Լրացավ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Լևոնի Սարգսյանի 80-ամյակը

Լրացավ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Լևոնի Սարգսյանի 80-ամյակը

Լրացավ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, տեխնիկական գիտու­թյունների դոկտոր, պրո­ֆեսոր, հայաստանյան և միջազգային գիտակրթական ասպարեզների ականավոր գիտ­­նական և կրթական գործի կազմակերպիչ, ՀԱՊՀ երկարամյա ղեկա­վար, ման­կա­վարժ և ՀԱՊՀ պատվավոր պրոֆեսոր Յուրի Լևոնի Սարգսյանի 80-ամյակը։

Յուրի Սարգսյանը ծնվել է 1941 թ. փետրվարի 9-ին Երևանում մտավորականի ընտա­նիքում։  1962 թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկա­մեքենա­շի­նական ֆակուլտետը։ 1964 թ. ընդունվել է Մոսկվայի քիմիական մեքենաշինության ինստի­տու­տի ասպիրանտուրան՝ «Մեխանիզմների, մեքենաների և ավտոմատ գծերի տեսություն» մաս­­նագիտությամբ։  1967 թ. Մոսկվայի մեքենագիտության ինստիտուտում ժամկետից մեկ տա­րի շուտ  պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը, 1975 թ.՝ դոկտորական ա­տե­­նախո­սությունը, երկու տարի անց ստացել է պրոֆեսորի գիտական կոչում։ 1971-72 թթ. գի­տա­կան փոր­ձառություն է ձեռք բերել Ստենֆորդի համալսարանում, 1977-78 թթ. աշխատել է Ստեն­ֆոր­­դի և Իլլինոյսի համալսարաններում որպես հրավիրված պրոֆեսոր։

Վերընթաց է եղել Յու. Սարգսյանի աշխա­տան­քային ուղին Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում. ասիստենտ, դոցենտ, պրոֆեսոր, ամբիոնի վա­­րիչ, 1988-ից՝ ԵրՊԻ- ի (հետա­գայում՝ ՀՊՃՀ, այժմ՝ ՀԱՊՀ) ռեկտոր մինչև 2006 թվականը։

Հայաստանում բարձրագույն կրթության կառուցվածքային-ծրագրային արմատական ռեֆորմը, որ նպատակաուղղված էր հայաստանյան բարձրագույն կրթության համակարգի մերձեցմանը մի­ջազգային չափանիշներին, առաջին անգամ իրականացավ Հայաստանի պե­տա­կան ճարտարագիտական համալսարանում, որի նախաձեռնողն ու գաղափարախոսը դար­ձավ ռեկտոր Յուրի Սարգսյանը։ Նրա անմիջական ղեկավարությամբ Պոլիտեխնի­կա­կա­նը 1992 թ. վերակազմավորվեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի՝ ԱՊՀ եր­կրների տարածքում առաջինն անցնելով Բոլոնիայի գործընթացով ամրագրված եռ­աստիճան կրթական համակարգին։ Յու. Սարգսյանի կողմից ստեղծված բուհի Գլխավոր պլանն այն իրավական-ծրագրային հիմքն էր, որով նախատեսվում էին պոլի­տեխ­նիկական կրթության բարեփոխումները՝ շուկայական տնտեսությանն անցման շրջանում նո­րագույն փո­փոխություններին հարմարունակ դարձնելու համար։ 1995 թ. ՀՀ կառավա­րու­­թյունը հա­տուկ որոշմամբ հավանություն տվեց ավարտված գիտափորձին, իսկ բարձ­րագույն կրթու­թյան երկ­աստիճան մոդելը, ամրագրվելով օրենսդրորեն, ներդրվեց Հայաստանի բուհե­րում։ Գիտա­փորձն իր արտացոլումը գտավ նաև ինժեներական կրթության մեթոդա­բանու­թյան, բարձ­րա­գույն կրթության ստրատեգիական պլանավորման, Բոլոնիայի գործըն­թացի տար­բեր հայեցա­կարգերի վերաբերյալ Յու. Սարգսյանի հեղինակած մի շարք աշխատու­թյուն­ներում։ Կրթական ասպարեզի գործիչը էական ներդրում ունեցավ նաև Հայաստանի Ամե­րիկյան և Արցախի պե­տա­կան համալսարանների կազմավորման գործում։

Բազմաբեղուն է Սարգսյան-գիտնականի  ստեղծագործական գործու­նեու­թյու­նը։ Ընդ­հան­րացնելով մեխանիզմների սինթեզի դասական երկրաչափական ուղղությունը (Բուր­մեստր­-Շնոֆլիսի տեսություն) շարժման մոտավոր վերարտադրության դեպքի համար, Յու. Սարգսյանը հիմնել է մեխանիզմների սինթեզի տեսության սկզբունքորեն նոր ուղ­ղու­թյուն՝ ապրոքսիմացիոն կինեմատիկական երկրաչափություն։ Տեսությունը լայն ընդունե­լություն է գտել միջազգային գիտական շրջանակներում, իսկ համապատասխան տերմինն ընդգրկվել է մեխանիզմների և մեքենաների տեսության միջազգային տերմինաբանական ստանդարտում։ Այս ուղղության տեսական հիմունքները շարադրված են հեղինակի ,,Аппроксимационный син­тез механизмов,, (М.։  Наука, 1982) մենագրության մեջ, իսկ տեսական նոր ապարատի հիմ­քով ստեղծված  մեխանիզմների ապրոքսիմացիոն սինթեզի մեթոդաբանությունը և համապի­տա­նի ալգորիթմական մեթոդները՝ ,,Кинематика, динамика и точность механизмов,, (М.։  Ма­ши­но­стро­ение, 1984) գրքում։ Դրանք ընդգրկված էին մեխանիզմների և մեքենա­ների տեսու­թյան թեկ­նա­ծուական մինիմումի պարտադիր գրականության միութենական ցան­կում։ Նրա հար­յու­րավոր գիտական աշխատությունները, միջազգային լայն ճանաչում ստացած մենա­գրու­­թյուն­ները, գյուտերն ու պատենտները նվիրված են մեխանիզմների սինթեզի տեսու­թյանը և ավ­տո­մատացված նախագծմանը, տարածական մեխանիզմների տեսությանը, ռո­բո­տատեխ­նիկա­կան համակարգերի մեխանիկային, մեխանիզմների, ռոբոտների, ավտոմա­տաց­­ված հա­մալիր­ների նոր տիպերի ստեղծմանը։ Մեխանիզմների տեսության բնագա­վա­ռում հիմնա­խնդ­րի կա­րևորության ու նաև միջազգային ճանաչման մա­սին է վկայում այն իրո­ղությունը, որ մե­խա­նիզմների և մեքենաների տեսության համաշ­խար­հային 7-րդ հա­մա­ժո­ղովի (Պրահա, 1991) հինգ պլենար նիստերից մեկում որպես  հիմ­նական զեկուցող Յու. Սարգս­­յանը ներ­կա­յացրել է տա­րա­­ծա­կան մեխանիզմների կինե­մա­տիկական սինթեզի ապ­րոքսիմացիոն խնդիր­ների վեր­լու­ծու­­թյունը։

Մեխանիզմների սինթեզում  վերջավոր չեբի­շև­յան մո­տարկումների կիրառության աս­պա­րեզում ձեռք բերած տեսական ակնառու արդ­յունքների համար Յու. Սարգսյանն Ամերիկ­յան ինժեներ-մեխանիկների ընկերության կողմից  արժա­նա­ցել է լավագույն աշխատանքի հա­մար սահմանված մրցանակին, ինչպես նաև  «Պրոկտոր և Գեմբլ» ընկերության հատուկ մրցա­նակին:1991 թվից  նա մեխանիզմների և մեքենաների  տե­­սության միջ­ազ­գային ֆեդե­րա­ցիայի (IFToMM) գործադիր կոմիտեի անդամ է։ 1995 թ. Յու. Սարգսյանին շնոր­հվել է IFToMM-ի հատուկ մրցանակը՝  մեխանիզմների և մեքենաների  տե­սու­թյան ասպա­րեզում ակնառու ծառայությունների համար։ Նա հեղինակ­ներից մեկն է այդ բնագավառի մի­ջազգային տեր­մինաբանական ստանդարտի, որի հիման վրա 2009 թ. ստեղծվել է «Մեխա­նիզմ­ների և մե­քենաների տեսության անգլերեն-հայերեն-ռուսերեն տերմինարանը»։

Մեխանիզմների տեսության բնագա­վա­ռում նրա ղեկավարությամբ իրականացված աշ­խատանքները պարգևների են արժանացել տարբեր մրցույթներում և ցուցահանդեսներում, կիրառվել են հատուկ նշանակության կառավարման համակարգերի (Ալ­տաիր ԳՀԻ), խողովակների սառը գլոցման հաստոնների (Գլազովի, Ալմա Աթայի, Չեպելի մե­քե­նա­շի­նական գործարաններ), կիսահաղորդչային սարքերի արտա­դրության ավտո­մատաց­ման մի­ջոցների (Երևանի կիսահաղորդչային տեխնիկայի հատուկ նախագծա­կոնստրուկ­տո­րական բյու­րո) և այլ սարքերի ստեղծման ընթացքում։

Յու.Սարգսյանը 1986 թ. գիտական ծանակշիռ վաստակի համար ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթա­կից անդամ, 1996 թ.՝ իսկական անդամ։ 1989-2006 թթ. եղել է ՀՀ ԳԱԱ նախագահության ան­­դամ, 1994 թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ փոխնախագահ։ Նա ՀՀ ԲՈԿ-ի խորհրդի անդամ է, ղե­կավարում է տեխնիկական գիտու­թյունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ասպարեզում ՀՀ նախագահի մրցանակի շնորհ­ման հանձնաժողովը։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում մեխանիզմների և մեքե­նաների տեսության ասպարեզում Յուրի Սարգսյանի ձևա­վորած գիտական դպրոցում այսօր էլ շարունակ­վում են հետազոտական աշխատանքները․ նրա ան­մի­ջական ղեկավարությամբ պաշտ­պանվել են թեկնա­ծու­ական և դոկտորական աշխա­տանք­ներ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռու­սաս­տանում, ԱՄՆ-ում, Ուկրաինայում, Ղազախ­ստանում և այլուր։ 1995 թվից ՀԱՊՀ-ում գործող գիտական աստի­ճաններ շնորհող «Մե­քենաշինություն և մեքենագի­տու­թյուն» 034 մասնա­գի­տական խոր­հրդի նախա­գահն է և «Ռոբոտոտեխնիկա» գիտահետա­զո­տա­կան լա­բորատորիայի գիտա­կան ղեկա­վարը։ Հայաստանի Հանրա­պետության և արտա­սահ­մանյան մի քանի գիտական հանդեսների խմբագրական կոլե­գիաների անդամ է, «ՀԱՊՀ Բան­բեր» հանդեսի գլխավոր խմբա­գիրը։

Արտերկրում ճանաչված գիտակրթական ասպարեզի վաստակաշատ գործիչն արժա­նացել է Հայ կրթական հաստատության (ԱՄՆ)  «Տարվա լավագույն կրթական գործիչ» մրցա­նակին (2002), ընդգրկվել է Միջազգային կենսագրական կենտրոնի (Քեմբրիջ, Անգլիա) «Ա­կա­նավոր 100 կրթական գործիչներ» անվանակարգում (2006), արժանացել «21-րդ դարի 200 ին­տելեկտուալներ» դիպլոմի (Միջազգային կենսագրական կենտրոն, Քեմբրիջ, 2007)։

Հայաս­տանի Հանրապետության հասարակական և պետական  ասպարեզներում մա­տու­ցած ծառայությունների համար (եղել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, Սահմա­նա­դրական հանձնաժողովի անդամ և այլն)  Յուրի Սարգսյանը պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով (1985), «Անանիա Շիրակացի» մեդալով (1999), «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով (2003)։ 2011-ին նրան շնորհվել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի կոչում։

Շուրջ 65 տարի է՝ Յուրի Սար­գս­յանն ամուր թելերով կապված է իր մայր բուհին, ապրել է նրա հոգսերով, արարել նրա շենացման համար՝ իմաստնանալով նրա երթին համընթաց։ Չնայած առաջացած տարիքին՝ այսօր էլ նա լի է ստեղծագործական ավյունով, պատրաս­տա­կամ՝  իր հարուստ փորձով ու իմաստնությամբ սատար լինելու հարազատ կրթօջախի առաջ­ըն­թացին։

Թանկագին Յուրի Լևոնի, շնորհավորում ենք Ձեզ փառապանծ տարելիցի առթիվ, մաղթում քաջառողջություն, ընտանեկան բարեկեցություն և խաղաղ երկինք` մեր ժողովրդի հետ միասին այս դժվարին ժամանակներում:

 

                                                                         Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորատ

8112 | 011710041 | 010520345