Ադրբեջանը նաև նամականիշներով է «պատերազմում». պատմություն չունեցող երկրի բարդույթը չի հաղթահարվում

Ադրբեջանը նաև նամականիշներով է «պատերազմում». պատմություն չունեցող երկրի բարդույթը չի հաղթահարվում

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի, «Ֆիլատելիստների հայկական ասոցիացիա»-ի նախագահ Հովիկ Մուսայելյանը, այսօր՝ «Հայաստանի հանրային հեռուստաընկերության» Լուրերի հետ զրույցում, ներկայացրել է Ադրբեջանական պատմական կեղծարարությունը Ֆիլատելիայում։ Օրեր առաջ էլ «Առավոտ» օրաթերթի 21.01.2021 համարում լույս էր տեսել համանուն հոդվածը։ Կից կարող եք դիտել ռեպորտաժը և ընթերցել հոդվածը։

Ադրբեջանը նաև նամականիշներով է «պատերազմում». պատմություն չունեցող երկրի բարդույթը չի հաղթահարվում

Ադրբեջանը նաև նամականիշներով է «պատերազմում». պատմություն չունեցող երկրի բարդույթը չի հաղթահարվում

Հեղինակ` Քրիստինե Ոսկանյան #Լուրեր

Posted by Լուրեր on Sunday, January 31, 2021

Ադրբեջանական պատմական կեղծարարությունը Ֆիլատելիայում

Քաղաքակիրթ աշխարհի ամբողջ պատմության ընթացքում տարբեր կայսրություններ, պետություններ են ստեղծվել, որոնցից շատերը նույնիսկ իրենց հարուստ եւ հզոր անցյալով կործանվել եւ անհետացել են քարտեզների վրայից։ Եղել են պետություններ եւ ազգեր, որոնց իրավահաջորդներն այսօր էլ ինքնիշխան պետություններ եւ ժողովուրդներ են։

Քիչ չեն նաեւ ժողովուրդներ եւ պետություններ, որոնք առաջացել են տասնամյակներ առաջ աշխարհաքաղաքական տարաբնույթ իրողությունների արդյունքում։ Սովորաբար նման ազգերին անհրաժեշտ է եղել շինծու պատմական միֆերի ստեղծումը։ Մասնավորապես, նրանց համար շատ կարեւոր է կեղծարարությամբ ընդգծել իրենց էթնոսի հնությունը, նախկին հզոր պետականության առկայությունը, տարածքային պահանջատիրությունը հարեւանների նկատմամբ եւ իհարկե՝ դարավոր թշնամու կերպարի ստեղծումը։ Նման ազգի դասական օրինակ են ադրբեջանցիները, կամ ինչպես ընդունված է իրենց անվանել՝ ազերիները։

Դեռեւս խորհրդային տարիներին, ավելի ճիշտ 1980-ական թվականներին եղան փորձեր, ազերի որոշ պատմաբանների կողմից սկսել պատմական կեղծարարության զազրելի գործընթացը, մասնավորապես իրենց անվանել, այսպես կոչված, կովկասյան ալբանացիների հետեւորդներ։ Այն ժամանակ պետական աջակցությունը նման գործելաոճով չափազանց վտանգավոր էր, բայց Խորհրդային Միության փլուզումից հետո, հատկապես Արցախի Հանրապետության ստեղծման ֆոնին, ադրբեջանական պետական սադրիչ քարոզչամեքենան կանգ չի առնում, այլ ժամանակի ընթացքում ստանում է ավելի ծայրահեղ դրսեւորումներ։ Վերանայվել են պատմության բոլոր դասագրքերը։ Վերացրել եւ թաքցրել են բոլոր այն հարուստ արխիվային նյութերը, որոնք անհերքելի ապացույցներ էին ազերիների ազգային էթնոսի հայտնվելու եւ ձեւավորման մասին։ Ազգային փոստային նամականիշները համարվում են ցանկացած երկրի պետական սիմվոլներից մեկը՝ դրոշից, գերբից եւ տարադրամից հետո։ Պատմական փաստերի կեղծարարությունը, որպես ազգային գաղափարախոսության բաղադրիչ՝ փոստային նամականիշների միջոցով, ադրբեջանական պետական քարոզչության հիմնական դրսեւորումներից մեկն է վերջին 20 տարիների ընթացքում։ 2001թ.-ին Ադրբեջանի պետական փոստային ծառայությունը թողարկեց եւ շրջանառության մեջ մտցրեց «Հայերի ագրեսիայի արդյունքում մոտ 1 միլիոն գաղթականներ Ադրբեջանում» գեղաթերթիկը, որը նվիրված էր ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ստեղծման 50-ամյակին։ 2007թ.-ին թողարկվեց, այսպես կոչված՝ «Խոջալուի դեպքերի» 15-ամյակին նվիրված գեղաթերթիկը բազմահազարանոց տպաքանակով։ Ամբողջ գեղաթերթիկը պատված է իբրեւ սպանված մայրերի եւ երեխաների դիակներով, իսկ միջնամասում հուշարձանն է՝ «սգող ազերի մայրը սպանված երեխային ձեռքերով դեպի վեր հառնած»։

Սումգայիթի դեպքերից արտատպած պատկերներով փորձ է արվել զոհերի եւ դահիճի փոխատեղման միջոցով հայերին ներկայացնել՝ որպես բարբարոսներ, որոնք չեն խղճացել նույնիսկ անպաշտպան մայրերին եւ երեխաներին։ 2020թ.-ին, անմիջապես պատերազմի ավարտից հետո, թողարկվեց Արցախում էթնիկ զտումների մասին նամականիշների մանրաթերթը, որի բովանդակությունը լի է ատելությամբ հայերի նկատմամբ։ Նույն ժամանակահատվածում թողարկվեցին նաեւ ադրբեջանցի եւ թուրք զինվորների ձեռքսեղմումներով, ռազմական տեխնիկայի ուղեկցությամբ ագրեսիվ եւ ռազմատենչ պատկերներով նամականիշներ։

Այստեղ այնքան ուշագրավ չէ բուն նամականիշների թողարկման փաստը, այլ այն, թե ինչ նպատակներ է հետապնդվում եւ ինչ ազդեցություն է այն ունենում միջազգային հանրության վրա։ Հանուն ճշմարտության պետք է ասել, որ Ադրբեջան պետությունը բավական թիրախավորված եւ գրագետ է իրականացնում իր քարոզչությունը՝ մասնավորապես փոստային նամականիշների, բացիկների եւ ծրարների միջոցով։ Տասնյակ հազարավոր նոր թողարկված ֆիլատելիստական նմուշները պետական մակարդակով անվճար բաժանվում են տարբեր երկրների պառլամենտների, կառավարությունների անդամների։ Դրանք նվիրվում են բազմաթիվ միջազգային կազմակերպությունների եւ պետական գործիչների՝ պաշտոնական եւ աշխատանքային հանդիպումների ժամանակ։ Ակնհայտ է, որ նման գործելաոճը շատ մեծ ազդեցություն է ունենում միջազգային հանրության տարբեր շերտերի վրա, քանի որ բազմաթիվ մարդիկ այլ ազգերի, պետությունների պատմության, մշակույթի եւ ինքնության մասին ծանոթանում են տվյալ երկրի թողարկած փոստային նամականիշների միջոցով։ Ի՞նչ ենք անում մենք։ Վերջին 30 տարվա ընթացքում բազմաթիվ նամականիշներ են թողարկվել Հայփոստի կողմից՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը, հայ ժողովրդի պատմությանը եւ մշակույթին։ Ժամանակին պետական այրերը պաշտոնական արարողակարգերի ժամանակ այլ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների նվիրում էին հայկական նամականիշների հավաքածուներ։ Սակայն տեւական ժամանակ է, որ դա չի իրականացվում։ Էլ չեմ խոսում տարբեր միջազգային կառույցներին նամականիշների հավաքածուներ կամ բուկլետներ ուղարկելու մասին։ Մեր նամականիշները բավական թանկ են եւ մատչելի չեն շատ ծնողների համար, որոնք, ինչպես խորհրդային տարիներին, իրենց երեխաների համար ուզում են գնել եւ նվիրել այդ գեղեցիկ, ինտելեկտուալ առումով բացառիկ նշանակություն ունեցող գեղաթերթիկները։ Ժամանակն է լուրջ հետեւություններ անելու։

 

Հովիկ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ «Ֆիլատելիստների հայկական ասոցիացիա»-ի նախագահ

«Առավոտ» օրաթերթ 21.01.2021