Կայացավ «Բարձրագույն կրթության երրորդ մակարդակի զարգացման հայեցակարգի և իրավական փաստաթղթերի մշակում» խորագրով եռօրյա աշխատաժողովը

Կայացավ «Բարձրագույն կրթության երրորդ մակարդակի զարգացման հայեցակարգի և իրավական փաստաթղթերի մշակում» խորագրով եռօրյա աշխատաժողովը

«Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) Էրազմուս + կարողությունների զարգացման ծրագրի շրջանակում Մարտի 4-ից–6-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ եռօրյա աշխատաժողով՝ «Բարձրագույն կրթության երրորդ մակարդակի զարգացման հայեցակարգի և իրավական փաստաթղթերի մշակում» խորագրով:

Աշխատաժողովի ընթացքում ԵՄ գործընկերները ներկայացրեցին դոկտորական կրթության միջազգայնացման փորձը Լիտվայի, Իտալիայի, Պորտուգալիայի և Ֆրանսիայի օրինակով։ Ծրագրի անդամները՝ ՀՀ 8 բարձրագույն ուսումնական հաստատությունների և 2 գիտահետազոտական ինստի­տուտների ներկայացուցիչներ՝ ինստիտուցիոնալ ղեկավարներ և հետազոտողներ, ներկայացրեցին ծրագրի ընթացքում իրականացված հետազոտությունները, որոնց արդյունքում ձևավորվեցին դոկտորական կրթության բարեփոխման առաջարկները և հայեցակարգային լուծումները։ Ներկայացված առաջարկները քննարկվեցին առանձին աշխատանքային խմբերում՝ հստա­կեցնելով բարձրագույն կրթության երրորդ մակարդակի զարգացման և որակի ապահովման հայեցակարգի առանցքային դրույթները՝ Զալցբուրգի սկզբունքներին համահունչ։

Մշակվող հայեցակարգի հիման վրա ծրագրի շրջանակում ներկայացվեցին նաև հետբուհական կրթության կազմակերպման իրավական փաստա­թղթերը, որոնց հիման վրա էլ իրենց հերթին կվերանայվեն ինստիտուցիոնալ ընթացակարգերը, և պիլոտային տարբերակով կգործարկվեն դոկտորական դպրոցներ։ Աշխատաժողովը ամփոփվեց համագործակցային դոկտորական կրթական ծրագրերի կազմակերպման վերաբերյալ քննարկումների շարքով։

Նշենք, որ «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» ARMDOCT ծրագրի տևողությունը 36 ամիս է. այն կգործի մինչև 2023 թվականը: ARMDOCT ծրագրի նպատակն է Զալցբուրգի սկզբունքներին համահունչ Հայաստանում բարեփոխել դոկտորական կրթությունը՝ ազգային քաղաքականության և իրավական փաստաթղթերի, ինստիտուցիոնալ ընթացակարգերի վերանայման, գիտության և հետազոտության ինտեգրման համար անհրաժեշտ համակարգի ապահովման միջոցով։ Ծրագրի նպատակներից է նաև խթանել բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների, արդյունաբերական ոլորտի սերտ համագործակցությունը՝ ուղղված դոկտորական կրթության միջազգայնացմանը, Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին և Եվրոպական բարձրագույն հետազոտական տարածքին ինտեգրմա­նը։

Ծրագրի շրջանակում նախատեսվում են բուհերի և ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտների, ԿԳՄՍ ռազմավարական, ենթա­կառուց­ված­քա­յին և մար­դկային ռեսուրսների կարողությունների զարգացում, իրավական փաստաթղթերի մշակում, դոկտորական կրթության կազմա­կերպ­ման ձեռ­նարկի մշակում, ինչպես նաև դոկտորական 5 դպրոցների հիմնում և գործարկում՝ բուհերի, գիտահետազոտական ինստիտուտների ու արդյունաբերության միջև սերտ համագործակցության ապահովմամբ։ Ծրագիրը ներառում է 15 անդամ, այդ թվում՝ 4 ԵՄ բարձրագույն ուսումնական հաստա­տութ­յուններ, ՀՀ 8 բուհ և 2 գիտահետազոտական ինստիտուտ, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպոր­տի նախարարությունը։