Բարեփոխումները, որոնք նախաձեռնել ենք, դժվար կլինի իրականացնել առանց գիտական մտքի աջակցության

Բարեփոխումները, որոնք նախաձեռնել ենք, դժվար կլինի իրականացնել առանց գիտական մտքի աջակցության

Սեպտեմբերի 15-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը շնորհակալագրեր հանձնեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի, Ընդերքաբանության և շրջակա միջավայրի պահպանության ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր, աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Հենրիկի Հովհաննիսյանին, ամբիոնի դոցենտներ, տ.գ.թ. Արամ Թորգոմի Բաղդասարյանին, Լիանա Ալբերտի Հայրապետյանին, Իննա Սերգեյի Ավանեսովային, Լիլիթ Սամվելի Հակոբյանին և հայցորդ Ռոզա Լևոնի Աթոյանին՝ ի արժևորումն նրանց նախարարությանն աջակցելու և պինդ օգտակար հանածոների հանքավայրերի, ստորերկրյա ջրերի շահագործելի և կանխատեսումային պաշարների, ռեսուրսների դասակարգման կիրառման հրահանգների, մեթոդական ցուցումների մշակման գործընթացներում համագործակցելու համար։

«Շատ եմ կարևորում մեր գերատեսչության և ակադեմիական ոլորտի մեր գործընկերների համագործակցությունը։ Այն բարեփոխումների շղթան, որը նախաձեռնել ենք լեռնամետալուրգիայի, հանքարդյունաբերության ոլորտում, դժվար կլինի իրականացնել առանց գիտական մտքի աջակցության»,-իր խոսքում նշեց Ս․ Պապիկյանը՝ հավելելով, որ նախարարությունը վերջին մեկ տարվա ընթացքում մեծ ջանքեր գործադրեց այդ կապը վերագտնելու համար։

Ոլորտը համակարգող փոխնախարար Լիլիա Շուշանյանն էլ իր հերթին հույս հայտնեց, որ համագործակցությունը շարունակական կլինի, նշելով, որ թեպետ այսօրվա շնորհակալագրերը միգուցե փոքր քայլ է կատարված և կատարվելիք հսկայական աշխատանքի դիմաց, բայց այս ճանապարհով նախարարությունը ցանկանում է իր շնորհակալությունը հայտնել աշխատանքային խմբին՝ այս կարևոր գործընթացներում աջակցելու համար։

Հանդիպմանը քննարկվեց նաև համագործակցության ձևաչափի, ինչպես նաև նախարարությունը երիտասարդ մասնագետներով համալրելուն վերաբերող հարցեր։