Կյանքից հեռացել է համաշխարհային ճանաչում ունեցող խոշոր գիտնական, անվանի պոլիտեխնիկցի` ակադեմիկոս Ադոլֆ Հայրապետի Մանթաշյանը

Կյանքից հեռացել է համաշխարհային ճանաչում ունեցող խոշոր գիտնական, անվանի պոլիտեխնիկցի` ակադեմիկոս Ադոլֆ Հայրապետի Մանթաշյանը

Ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, պետական մրցանակի դափնեկիր, մի շարք այլ ակադեմիաների և միջազգային գիտական կազմակերպությունների անդամ, Հայաստանի քիմիական ընկերության նախագահ, ականավոր քիմիկոս, գիտության կազմակերպիչ և մանկավարժ Ադոլֆ Հայրապետի Մանթաշյանը։

Միջազգային քիմիական հասարակությանը ակադեմիկոս Մանթաշյանի անունը լավ ծանոթ է մի շարք գիտական աշխատանքներով, որոնք վերաբերում են քիմիական ֆիզիկայի բնագավառին, շղթայական ճյուղավորված և այլասերված-ճյուղավորված ռեակցիաների կինետիկայի ուսումնասիրություններին, գազաֆազ այրման պրոցեսների քիմիային, սառը բոցերի հետազոտմանը, ածխաջրածինների օքսիդացման պրոցեսներում ազատ ռադիկալների և տատանման երևույթների ուսումնասիրմանը, հետերաֆազ ռադիկալաշղթայական քիմիական զուգորդված պրոցեսների ոլորտի օրինաչափությունների բացահայտմանը:

Լինելով Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շրջանավարտ, Ա.Հ. Մանթաշյանը իր գիտական գործունեությունը սկսել է Խորհրդային Միության առաջին Նոբելյան մրցանակի դափնեկիր ակադեմիկոս Ն.Ն. Սեմյոնովի հանրահայտ գիտական դպրոցում: Հետագայում Ա. Հ. Մանթաշյանը իր գիտական ղեկավար ակադեմիկոս Ա.Բ. Նալբանդյանի հետ համատեղ Երևանում հիմնադրում են Հայաստանի ԳԱ Քիմիական Ֆիզիկայի ինստիտուտը, որը փաստացի դառնում է երկրորդը աշխարհում այդ անվանումով և բնույթով (Մոսկվայի հայտնի գիտական կենտրոնից հետո):

Ա.Հ. Մանթաշյանի հիմնարար հետազոտությունների արդյունքները հարստացրել և զարգացրել են շղթայական ճյուղավորված ռեակցիաների տեսությունը, թույլ են տվել առաջին անգամ ռադիկալային մակարդակով հաստատել Ն.Ն. Սեմյոնովի շղթայական ռեակցիաների տեսության հիմնական դրույթները և լիովին ընդունված են համաշխարհային գիտական հանրության կողմից: Բարդ շղթայական ռեակցիաների էության բազմամյա ուսումնասիրությունները ակադեմիկոս Մանթաշյանի կողմից բերեցին նոր գիտական ուղղության ստեղծմանը և զարգացմանը` գազաֆազ շղթայական ռեակցիաների ազդեցությամբ կարծրաֆազ անօգանական միացությունների և նյութերի հետերաֆազ քիմիական փոխարկումներ: Այս գիտական ուղղությունը իր ղեկավարությամբ զարգացել է նաև Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Ընդհանուր և անօրգանական քիմիայի ամբիոնում, որի վարիչն է եղել շուրջ 15 տարի համատեղության կարգով Ա. Հ. Մանթաշյանը, միաժամանակ լինելով ՀՀ ԳԱԱ Քիմիական Ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն: Այնուհետև այս ոլորտի հետազոտությունները շարունակվել են ՀՊՃՀ-ի և ՀՀ ԳԱԱ ՔՖԻ համատեղ քիմիական թեքումով գիտաուսումնական բազայում, որը նա ղեկավարում էր մինչև 2011թ.: Ադոլֆ Հայրապետի Մանթաշյանը տարբեր տարիներին եղել է ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, երկար տարիներ հանդիսացել է Հայաստանի Քիմիական հանդեսի գլխավոր խմբագիր, եղել է տարբեր միջազգային հեղինակավոր գիտական պարբերականների խմբագրության անդամ:

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորատը, «Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաներ» ինստիտուտի ղեկավարությունը ցավակցում է ակադեմիկոս Ա.Հ. Մանթաշյանի ընտանիքին, հարազատներին, բազմաթիվ աշակերտներին և գործընկերներին: