Լրացավ Պոլիտեխնիկի երկարամյա ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի ծննդյան 75-ամյակը

Լրացավ Պոլիտեխնիկի երկարամյա ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի ծննդյան 75-ամյակը

Այսօր` մարտի 4-ին, լրանում է Պոլիտեխնիկի երկարամյա ռեկտոր, Միջուկային անվտանգության տարածաշրջանային ուսումնավարժանքային կենտրոնի (ՄԱՏՈՒԿ) ղեկավար, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «ՋԷ և ՇՄՊ» ամբիոնի պրոֆեսոր, Հայաստանի ճարտարագիտական և միջազգային ճարտարագիտական ակադեմիաների իսկական անդամ, ՀԱՊՀ պատվավոր պրոֆեսոր Ոստանիկ Զավենի Մարուխյանի ծննդյան 75-ամյակը։ Այս ուրախալի առիթով պոլիտեխնիկական ողջ հանրույթը, պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողությունը շնորհավորում են սիրելի դասախոսին, գործընկերոջը և ղեկավարին` մաղթելով նրան քաջառողջություն, արևշատություն և ամենայն բարիք։

Հետադարձ հայացք նետելով պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանի անցած գիտակրթական ուղուն` նկատում ենք նրա համար ճակատագրական դարձած 1964 թվականը, երբ Երևանի Խ. Աբովյանի անվան դպրոցի շրջանավարտն ընդունվեց Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ (ԵրՊԻ)։ Ուսանողական առօրյան հետաքրքիր էր, հագեցած։ Էլեկտրատեխնիկական ֆակուլտետի ուսանողը իմաստալից էր դարձնում իր յուրաքանչյուր ակնթարթը` արագորեն յուրացնելով գիտելիքը և ասես նույն արագությամբ էլ թռչում էին ուսանողական տարիները։ Ո. Մարուխյանը մշտապես նվիրված է եղել հարազատ Պոլիտեխնիկին, ուսանողական նստարանից անմիջապես հետո անցնելով դասախոսական և ղեկավարի աշխատանքի բարեխիղճ ու երկարատև ճանապարհ, նա աշխատել է բուհի համար առանձնակի կարևորություն ունեցող մի շարք պաշտոններում և Պոլիտեխնիկի պատմության մեջ առաջին անգամ բուհը ղեկավարել երկու տարբեր ժամանակաշրջաններում։ Ո. Մարուխյանը, որպես ռեկտոր պաշտոնավարել է 2006-2011 թթ. և երկրորդ անգամ` 2015-2020 թթ.։ Նրա ղեկավարության շրջաններում Պոլիտեխնիկի ուսումնական և գիտահետազոտական գործունեությունը մեծ վերելք է ապրել։ Նա լուրջ ուշադրություն է դարձրել ուսման առաջադիմությանը, և հատկապես որակին։ Նրա ղեկավարման շրջանում բազմազան են գիտական հետազոտությունները, բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների խրախուսումը։

Պրոֆ. Ո. Մարուխյանի համար մշտապես կարևոր է եղել դասախոսական աշխատանքը և շփումը ուսանողության հետ։ Նա բազմիցս հանդիպում էր ուսանողներին` ներկա լինելով նրանց հավաքներին։

Ո. Մարուխյանը Հայաստանում բարձրագույն կրթության բարեփոխումների ակտիվ նախաձեռնողներից է: Լինելով ՀՊՃՀ ուսումնական աշխատանքների գծով երկարամյա պրոռեկտոր, այնուհետև` ռեկտոր, իր անմիջական ղեկավարությամբ ու մասնակցությամբ մշակել է ոլորտի նորմատիվ փաստաթղթերի փաթեթներ` ուղղված բարձրագույն մասնագիտական կրթության բազմաստիճան համակարգի ներդրման գործընթացի կազմակերպմանն ու կարգավորմանը:

Մարուխյան-մասնագետի անմիջական ջանքերով ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ)-ում ներդրվել է մասնագիտական նոր ուղղություն` «Շրջակա միջավայրի պաշտպանություն էներգետիկայի ճյուղում», և այսօր էներգետիկական ֆակուլտետում նրա կողմից ղեկավարվող կրթական երեք ծրագրերով (բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա) իրականացվում են գիտակրթական գործառույթներ և պետբյուջետային ֆինանսավորմամբ գիտահետազոտական թեմաներ ու պայմանագրային աշխատանքներ: ԱՄՆ-ի էներգետիկայի դեպարտամենտի հետ Ո. Մարուխյանի նախաձեռնած համագործակցային փոխհարաբերությունները տվել են ցանկալի արդյունք. ամբիոնին կից, որը ղեկավարում է Ո. Մարուխյանը, ստեղծվել է Միջուկային անվտանգության տարածաշրջանային կենտրոնը, իսկ ներդրված արդիական սարքավորումներն ու գործիքամիջոցները էապես բարելավել են մի քանի մասնագիտությունների գծով ուսումնառության կազմակերպման գործընթացը, նպաստել գիտամեթոդական և հետազոտական մշակումների ընդլայնմանը:

Բացի Պոլիտեխնիկից, Ո. Մարուխյանն աշխատել է նաև ՀՀ Ազգային ժողովում։ Իսկ 1999թ. փետրվարից մինչև հունիս եղել է ՀՀ Կրթության և գիտության նախարարի առաջին տեղակալ։ Նրա արժանիքները բարձր են գնահատվել ինչպես ՀՀ Կառավարության, այնպես էլ տարբեր բուհերի և կազմակերպությունների կողմից։ Ո. Մարուխյանի` գիտակրթական, ուսումնակազմակերպչական, պետական-հասարակական ոլորտներում ունեցած պատկառելի վաստակը նշանավորված է «Անանիա Շիրակացի» մեդալով, ՀՀ Կրթության և գիտության նախարարության ոսկե հուշամեդալով, ՀՀ Ճարտարագիտական ակադեմիայի ոսկե և արծաթե մեդալներով։ Նրան շնորհվել է ՀՊՃՀ ոսկե հուշամեդալ։ Նա պարգևատրվել է ԵՊՀ և ՀՊՄՀ ոսկե մեդալներով։ Ո. Մարուխյանը պարգևատրվել է նաև «Մայրական երախտագիտություն», «Մայրական պատգամ», «ԼՂՀ Երախտագիտություն» մեդալներով, մի շարք պատվոգրերով և շնորհակալագրերով:

Կրթական-հասարակական ոլորտների բազմահմուտ գործիչը, իր բնագավառի ճանաչված գիտնականը և խորապես հայեցի նկարագրով օժտված մտավորականն այսօր էլ գիտամանկավարժական և կազմակերպչական ունակությունների բարձունքում է, անխոնջ եռանդով իր ավանդն է ներդնում Հայաստանում տեխնոլոգիական կրթության զարգացման գործին` ի շահ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի բարգավաճման:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորատը, պրոֆեսորադասախոսական կազմը, «Պոլիտեխնիկ» պաշտոնաթերթի խմբագրակազմը և Ուսանողական խորհուրդը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորում են Ո․ Մարուխյանին, մաղթում երկարակեցություն, գիտական նորանոր ձեռքբերումներ ու ամենայն բարիք:

8112 | 011710041 | 010520345