Մերօրյա հերոսներ․ Ժորժ Արսենի Գևորգյան

Մերօրյա հերոսներ․ Ժորժ Արսենի Գևորգյան

Ժամկետային զինծառայող Ժորժ Արսենի Գևորգյանը ևս դասվեց այն հերոսների շարքին, ովքեր հավերժացան՝ իրենց կյանքը նվիրելով հայրենիքի պաշտպանությանը։ Ժորժը ընտանիքի միակ որդին էր։ Ծնվել է 2000 թվականին՝ Քաջարան քաղաքում։ Հայրը՝ Արսեն Գևորգյանը, որդուն բնութագրելիս առաջինը շեշտեց նրա ազնվությունը, հայրենասիրությունն ու խելացիությունը, ինչպես նաև շրջապատում սիրված լինելը։

– Ժորժը շատ էր սիրում կարդալ, երբեմն այնպիսի գրքեր էր կարդում, որ ես էլ էի զարմանում։ Կատակով ասում էի, թե այդ գրքերից ես նույնիսկ բան չեմ հասկանում, դու ո՞նց պիտի հասկանաս։ Բայց երբ նայում էի աչքերին տեսնում էի, որ հասկանում է, – պատմում է Ժորժի հայրը։

2018թ․-ին ընդունվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետ, սակայն ցանկացել է ուսումը շարունակել հայրենիքին ծառայելուց հետո։  2019թ․ հունվարի 13-ին զորակոչվել է բանակ։ Նախ ծառայել է Գյումրու 11-րդ հակատանկային գնդում, ապա 6 ամիս անց, հունիսի վերջին տեղափոխվել է ԱՀ Հադրութի շրջանի 34401 համարի գունդ։ Ծառայության ընթացքում ստացել է ավագ սերժանտի կոչում, ապա նշանակվել դասակի հրամանատար։ Ծառայել է որպես ֆագոտի օպերատոր։ Պատերազմի առաջին իսկ օրից Ժորժը եղել է Հադրութում։ Ամուր կամքով վարել է թեժ մարտեր նաև Ճարտար գյուղում։ Ժորժը Հադրութի ուղղությամբ խոցել է 9 տանկ՝ ամուր պահելով իրեն վստահված հատվածը։ Նա անձնվիրաբար կատարել է իր պարտքը հայրենիքի նկատմամբ և հերոսացել հանուն հայրենիքի։ Նա և բոլոր հերոսացած զինվորները, սեփական կյանքը դրեցին զոհասեղանին՝ հանուն հայրենիքի սահմանների ամրության ու խրամատից այն կողմ իրենց համար աղոթողների ու իրենց վերդարձին սպասողների անվտանգության: Նրանք իրենց երիտասարդ կյանքը ստորադասեցին բարձրագույն արժեքին՝ հայրենիքին:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը իր  ցավակցությունն է հայտնում հերոսի հարազատներին։

Փառք անմահացածներին, փառք մեր հերոսներին, խնկարկում ու խոնարհում բոլորի շիրիմներին։