Մարտի 1-ին կայացավ Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրության մրցույթը, որի արդյունքով կանցկացվի քվեարկության երկրորդ փուլ

Մարտի 1-ին կայացավ Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրության մրցույթը, որի արդյունքով կանցկացվի քվեարկության երկրորդ փուլ

2021 թվականի մարտի 1-ին՝ ժամը 12:00-ին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի թիվ 1 մասնաշենքի 1301 դահլիճում տեղի ունեցավ Հոգաբարձուների խորհրդի նիստը՝ նախագահ Հովիկ Մուսայելյանի գլխավորությամբ, ՀԱՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի անցկացման օրակարգային մեկ հարցով։ Նիստին մասնակցում էին Խորհրդի 32 անդամներից 31-ը, ևս մեկ անդամ, գտնվելով արտերկրում, նիստին մասնակցում էր հեռավար՝ առանց ընտրության հնարավորության:

Մինչ նիստը սկսելը ռեկտորի պարտականությունները կատարող Ռուբեն Աղգաշյանը նշեց, որ օրը տոնական է, ուստի շնորհավորեց ներկաներին բուհի հիմնադրման օրվա կապակցությամբ։ Ռ.Աղգաշյանը շնորհավորեց նաև Յուրի Սարգսյանին ծննդյան 80 ամյակի առթիվ՝ նշելով, որ նրա վաստակը անգնահատելի է Պոլիտեխնիկական համալսարանի պատմության մեջ։ «Պոլիտեխնիկական համալսարանի կայացման գործում ունեցած մեծ ավանդի և ծննդյան 80-ամյակի կապակցությամբ» Ռեկտորատի անունից Ռ. Աղգաշյանը Յու. Սարգսյանին շնորհեց ՀԱՊՀ Վաստակագիր՝ նշելով, որ վաստակը նրան բնորոշող ամենաճիշտ բառն է։ Բուհի Հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հ․ Մուսայելյանը նշեց, որ Յուրի Սարգսյանը հիմք է դրել այն վերակազմավորմանը, որ Պոլիտեխնիկական ինստիտուտը դառնա Հայաստանի ճարտարագիտական համալսարան և մեծագույն ավանդ ունի Հայաստանում որակյալ ճարտարագիտական կրթության զարգացման առումով: Հ․Մուսայելյանը հավելեց նաև, որ Յուրի Սարգսյանը բուհ-ՏՏ ոլորտ համագործակցության առաջամարտիկներից է և վերջինիս հանձնեց Global IT հուշամրցանակը։

Ելույթներից հետո սկսվեց խորհրդի նիստը: Օրակարգի հաստատումից հետո խորհուրդը սկսեց ՀԱՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի անցկացման աշխատանքները։

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար հայտ էր ներկայացրել վեց թեկնածու՝ Հիդրոտեխնիկա բազային գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավար Պարգև Բալջյանը, Ջերմաէներգետիկայի և շրջակա միջավայրի պաշտպանություն ամբիոնի դոցենտ Նորայր Հարությունյանը, Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրենի տեղակալ Ամալյա Մխիթարյանը, Տեղեկատվական տեխնոլոգիաներ և ավտոմատացում ամբիոնի դոցենտ  Դավիթ Ղազարյանը, Գյուղատնտեսական թունաքիմիկատների ստացում և որակի վերահսկում գիտահետազոտական  լաբորատորիայի ղեկավար Արամ Միքայելյանը և ՀԱՊՀ պրոռեկտոր, աշխատակազմի ղեկավար Գոռ Վարդանյանը։

Մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած բոլոր վեց թեկնածուները ներկայացրեցին համալսարանի զարգացման իրենց հայեցակարգերը: Հավակնորդներին ուղղված հարցերից, քննարկումներից ու ելույթներից հետո կայացան ռեկտորի ընտրությունները:

Վեց թեկնածուներից երկուսը՝ Արամ Միքայելյանը և Պարգև Բալջյանը ելույթ ունենալուց և խորհրդի անդամների հարցերին պատասխանելուց հետո հանեցին իրենց թեկնածությունները։

Փակ գաղտնի քվեարկության համար ընտրվեց հինգ հոգուց բաղկացած հաշվիչ հանձնաժողով՝ Հոգաբարձուների խորհրդի հետևյալ անդամներով՝ Վիկտորյա Պողոսյան, Վարդան Ալեքսանյան, Անի Սիմոնյան, Վարդան Պետրոսյան, Ավագ Ավանեսյան: Խորհուրդը փակ, գաղտնի քվեարկությամբ ձայները բաշխվեցին հետևյալ կերպ.

  • ՀԱՊՀ պրոռեկտոր, աշխատակազմի ղեկավար Գոռ Վարդանյանը ստացավ 16 ձայն,
  • Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրենի տեղակալ Ամալյա Մխիթարյանը՝ 13 ձայն,
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և ավտոմատացում ամբիոնի դոցենտ Դավիթ Ղազարյանը՝ 1 ձայն,
  • Ջերմաէներգետիկայի և շրջակա միջավայրի պաշտպանություն ամբիոնի դոցենտ Նորայր Հարությունյանը` 0 ձայն։

Մեկ քվեաթերթիկ ճանաչվեց անվավեր։

ՀԱՊՀ ռեկտորի ընտրության կարգի համաձայն՝ քվեարկության ընթացքում հաղթող է ճանաչվում այն հավակնորդը, որը ստանում է խորհրդի ընդհանուր կազմի ձայների կեսից ավելին։ Նույն կարգի համաձայն՝ մեկից ավելի անձանց քվեարկության արդյունքում առավելագույն, սակայն ընտրվելու համար ոչ բավարար ձայներ ստացած թեկնածուի համար երկու շաբաթ հետո անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ։

Համաձայն քվեարկության արդյունքների և ՀԱՊՀ ռեկտորի ընտրության կարգի 45-րդ կետի՝ երկու շաբաթ անց տեղի կունենա բուհի ռեկտորի ընտրության քվեարկության երկրորդ փուլ, որին կմասնակցի առավելագույն ձայն հավաքած թեկնածուն՝ Պոլիտեխնիկի պրոռեկտոր, աշխատակազմի ղեկավար Գոռ Վարդանյանը:

8112 | 011710041 | 010520345