Լրացավ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀԱՊՀ պատվավոր պրոֆեսոր Վանիկ Սուրենի Զաքարյանի 85-ամյակը

Լրացավ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀԱՊՀ պատվավոր պրոֆեսոր Վանիկ Սուրենի Զաքարյանի 85-ամյակը

Վանիկ Զաքարյանը ծնվել է 1936 թ. մարտի 21-ին Մեղրի քաղաքում: Նույն թվա­կանին ընտանիքը տեղափոխվել է Երևան: Միջնակարգ կրթությունը ստացել է Երևանի թիվ 40 դպրոցում` ավարտելով ոսկե մեդալով, իսկ 1959 թ. ավարտել է Երևանի պետական հա­մալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետը` գերազանցության դիպլոմով:

Լինելով ակադեմիկոս Մ.Մ. Ջրբաշյանի աշակերտը, այնուհետև գործընկերը` նա կա­տարել է բազմաթիվ ուսումնասիրություններ և ստացել հիմնարար արդյունքներ մե­րո­մորֆ ֆունկցիաների եզրային հատկու­թյունների վերաբերյալ: Այդ ուսումնասի­րու­թյուններն իրենց ամփոփումն են գտել 1976 թ. պաշտպանած դոկտորական թեզում, որն արժանացել է մասնագետների բարձր գնա­հա­տականին: Չնվազող եռանդով շարունակել է իր գիտական հետազոտությունները, որոնք ամփոփվել են «Классы и граничные свойства мероморфных в единичном круге функций», М., «Наука», 1993, մենագրությունում և ավելի քան 150 գիտական և գիտամեթոդական աշխատանք­ներում:

Հանրապետության գիտական հասարակությունը, բարձր գնահատելով Վ.Ս. Զաքար­յանի գործունեությունը, 1990 թ․ նրան ընտրել է ՀՀ ԳԱ թղթակից անդամ, իսկ 1996-ին՝ ակա­դեմիկոս։

Վանիկ Զաքարյանն իր գործունեության առաջին իսկ օրերից մեծ եռանդ և ջանք է ներդրել Հայաստանում երիտասարդ մաթեմատիկոսների աճի և դաստիարակության գործում: Երկար տարիներ ղեկավարել է Երևանի պետական համալսարանում գործող 050 մասնագիտական խորհուրդը: Նրա անմիջական ջանքերով ՀՊՃՀ-ում ստեղծվել է 053 մաս­նագիտական խորհուրդը: Աշխատելով Խ. Աբովյանի անվան մանկավարժական հա­մալ­սարանում որպես ամբիոնի վարիչ, պրոռեկտոր, իսկ 1977 թ. ՀՊՃՀ-ի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի վարիչ, այնուհետև` մաթեմատիկայի դեպարտամենտի վարիչ, ֆակուլտետի դե­կան, ամե­նուրեք կարողացել է ստեղծել համերաշխ և ստեղծագործ աշխատանքային կոլեկտիվներ:

Ակադեմիկոս Զաքարյանը երկար տարիներ ղեկավարել է կրթության և գիտության նախարարության գիտամեթոդական խորհուրդը: Նրա լայն գիտական էրուդիցիան հնարա­վորություն է տվել բարձր մակարդակով ղեկավարել երկու գիտական պար­բե­րա­կան­ներ` «ՀՀ ԳԱԱ Զեկույցներ» և իր կողմից հիմնադրված «Մաթեմատիկան բարձրագույն դպրո­ցում»:

Վանիկ Սուրենի Զաքարյանի կազմակերպչական գործունեությունը դուրս է եկել հան­րապետության սահմաններից: 1996 թ. նա ընտրվել է Համաշխարհային շախմատային ֆե­դե­րա­ցիայի փոխնախագահ: 1996 թ. նրա ջանքերի շնորհիվ Հայաստանում անցկացվեց  Հա­մաշխարհային շախմատային օլիմպիադան: ՖԻԴԵ-ի կողմից նրան տրվել է միջազգային կազմակերպչի թիվ 1 դիպլոմը:

Վանիկ Սուրենի Զաքարյանի գործունեությունն արժանացել է բարձր գնահատականի Հայաստանի կառավարության կողմից: Դրա վկայությունն են «Անանիա Շիրակացի», «Մովսես Խորենացի» մեդալները և «ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր  գործիչ»  պատվավոր կոչումը:

Այսօր ակադեմիկոս Զաքարյանն ու իր տիկինը հայկական մեծ ընտանիքի ծնողներն են, որոնց զավակները ևս առանձնանում են իրենց  ձեռքբերումներով, իսկ տարբեր աշ­խարհամասերում ապրող նրանց երկու թոռները կրում են ակադեմիկոս պապի անունը։

ՀԱՊՀ կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետը և Պոլիտեխնիկական համալսարանի ողջ կոլեկտիվը ջերմորեն շնորհավորում են ակադեմիկոս Վ.Ս. Զաքար­յանին` ծննդյան 85-ամյակի կապակցությամբ, մաղթում առողջություն և երջանիկ տարիներ:

ՀԱՊՀ Ռեկտորատ

8112 | 011710041 | 010520345