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը բուհի ռեկտորատի անդամներին ներկայացրեց նորընտիր ռեկտոր Գոռ Վարդանյանին։

Հոգաբարձուների խորհրդի նախագահը շնորհակալություն հայտնեց ռեկտորի պաշտոնակատար, Միջազգային համագործակցության և կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Ռուբեն Աղգաշյանին ռեկտորի պարտականությունները պատվով կատարելու և բուհի աշխատանքները բնականոն  կազմակերպելու  համար։

Հաջողություն մաղթելով նորընտիր ռեկտոր Գ․ Վարդանյանին, Հ․ Մուսայելյանը նշեց, որ բավականին երկար ժամանակ բուհը ռեկտորի ընտրության գործընթացում էր։ Ընտրությունը անցկացվել է երկու փուլով և այսօր արդեն արդյունքները հաստատվել են ՀՀ Կառավարության կողմից։

Շնորհավորելով ռեկտոր Գ․Վարդանյանին, ՀԽ նախագահ Հ․Մուսայելյանը նշեց, որ իրականում ռեկտորի աշխատանքը ծանր բեռ է, քանի որ մեր բուհական կրթական համակարգում լրջագույն խնդիրներ կան։ «Անկախ ամեն ինչից մեր համալսարանը պետք է զարգանա, առաջ գնա և այդ ճանապարհին ձեզ պետք է մեծապես աջակցեն բուհի Հոգաբարձուների խորհուրդը, Գիտական խորհուրդը, Ռեկտորատը և ողջ աշխատակազմը։  «Գ․Վարդանյանին ճանաչում եմ արդեն երկար տարիներ և կարծում եմ, որ նա թիմային աշխատանքի ջատագով է և վստահ եմ, որ հետագայում էլ նա կարևորելու է հենց թիմային աշխատանքը»,-նշեց Հ.Մուսայելյանը։

Գ․Վարդանյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին և ՀԽ անդամներին վստահության և իր կողմից ներկայացված զարգացման հայեցակարգին հավանություն տալու համար։ «Վստահ եմ, որ Հոգաբարձուների խորհրդի, Գիտական խորհրդի, Ռեկտորատի, պրոֆեսորադասախոսական անձնակազմի և բոլոր աշխատակիցների հետ ճշգրիտ աշխատանքի արդյունքում կկարողանանք մեր համալսարանի զարգացման ուղին հստակ ընդգծել և սահմանել այնպիսի ուղենիշներ, որոնց հնարավոր կլինի հասնել 5 տարիների ընթացքում»,- նշեց ռեկտորը։

Ռեկտոր Գ․Վարդանյանը հատուկ շնորհակալություն հայտնեց բուհի երկարամյա ռեկտոր, պրոֆեսոր Ո․ Մարուխյանին, իր կառավարման տարիներին Պոլիտեխնիկում ունեցած մեծ ավանդի, ինչպես նաև նիստը իր ներկայությամբ պատվելու համար։ Գ․Վարդանյանը շնորհակալություն հայտնեց նաև Ռ․Աղգաշյանին և մյուս բոլոր պրոռեկտորներին համաճարակային պայմաններում արդյունավետ համագործակցության և բուհի բնականոն աշխատանքի ապահովման համար։ «Ռեկտորի աշխատանքային գործունեության արդյունավետությունը անմիջական կախվածություն ունի համալսարանի յուրաքանչյուր անդամի աշխատանքից և վերաբերմունքից»,-իր ելույթում նշեց նորընտիր ռեկտորը:

Իր շնորհավորանքի խոսքն ասաց նաև Ո․Մարուխյանը։ Նրա խոսքով այսօր կրթական համակարգը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև, սակայն ինքը վստահ է, որ նորընտիր ռեկտորը բոլոր դժվարությունները կհաղթահարի նույնպիսի խոհեմությամբ և հավասարակշռությամբ, ինչպես որ հաղթահարեց ռեկտորի ընտրական գործընթացը։

Շնորհավորական ելույթներով հանդես եկան նաև ռեկտորատի անդամներ Միջազգային համագործակցության և կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Ռ․ Աղգաշյանը, ՀԱՊՀ Տնտեսական գործունեության և ենթակառուցվածքների սպասարկման գծով պրոռեկտոր Ա․ Նազարեթյանը, Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն Ա․Ֆրանգուլյանը և այլք։

Ամփոփելով նիստը` Հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը ևս մեկ անգամ շնորհավորեց նորընտիր ռեկտորին՝ նշելով, որ Հոգաբարձուների խորհուրդը պատրաստակամ է հնարավորինս աջակցել բուհի նոր ղեկավարին, կոլեկտիվին և ուսանողությանը` կրթական, գիտական և վարչարարական բոլոր ծրագրերի իրականացման գործում:

 

Նշենք, որ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնի ընտրությունը տեղի է ունեցել 2021 թվականի մարտի 15-ին:

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին համապատասխան` մայիսի 3-ին, ՀՀ կառավարությունը հաստատել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Գոռ Պատվականի Վարդանյանի ընտրության արդյունքները: